Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾ. ՍԱՐԻՆՇԵՆ



ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾ. ՍԱՐԻՆՇԵՆՀադրութի շրջանի գեղատեսիլ Սարինշեն գյուղը Ծամձոր համայնքում է, շրջկենտրոնից 6 կմ հարավ-արևմուտք։ Գյուղը  Արցախի լեռնաշղթայի արևելյան Դիզափայտի լեռների բլրապատ մասում է, Ջիլանի սարի  հարթավայրում, Քարագլուխ-Ձորագյուղի հարևանությամբ։ Այն ի սկզբանե կոչվել է Շաղախ, որն իր անունն ստացել է հռչակավոր Շաղախ կամ Շախկախ վանական համալիրից։ 1995 թվականին գյուղն անվանակոչել են Սարինշեն։

Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը մի հետաքրքիր ավանդապատում է գրի առել՝ կապված գյուղի Շաղախ անվան հետ։ «Սուրբ Շաղախն նահատակուելու ժամանակ փախչում է, բայց փախչելիս անօրէններն կտրում են մի ձեռն, որ մնում է այս տեղ, յետոյ կտուած ձեռնին վերայ շինում են մատուռ։ Բայց որովհետև արնաշաղախ է լինում նահատակուելիս, այդ պատճառաւ կոչում է Շաղախ-շաղախուած արիւնով»։

Ադրբեջանական օմօն-ը ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի հետ 1991 թ. հայաթափում են Հադրութի 14 գյուղերը։ 1989 թվականից Հադրութի շրջանում գործող կամավորական խմբերն ստիպված այդ օրերին դուրս են գալիս ընդհատակից, մի քանի օրում վերակազմավորվում են և համագործակցելով Ստեփանակերտից ու Մարտունիից ժամանած ջոկատների հետ՝ փորձում են կասեցնել օմօն-ի վայրագությունները։ Եվ հենց այդ օրերին էլ սկսվում է Հադրութի կազմակերպված պաշտպանությունը։ Մեկը մյուսի հետևից սկսվում է գյուղերի ազատագրումը, և սկիզբ է դրվում Հադրութի պաշտպանական շրջանի փառահեղ հաղթանակներին։ 1991 թվականի նոյեմբերի 19-ին ազատագրվում են Սարինշեն գյուղն ու Հադրութի հեռուստաաշտարակը։ Սարինշենի ազատագրումը ղեկավարում  է երջանկահիշատակ Արկադի Տեր-Թադևոսյանը (ԿՈՄԱՆԴՈՍ)։ Հետագայում նա խոստովանում է, որ Սարինշենի ազատագրումը ռազմագիտական առումով Շուշիից ավելի դժվար գործողություն էր։

Սարինշենի ազատագրման գործողություններին բացառիկ ավանդ է ներդրել Հատուկ նշանակության գնդի մարտիկ, հետախույզ Անդրանիկ Սարիբեկյանը։ Նա իր հրանոթով, կրակի տարափի տակ, ոչնչացրել է հեռուստաաշտարակի բարձունքում կուտակված թշնամու զորախմբերը և նրանց կարևորագույն դիրքերը։ Նրա փայլուն հարվածներից հետո ադրբեջանցիները ուղղաթիռով եկել են Սարինշեն՝ խաղաղություն աղերսելու։

ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾ. ՍԱՐԻՆՇԵՆՍարինշեն, Ծամձոր և Ցոր գյուղերի ազատագրման ռազմագործողությունների ժամանակ իր քաջությամբ առանձնանում է  Աշոտ Ղուլյանը (ԲԵԿՈՐ), որ հետագայում արժանանում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։ Նա այս գյուղերի համար մղվող մարտերի ժամանակ վիրավորվում է։ Վիրավորներին օգնություն ցուցաբերելիս բժիշկը ցանկանում է վիրակապել նաև Աշոտ Ղուլյանի վերքը։ Անվախ հերոսը, որ պատրաստվում էր մեկնել Մարտակերտի շրջանի Չայլու գյուղ՝ մասնակցելու զոհված ընկերոջ  հուղարկավորությանը, բժշկին ասում է, որ ընդամենը թեթև քերծվածք է, և չարժե առհասարակ ուշադրություն դարձնել։ Սակայն երկու օր անց տեսնելով, որ վերքի ցավը տեղի չի տալիս, Աշոտն ինքն է գալիս բժշկի մոտ ստուգման։ Պարզվում է՝ գնդակը ծակել էր թոքը, վնասել կողոսկրերն ու լյարդը։ Բժիշկը զարմացել էր՝ նման վիճակով Բեկորն ինչպես էր հաղթահարել ցավը, ճանապարհ կտրել ու հասել հոսպիտալ։

Սարինշեն գյուղում և հարակից տարածքներում պահպանվել են բազմաթիվ պատմամշակութային կոթողներ՝ XIX դ. Սուրբ Աստվածածին եկեղեցին, XVII դ. Շախկախ եկեղեցին, Սարի բերդը, Շաղախ գյուղատեղիի մնացորդները, Շախկախ սրբատեղին, մատուռներ, խաչքարեր, բազմաթիվ հին տապանաքարեր։

Սարինշեն գյուղի և Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաբերյալ մեզ կրկին հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում  Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը։ «Շաղախ գիւղ-Սարի շէ. հիմնուած է Քարագլուխ գիւղի սարի վերայ. հողն արքունի, տեղական բարքերն նոյն (ոչխար, հաճար, գարնանի, կտաւհատ, կորեկ) գերազանց օդն, կլիման և ջուրն, երկար կեանք՝ 115 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, քահանան գալիս է Ծամձորից։ Ծուխ՝ 70, արակ.՝ 275, իգ.՝ 230»։ (Բարխուդարեանց, 1895, 64):

Սուրբ Աստվածածին եկեղեցին Սարինշեն գյուղի բարձրադիր հյուսիսային եզրին է։ Ըստ եկեղեցու հյուսիսային ավանդատան և խորանի միջանկյալ հատվածում ագուցված խաչաքանդակ քարի վրա փորագրված արձանագրության՝ կառուցվել է 1867 թվականին, սակայն պատերին առկա 16-17-րդ դարերի խաչքարերն ու պատկերաքանդակները փաստում են, որ եկեղեցին կառուցվել է ավելի հին սրբավայրի տեղում։

ԿՈՐՍՎԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՄՈՌԱՑՎԱԾ. ՍԱՐԻՆՇԵՆՇախկախի վանքը գտնվում է Սարինշեն գյուղի Խնձորուտ կոչվող տեղամասում։ Ըստ եկեղեցու բարավորի վրա պահպանված արձանագրության՝ այն կառուցվել է 1865 թվականին:

Վանքի նշանավոր հուշարձաններից մեկը որմնափակ Խաչակալ կոթողն է, որ գտնվում է եկեղեցու հյուսիսային մասում։ Այդ շինության արևելյան ճակատային կողմում սրբատաշ քարից կերտված, գեղեցիկ շրջանակներով որմնախորշում կանգնեցված մի խաչքար կա, որ թվագրվում է 1330 թ.։ Եկեղեցու շուրջը փռված է հին ու նոր գերեզմանատունը։

Այն ազգերը, որոնք չունեն մշակույթ և քաղաքակրթությունից հեռու են, ունեն խանդ ու ատելություն մշակութային մեծ ճանապարհ ու ժառանգություն ունեցող ազգերի հանդեպ։ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է, և այդ պետությունը չի կարող լինել մշակութային և հոգևոր-կրոնական հուշարձանների պատշաճ պահպանության երաշխավորը։

Ադրբեջանական վանդալիզմի և հուշարձաների թիրախավորման դեպքերը մտահոգել են մշակութային ժառանգությամբ զբաղվող միջազգային կառույցներին։ Հրատապ միջամտությամբ և հայկական կոթողների պաշտպանությամբ հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Հուշարձանների համաշխարհային հիմնադրամը, Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը (ԻԿՕՄՕՍ), Մետրոպոլիտան թանգարանը։ Այս բոլոր կառույցները պատրաստակամություն են հայտնել աջակցել և առաքելություն ուղարկել Արցախ՝ պատմամշակութային և կրոնական ժառանգությանը ծանոթանալու և պահպանման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը նախանշելու նպատակով։ Սակայն պաշտոնական Բաքուն արգելել է հիշյալ կազմակերպությունների մուտքը տարածաշրջան։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Սարինշեն գյուղի և նրա շրջակայքի պատմամշակութային հուշարձանների մասին որևէ տեղեկություն չկա։

 

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #07 (1472) 22.02.2023 - 28.02.2023, Հոգևոր-մշակութային


24/02/2023