ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ
Մարտի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, շրջել դիրքերում, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել անձնակազմի հետ:
Զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանության նախարարին զեկուցել են մանրամասներ սահմանագոտու իրադրության վերաբերյալ:
Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարտական պատրաստությամբ, կացարանային պայմաններով, լսել զեկույցներ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Պաշտպանության նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել հենակետերի, դիտակետերի կահավորմանը, ինժեներական և ամրաշինական աշխատանքներին: Այցի ավարտին պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դիրքապահներին՝ բարեխիղճ ծառայության, սահմանի՝ իրենց վստահված հատվածը զգոն պաշտպանելու համար:
Սուրեն Պապիկյանը հետևել է նաև առաջնագծում իրականացվող նոր ենթակառուցվածքների կառուցման լայնածավալ աշխատանքներին։