Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔՍԱՆՀԻՆԳՕՐՅԱ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐՆ ՍԿՍՎԵՑԻՆ



ՔՍԱՆՀԻՆԳՕՐՅԱ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐՆ ՍԿՍՎԵՑԻՆՀանրապետությունում մեկնարկած նոր ձևաչափով  քսանհինգօրյա վարժական հավաքներին ներգրավվել են պահեստազորի 1-ին և 2-րդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի քաղաքացիները: Հավաքները հնարավորություն կընձեռեն բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմին մասնագիտական վերապատրաստման միջոցով լեյտենանտի կոչում ստանալ:

-Վարժական հավաքներին ներգրավված զինապարտները,  անցնելով համապատասխան բուժհետազոտություններ, զորակոչային հանձնաժողովի կողմից ճանաչվել են պիտանի և արդեն մեկնել են համապատասխան զորամասեր,- նշում է  ՊՆ ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Արմեն Հարությունյանը:

Տեղում զրուցում ենք հավաքների մասնակիցների հետ:

-Մեր պարտքն է մեր երկրի, մեր հողի, մեր հայրենիքի համար մեր փոքր ներդրումն ունենալ,- ասում է մեր առաջին զրուցակիցը՝ Արմեն Սարգսյանը:

-25-օրյա վարժական հավաքների գաղափարը ողջունելի է: Այսօր, առավել քան երբևէ, ցանկացած հայ տղամարդ, եթե առողջությունը ներում է, պետք է մասնակցի այս հավաքներին, իմանա զենքի կիրառման կանոններն ու հմտությունները,- նկատում է Կարեն Ստեփանյանը:

-Այս հավաքները շատ կարևորում եմ, որ մեր երկրի սահմանները ամուր լինեն, որ մեր հայրենակիցների համար յուրաքանչյուր օր խաղաղ բացվի: Սիրով եմ մասնակցում: Բանակը հզոր է, երբ ժողովուրդը բանակի կողքին է: Մենք էլ այս հավաքներին մասնակցելով հաստատում ենք, որ կանգնած ենք բանակի կողքին,-  խոսքին ընդգծված շեշտադրում տալով ասում է վարժական հավաքների 1-ին փուլի և 44-օրյա պատերազմի մասնակից, Արզական համայնքի ՆԶՊ առարկայի ուսուցիչ Արգիշտի Հայրապետյանը:

Ինչպես Արգիշտին է նկատում,  այս քայլով ինքը նաև օրինակ է ծառայում բանակ գնալ պատրաստվող իր աշակերտների համար:

-Պետք է գանք, մասնակցենք, վարժվենք, պետք է միշտ պատրաստ լինենք: Բոլորիս պարտքն է առնվազն մեկ ամիս գործուն մասնակցություն ունենալ հայոց բանակի ամրապնդման ու հզորացման գործում: Կյանքը ցույց տվեց, որ բանակն է մեր հույսն ու ապավենը, և ինչքան ուժեղ բանակ ունենանք, այնքան պաշտպանված կլինենք,- մեր զրույցին միանում է երկու երեխայի հայր  Արա Արամյանը:

Այս վարժական հավաքներում է նաև Արմեն Վարդանյանը, որը 2021 թվականին արդեն մասնակցել է եռամսյա վարժական հավաքներին:

-Այն ժամանակ մասնակիցներից շատերը երեք ամիս աշխատանքից կտրվելով, հետագայում գործատուների հետ ինչ-ինչ խնդիրներ էին ունենում: Իսկ հիմա բոլոր գործատուները սիրով կհամաձայնեն, որ իրենց աշխատողները մասնակցեն 25-օրյա վարժական հավաքներին,- համոզված է Արմենը:

25-օրյա վարժական հավաքների մասնակիցները օգտվելու են զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին հասանելիք սոցիալական երաշխիքներից, կստանան զբաղեցրած հաստիքին համապատասխան աշխատավարձ:

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Խորագիր՝ #09 (1474) 08.03.2023 - 14.03.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


13/03/2023