Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ «ԵՍ ՔՈ ԶԻՆՎՈՐՆ ԵՄ, ՀԱՅՐԵՆԻ՛Ք» ԹԵՄԱՅՈՎ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ



ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ «ԵՍ ՔՈ ԶԻՆՎՈՐՆ ԵՄ, ՀԱՅՐԵՆԻ՛Ք» ԹԵՄԱՅՈՎ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ միասին կազմակերպվել է «Ես քո զինվորն եմ, հայրենի՛ք» թեմայով ստեղծագործական շարադրությունների համաբանակային և համադպրոցական օլիմպիադա:

Երկու անվանակարգերում մրցանակային տեղեր են զբաղեցրել 6 ժամկետային զինծառայող և 6 աշակերտ:

Փետրվարի 24-ին պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը:

Զինվորները պարգևատրվել են ՊՆ պատվոգրերով, ձեռքի ժամացույցներով, հատկացվել է նաև 7-օրյա լրացուցիչ արձակուրդ:

Արժեքավոր նվերներ են ստացել նաև աշակերտները:

Ստորև տպագրում ենք 1-ին մրցանակների արժանացած ժամկետային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Դավիթ Մեսրոպյանի և շարքային Հրանտ Գրիգորյանի շարադրությունները:

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ «ԵՍ ՔՈ ԶԻՆՎՈՐՆ ԵՄ, ՀԱՅՐԵՆԻ՛Ք» ԹԵՄԱՅՈՎ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸԲացիր աչքերդ: Լսո՞ւմ ես հարազատներիդ ձայները: Դուրս արի և նայիր երկնքին: Զգո՞ւմ ես այդ խորհրդավոր հանգստությունը: Լսիր բնության մեղեդին և Մորդ նուրբ ձայնը. ի՛նչ գեղեցիկ է այդ ներդաշնակությունը:

Այս ամենն իմ սրտում է: Ես պահում եմ այս հիշողությունը հոգուս խորքում, ներսիս ամենալուսավոր սենյակում:

Ես այն ատլանտներից մեկն եմ, ով պահում է իր արժեքները բարձր, իր գլխավերևում: Պահում է՝ հաշվի չառնելով բոլոր այն դժվարությունները և փորձությունները, որոնք կախվում են նրա ձեռքերից և ոտքերից և ուզում են քաշել դեպը խոր անդունդ: Պահում է սերը, երջանկությունը, մանուկների ծիծաղն ու ծերերի իմաստավոր լռությունը, պահում է կյանքը և խաղաղությունը: Իսկ ինչպե՞ս է պահում: Պահում է հպարտ, պատվով և արժանապատվությամբ, գլուխը միշտ բարձր, կուրծքը միշտ առաջ, խրոխտ հայացքով, պարտքի մեծ զգացումով, պահում է հրով և սրով, հարկ եղած դեպքում էլ իր կյանքի գնով:

Ո՞վ է այդ ատլանտը: Հազարամյա մի հսկա՝ դյուցազնական ուժով և դիցաբանական ծագումո՞վ: Ո՛չ: Նա ուղղակի մի զինվոր է՝ բարի, հանգիստ և կյանքով լեցուն, բազում նպատակներով ու երազանքներով լի: Նրա երազանքները սավառնում են երկնքում, երազում են հասնել տուն, գրկել ծնողներին, համբուրել սիրած աղջկան, ապրել կյանքի ամեն մի վայրկյանը, զգալ երջանկությունն ու հավերժությունը:

Բայց իրականության սառը քամին հետ է բերում երազանքները, իսկ պարտքի զգացումը կողպեքով փակում է դրանք հոգու ամենախորքում, որի բանալին ունի միայն ժամանակը:

Նա նորից ոտքի է կանգնում, վերցնում զենքը և զգոնությամբ նայում դեպի հեռավոր դաշտերն ու լեռները: Նրան պարտքն է կանչում ու պատասխանատվությունը՝ պաշտպանելու այն հողն ու ջուրը, քամին ու ծառերը, որտեղ սավառնում են նրա երազանքները:

Պաշտպանելու այն, ինչը նրա համար թանկ է: Պաշտպանելու բոլոր այն ժպիտները, որ երջանկացրել են նրան գոնե մեկ վայրկյանով, բոլոր այն խոսքերը, որ ջերմացրել են նրան, երբ ցուրտ էր ներքուստ, և բոլոր այն հույսերը, որ հանդարտեցրել են նրան, երբ այրվում էր ներսից: Պաշտպանելու այն մարդկանց, որ ստիպել են ապրել, երբ մեռնել էր ուզում, որ օգնել են ճախրել, երբ ընկնել էր ուզում, որ բացել են աչքերը, երբ քնել էր ուզում, սովորեցրել են սիրել, երբ ատել էր ուզում: Պաշտպանում է գարուններն ու աշունները, ամառներն ու ձմեռները, որ գալու են և կյանքով են լցնելու հազարավոր հոգիներ: Պաշտպանում է այն ամենը, այն մոտիկն ու հարազատը, այն վեհը, հզորն ու ազատը, որ կոչվում է ՀԱՅՐԵՆԻՔ: Քանզի քո՛նն եմ, քո պաշտպա՛նն եմ, քո մարտիկն ու քո զինվո՛րն եմ ՀԱՅԱՍՏԱՆ-ՀԱՅՐԵՆԻՔ:

ԴԱՎԻԹ ՄԵՍՐՈՊՅԱՆ

կրտսեր սերժանտ

 

***

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ «ԵՍ ՔՈ ԶԻՆՎՈՐՆ ԵՄ, ՀԱՅՐԵՆԻ՛Ք» ԹԵՄԱՅՈՎ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸԵս քո զինվորն եմ, իմ Հայրենիք: Զինվորդ ոչ միայն այս երկու տարում, որ ծառայում եմ քեզ, իմ ժողովրդին, այլ քո զինվորն եմ իմ ողջ կյանքում:

Սիրում եմ քեզ, ի՛մ Հայրենիք, իմ երկիր Հայաստան, դու իմ սրտում ես, իմ կյանքում, իմ ընտանիքում և իմ մոր աչքերում…

Ես քո զինվորն եմ, որովհետև այդպես ծնվել եմ, դաստիարակվել որպես հայ ու հայրենասեր զավակ:

Հպարտ եմ, որ հայ եմ, տաղանդաշատ և արարող ժողովրդի զավակ:

Անսահման երջանիկ եմ, որ դարձել եմ հողիս պաշտպանն ու զինվորը: Դժվարին պահերին զենք ենք վերցրել, վճռական և հաստատուն կանգնել  թշնամու դեմ: Կանգնել ու հաղթել ենք, նորից շենացրել մեր տունն ու այգին: Թշնամու դեմ կռվելով՝ պահել ենք մեր լեզուն, մեր երկիրը, մեր ավանդույթները:

Եվ այսօր նշխարաչափ, արևաշող ու ձյունահոտ այդ երկիրը հասել է ինձ, իմ սերնդին: Ես չեմ տա իմ երկիրը ոչ ոքի: Այս ամենն իմն է, իմը…

Իմն են նորաբաց ակոսի բույրը, ոսկեհուռ հասկերի խշխշացող աղոթքը, կանաչ-կարմիր դաշտերի հասունացող տքնությունը, զմրուխտ այգիների փափուկ սոսափը, երկնաքեր, վարդագույն շենքերի քարե ճախրանքը, կամուրջների վսեմ կամարները, հնձաններից արցունք-արցունք գլորվող անապակ կաթիլների բուրմունքը, կապուտակ Սևանի լուսե խայտանքը, արծաթահեր մատյանների ազնվաշող գրերը, Բյուրականի աստղածոր երկնքի անհաշիվ աստղերը, ողջ Հայաստան աշխարհը…

Ես քո որդին եմ, իմ Հայրենիք, նվիրյալ զավակն ու քո պահապան զինվորը: Հայոց աշխարհի սահմանները մեր հերոսների արյամբ են գծվել, ու այդ սուրբ գիծը պահպանելն ու պաշտպանելը յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է:

Ես անպարտելի եմ, ես քաջ ու անվախ եմ, որովհետև իմ ուժը ստանում եմ հարազատ հողից, բարձր ու վսեմ լեռներից, սարերից իջնող սառնորակ ու քչքչան գետակներից ու դրանով իսկ անպարտելի եմ: Ինձ համար չկա առավել բարձր ու սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանությունը: Ես եմ այս ամենի տերը. ես և իմ սերնդակիցները: Մենք ենք մեր ամուր ու տաք մատների մեջ պահելու այս փոքրիկ, փխրուն ու թրթռացող կյանքը, որ կոչվում է հայրենի հող, հայրենիք, Հայաստան:

Տարբեր մարդիկ, հայրենասիրություն ասելով, տարբեր են հասկանում, այն զուտ խոսքեր չեն, որ կարող է ասել յուրաքանչյուրս, այլ գործ, որն օգուտ կբերի իմ ժողովրդին: Մեկն իր գրչով է հայրենասեր, մյուսը՝ զենքով, մեկ այլը՝ բժշկելով, մյուսն էլ՝ պահպանելով ու կերտելով մեր մշակույթը: Կարևորը սիրել և անել ամեն ինչ քո երկրի պահպանման և ազգի գոյատևման համար: Ինչպես մեծն զորավար Անդրանիկն է ասել. «Երբ իրիկունը գլուխներդ բարձին կդնեք, որ քնանաք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին»: Թե չէ, ինչի նման կլիներ, որ մեր պապերը և անցյալում հայրենիք կերտած հերոսները չլինեին հայրենասեր, նույնիսկ վախենում եմ դա մտածելուց:

Մենք ազգ ենք, ով պատմություն է կերտել դարերով, ծնել իսկական հերոսներ, տարել հաղթանակներ, կերտել մշակույթ: Այսօր մենք ևս կանգնած ենք դժվարին հարցի առաջ, և միայն միասնական ուժը կարող է հաղթանակներ ու հաջողություններ բերել, ինչպես մեծն Չարենցն է ասել. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

Ես քո զինվորն եմ, քո պաշտպանը, քո գիշերվա պահապանը, քո հանգիստ քունը, քո ուրախ ծիծաղը, քո խաղաղ երկինքը:

Փա՛ռք բոլոր մեր հերոսներին, ընկած ու հավերժացած, կանգնածներին՝ զորավիգ, ապրողներին՝ հույս, հուսալքվածին՝ ապավեն:

Ես քո զինվորն եմ, քանի ապրում եմ…

ՀՐԱՆՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

շարքային

Խորագիր՝ #08 (1473) 01.03.2023 - 07.03.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


03/03/2023