Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ



ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՓետրվարի 28-ին ԶՈւ բանակային N զորամիավորումում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ «Զինվորական կարգապահության առկա խնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը և բարելավման ուղիները» թեմայով:

Հավաքին մասնակցել են կայազորի ենթակա զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները, ստորաբաժանումների հոգևոր սպասավորները, մարզի իրավապահ համակարգի ներկայացուցիչները:

Զորամիավորման հրամանատարն իր զեկույցում ներկայացրել է ենթակայությամբ գործող զորամասերում արձանագրված կարգապահության խախտումների վիճակագրությունը, բացահայտված դեպքերը, որոնց վերլուծությունը թույլ կտա արատավոր երևույթների դեմ պայքարի նոր լուծումներ գտնել:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորելով խորհրդակցության թեման, ընդգծել է, որ ոչ կանոնադրային հարաբերությունների և արատավոր բարքերի դեմ պայքարը զինված ուժերում անհրաժեշտ է ուժեղացնել, բացառել դրանց կրկնությունները: Սուրեն Պապիկյանը նշել է, որ արձանագրված մտահոգիչ դեպքերի դեմ համալիր գործիքակազմով պայքարի կարևորագույն քայլը դեպքերի իրական պատճառները հայտնաբերելն ու կանխարգելիչ որոշումներ ընդունելն է:

Հավաք-խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես են եկել նաև զորամիավորման ղեկավար կազմի սպաները՝ ներկայացնելով մարտական, ոչ մարտական կորուստների, պատահարների մանրամասներն ըստ իրականացված վերլուծության:

Պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության կայազորային ստորաբաժանման հրամկազմին տվել է ցուցումներ՝ զորամասերում, մարտական դիրքերում արձանագրված յուրաքանչյուր դեպքի առնչությամբ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել և ուժեղացնել հսկողությունը ոչ միայն կարգապահության առանձին դրվագները, այլև սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսների առկայությունը զինծառայողների շրջանում բացառելու համար: Նախարար Պապիկյանը նշեց, որ այս ուղղությամբ առաջիկայում կիրականացվեն կտրուկ քայլեր:

Խորագիր՝ Նորություններ


28/02/2023