Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌՈՒՍԱՍՏԱՆ

 

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը անհանգստացած է Ռուսաստանի հետ Չինաստանի հարաբերությունների խորացմամբ:

Չինաստանի ԱԳՆ-ն էլ ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանին ռազմական օգնության մասին ապատեղեկատվություն տարածելը։ «Մարտի դաշտում զենքեր անդադար մատակարարում է ոչ թե Չինաստանը, այլ Միացյալ Նահանգները: ԱՄՆ-ն իրավունք չունի Չինաստանին հրամաններ եւ կարգադրություններ անել, մենք նաեւ երբեք չենք ընդունի ցուցումներ կամ նույնիսկ սպառնալիքներ եւ  ճնշումներ ԱՄՆ-ից ռուս-չինական հարաբերությունների վերաբերյալ։ Չինաստանի քաղաքականությունն ուկրաինական հարցում հանգում է մեկ արտահայտության՝ նպաստել հաշտեցմանը եւ բանակցությունների անցկացմանը»,- ասված է հայտարարությունում:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Կիեւ, հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Բայդենը Ուկրաինային խոստացել է 500 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ՝ Ռուսաստանի դեմ պատերազմելու համար:

Մինչ այդ, Բայդենը հայտնել է նաև նոր պատժամիջոցների մասին Ռուսաստանից հատուկ ռազմական գործողության հետ կապված ֆիզիկական անձանց եւ ընկերությունների դեմ:

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն «անվտանգության երաշխիքներ» է ստացել Ուկրաինա մեկնելուց առաջ։ Մոսկվային տեղեկացրել են այցի մասին՝ անցանկալի միջադեպերը բացառելու նպատակով:

Եվրահանձնաժողովը շահարկում է անվանել ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշի հոդվածն այն մասին, թե ռուսական «Հյուսիսային հոսք-1» եւ «Հյուսիսային հոսք-2» գազամուղների պայթյուններն իբր կազմակերպել է ԱՄՆ-ը՝ Նորվեգիայի աջակցությամբ: ԱՄՆ-ը նույնպես հերքել է կապը դիվերսիայի հետ։

Իսկ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի հայտ է ներկայացրել՝ «Հյուսիսային հոսք-1» եւ «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարերի խափանման վերաբերյալ նոր տվյալներ ստանալուց հետո։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Մյունխենի անվտանգության համաժողովում ասել է, որ Ուկրաինային Ռուսաստանի դեմ հակամարտությունում աջակցելը ոչ միայն բարոյապես ճիշտ արարք է, այլև բխում է իրենց անվտանգության շահերից:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց. «Ոչ բոլորն են աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների եւ Ուկրաինային զենք մատակարարելու գաղափարին»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն. «Առանց Ռուսաստանի հետ երկխոսության Եվրոպայում խաղաղությունն անհնար է»։

Հնդկական օվկիանոսում մեկնարկել են Ռուսաստանի, Չինաստանի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության երկրորդ համատեղ ռազմածովային զորավարժությունները։ Մինչև փետրվարի 27-ը կողմերը հղկելու են ծովային համակարգերի փոխգործակցությունը առավելապես ծովահենության դեմ պայքարի եւ տարերային աղետներին արձագանքման շրջանակում։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել է երկրի արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգի մանրամասները: Այն ենթադրում է Արեւմուտքի մենաշնորհի դադարեցում, շահերի արդար հավասարակշռության սկզբունքի կիրառում:

Շվեյցարիայի կառավարությունը հակասահմանադրական է ճանաչել ռուսական մասնավոր ակտիվների բռնագրավումը: Շվեյցարիայի բանկերը նույնպես դեմ են ակտիվների բռնագրավմանը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգ. «Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է նախապատրաստվի Ռուսաստանի հետ երկարատեւ հակամարտության»:

ՌԴ Պետդուման ընդունել է Եվրոպայի Խորհրդի պայմանագրերի գործողության դադարեցման մասին օրինագիծը: Ռուսաստանի անդամակցությունը Եվրոպայի Խորհրդին դադարեցվել է 2022 թվականին։

 

ԻՐԱՆ

 

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ կառաջարկի ուկրաինական հակամարտության մեջ ներգրավված իրանական կազմակերպությունների դեմ։ Արեւմուտքը մեղադրում է Իրանին Ռուսաստանին անօդաչուներ փոխանցելու մեջ, որոնք իբր օգտագործվում են Ուկրաինայում ռազմական հակամարտության ժամանակ։ Իրանը հերքում է բոլոր մեղադրանքները։

Մյունխենի անվտանգության համաժողովին այս տարի չեն հրավիրվել Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները: Իրանցի պաշտոնյաները կարծում են, որ կազմակերպիչները նման գործողություններով լուրջ հարված են հասցնում համաժողովի հեղինակությանը։ Իրանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարի խոսքով՝ համաժողովը, որը կազմակերպվում է հանուն խաղաղության, պետք է միջազգային հանրության բոլոր անդամներին համաշխարհային անվտանգության եւ գլոբալ աշխարհակարգի հետ կապված մարտահրավերների վերաբերյալ իրենց կարծիքը հայտնելու հավասար հնարավորություն, ինչպես նաեւ կայունությունն ու անվտանգությունն ապահովող մեխանիզմներ տրամադրի։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները եկել են այն եզրակացության, որ Իրանին հաջողվել է հասնել ուրանի մինչեւ 84 տոկոս հարստացման։ Իրանցի պատասխանատուները հերքել են այդ լուրը՝ տեսուչներին մեղադրելով նույնիսկ տեխնիկական ոչ ճիշտ տվյալներ լրատվամիջոցներին հաղորդելու մեջ:

Իրանը նոր մասնավոր ավիաընկերություն է գործարկել՝ հակառակ ԱՄՆ պատժամիջոցների: Ավիաընկերությունը կօգտագործի երկու Airbus A310 ինքնաթիռներ միջազգային ուղղություններով թռիչքներ իրականացնելու համար: Երկու Aerospace-146 ինքնաթիռներն էլ կսպասարկեն կարճ հեռավորությունների ներքին թռիչքները: Իրանական ավիացիոն արդյունաբերության դեմ ԱՄՆ-ի մի շարք պատժամիջոցների համաձայն՝ իրանական ավիաընկերություններին արգելվել է գնել նոր ինքնաթիռներ կամ ինքնաթիռներ վերանորոգելու համար անհրաժեշտ մասեր:

Իրանի ԱԳՆ դատապարտել է Դամասկոսի վրա իսրայելական հարձակումը՝ ամոթալի անվանելով Իսրայելի կողմից Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտման հարցում արեւմտյան երկրների լռությունը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գնահատմամբ՝ Իրանը պատասխանատու է Արաբական ծովում անցյալ շաբաթ իսրայելական լցանավի վրա իրականացված հարձակման համար։

Իրանը հաջորդ տարի կներկայացնի Ghaher-313 կործանիչի անօդաչու տարբերակը։ Ghaher-313-ը բազմաֆունկցիոնալ մարտական ինքնաթիռի հնարավորություններ ունի:

ԱՄՆ-ը եւ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ պետությունները պայմանավորվել են ընդլայնել պաշտպանական համագործակցությունը եւ օպերատիվ համակարգումը՝ Իրանի ապակայունացնող գործունեությունը զսպելու համար:

Չինաստան իրանական պատվիրակության այցի ընթացքում կողմերը փոխըմբռնման 20 հուշագրերից բացի նաև արդյունաբերության, բնական ռեսուրսների ու առեւտրի ոլորտում 19 պայմանագիր ու համաձայնագիր են կնքել՝ 3,5 միլիարդ դոլարի։ Կողմերը պայմանավորվել են նաեւ տեխնոլոգիաների փոխանցման, Իրանում իրանական եւ չինական փոքր եւ միջին ձեռնարկությունների համար համատեղ արդյունաբերական գոտու ստեղծման շուրջ։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Չինաստանը համարում է հուսալի առեւտրային գործընկեր եւ կարծում է, որ երկու երկրների համագործակցության ներուժը կարող է օգտագործվել Իրանի զարգացման համար։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, թե Իրանն Ուկրաինայի և Իսրայելի ընդհանուր թշնամին է, քանի որ Ռուսաստանն իրանական զենքն օգտագործում է ուկրաինացի ժողովրդի դեմ։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Կոհենի հետ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են շարունակել միջազգային ասպարեզում համագործակցությունն Իրանի դեմ պայքարելու նպատակով։

ԱՄՆ հետախուզության զեկույցի համաձայն՝ Իրանը էժան և արդյունավետ անօդաչու թռչող սարքերի արտադրության համաշխարհային առաջատարն է։

 

ԹՈՒՐՔԻԱ

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենի հետ մամուլի ասուլիսում ասել է, որ Անկարան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Միաժամանակ նա խոստացել է, որ Անկարան թույլ չի տա Թուրքիայի միջոցով շրջանցել պատժամիջոցները։

Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ը կվերադարձնի F-35 կործանիչների գնման համար հատկացված 1,4 միլիարդ դոլարը: Ռուսական Ս-400 համակարգերի գնումից հետո ԱՄՆ-ը Թուրքիային հանել է F-35-երի արտադրության ծրագրից։

16 տարվա մեջ առաջին անգամ իսրայելական ավիաընկերության ինքնաթիռը թռիչք է կատարել Թուրքիա: Երկու երկրների միջեւ ուղիղ չվերթները դադարեցվել էին 2007 թվականի վերջին՝ երկու երկրների միջեւ լարվածության պատճառով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերը համարել է վերջին հարյուրամյակի ամենասարսափելի աղետ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Յենս Սթոլթենբերգը Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է՝ ժամանակն է վավերացնելու եւ՛ Ֆինլանդիայի, եւ՛ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը:

Միևնույն ժամանակ, Սթոլթենբերգը նշել է, որ լիովին ընդունում է անվտանգության վերաբերյալ Թուրքիայի հիմնավորված մտահոգությունները։

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #07 (1472) 22.02.2023 - 28.02.2023, Տարածաշրջան


24/02/2023