ԴԱՍԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՔՈՒՅՐԵՐԸ
Քույրեր Ռիման ու Լիդան դասակի հրամանատարներ են, որոնց համար զինվորական ծառայությունը վաղուց արդեն կենսակերպ է, հայրենիքի պաշտպան լինելը՝ սրբազան առաքելություն։ Նրանք մյուս քրոջ ու մայրիկի հետ տասնհինգ տարի ապրել ու կրթություն են ստացել արտերկրում։
-Մեր սիրասուն մայրիկի շնորհիվ ոչ մի օր հայոց պատմությունից կտրված չենք եղել։ Հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու լինելով՝ մտքով ու հոգով միշտ նրա հետ ենք եղել,- անկեղծանում են քույրերը:
Ծառայություն սահմանային զորամասերից ու բարձրադիր մարտական հենակետերից մինչև խաղաղապահ բրիգադ։ Զինվորական քույրերի մարտական ուղին ամբողջացնում է մասնակցությունը 44-օրյա պատերազմին։
Հայրենիքի պաշտպան դառնալու ընտրությունն աներկբա է։ Ու ոչ մի դժվարություն դա փոխել չի կարող: Ծառայում են տղամարդկանց հետ, առաջնորդվում զինվորական կարգացուցակով, ենթակա անձնակազմին առաջադրում խնդիրներ ու խստապահանջությամբ հետևում դրանց կատարմանը։
-Սիրում եմ հաղթահարել դժվարություններ, մարտական խնդիր կատարել,- ասում է Ռիման:
-Ընտրել ենք այս ճանապարհն ու գնալու ենք մինչև վերջ,- քրոջ խոսքն է շարունակում Լիդան:
Հայրենիքը սիրելն ու պաշտպանելը չգրված օրենք է Իսրայելյանների ընտանիքի բոլոր անդամների համար։ Լեյտենանտ հայուհիների մասնագիտությամբ բժիշկ կրտսեր քույրը՝ Սոֆին, 44-օրյա պատերազմի ժամանակ առանց երկմտելու կամավորագրվել և մեկնել է Արցախ։
Երեք քույրերի մայրը՝ տիկին Մարիետան, 44-օրյա պատերազմի ժամանակ, իր բառերով ասած, ձեռքերը ծալած չի նստել։
-Այն, ինչ ուղղակի կամ անուղղակի առնչվում է հայրենիքին, սահմանին ու զինվորին, ինձ համար անփոխարինելի ու թանկ արժեք է։ Եվ անկախ սեռից բոլորը պետք է պատրաստ լինեն պաշտպանելու այդ արժեքները,- առարկություն չընդունող տոնով ասում է տիկին Մարիետան:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Խորագիր՝ #08 (1473) 01.03.2023 - 07.03.2023, Ազգային բանակ