Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ՊԻՏԻ ՎԵՐԱԴԱՌՆԱՄ ՀԱՅՐԵՆԻՔ…



ԵՍ ՊԻՏԻ ՎԵՐԱԴԱՌՆԱՄ ՀԱՅՐԵՆԻՔ...Կազմակերպված է, լուրջ, ունի հումորի նուրբ  զգացողություն, վնասակար սովորություններ չունի…

Մերօրյա հերոսի մայրը՝ տիկին Գայանեն, կարդում է որդու՝ Ժորա Մարտիրոսյանի բնութագիրը։

Ժորան ծնվել է Երևանում, հինգ տարեկանից զբաղվել ըմբշամարտով, գրեթե ամբողջ ազատ ժամանակն ու եռանդը նվիրում էր սիրած մարզաձեւին, բազմաթիվ պատվոգրերի ու մեդալների է արժանացել։

Պատանի տարիքում Ժորան ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան, սակայն զորակոչվելու տարիքը լրանալուն պես նա շտապել է հայրենիք՝ իր պարտքը կատարելու:

-Մի օր, առավոտյան նախաճաշի սեղանի շուրջ, հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում մնալ Ռուսաստանում ու պիտի վերադառնա Հայաստան, գնա բանակ, ծառայի: Եվ գիտեք՝ ասում էր, որ ինքն անպայման Արցախում պետք է ծառայի: Ու այդպես էլ եղավ։ Ես, բնականաբար, անհանգստացա, բայց նա այնքան հստակ էր որոշել, որ անհնար էր ընդդիմանալ,- պատմում է տիկին Գայանեն:

2019-ի հուլիսի 11-ին Ժորա Մարտիրոսյանը զորակոչվում է։ Առաջին վեց ամիսները ծառայեց ուսումնական զորամասում, որտեղ ձեռք բերեց տանկիստի մասնագիտություն:

-Եղբորս մեջ հայրենասիրությունը մանկուց է եղել, ու անգամ տասնվեց տարեկանում այնքան կայուն էր, որ եթե մտքին մի բան դներ՝ հաստատ պիտի աներ: Ու երբ որոշեց, որ պիտի վերադառնանք հայրենիք,  ու ինքը գնա բանակ, մենք չընդդիմացանք,- պատմում է քույրը՝ Սոնան:

-Մեծատառով մարդ էր, հիանալի տղա՝ սիրտը մեծ, պարզ, անկեղծ։ Ընկերասեր էր, օգնող: Մի խոսքով, շատ լավն էր մեր Ժորան,- ընկերոջն է ներկայացնում մարտական ընկեր Ռոմիկ Խաչատրյանը:

ԵՍ ՊԻՏԻ ՎԵՐԱԴԱՌՆԱՄ ՀԱՅՐԵՆԻՔ...Ռոմիկն ու Ժորան միասին են ծառայել, սկզբում տարբեր վաշտերում, հետո արդեն տանկի նույն անձնակազմում։

-Անձնակազմ դառնալուց բացի, դարձանք մեկ ընտանիք՝ ես, մեխանիկն ու օպերատորը,- շարունակում է Ռոմիկը:

-Միշտ գոհ է եղել ծառայությունից: Մենք մի օր նրա բերանից տրտունջ չենք լսել, երբեք ոչ մի անգամ չի դժգոհել, չի ասել, որ ինչ-որ բանի կարիք ունի,- թախծոտ հայացքով որդու լուսանկարին նայելով ասում է մայրը:

2020 թվականի սեպտեմբերի 9-ին Ժորան ծառայակիցների հետ մեկնում է Աստրախան՝ «Կովկաս-2020» զորավարժություններին մասնակցելու, որտեղ գրանցում են  բարձր արդյունքներ:

Զանգեց, ասաց. «Մա՛մ, հաղթել ենք, հաղթանակներով ենք տուն գալու, լիքը անակնկալներով ենք տուն գալու…»,- հիշում է մայրը:

Սակայն Ժորան այդպես էլ չհասցրեց մորը պատմել Աստրախանում իր հաջողությունների մասին։ Ընդամենը մի քանի օր անց սկսվեց չարաբաստիկ պատերազմը, և տղաները վերադառնալով հայրենիք՝ անմիջապես ներգրավվեցին  մարտական գործողություններում:

Ժորան մարտնչել է Ջրականում, իր տանկի անձնակազմի հետ միասին հակառակորդին պատճառել կենդանի ուժի և զրահատեխնիկայի զգալի կորուստներ։ Սակայն այս ամենի մասին հարազատները նույնիսկ տեղյակ չեն եղել:

ԵՍ ՊԻՏԻ ՎԵՐԱԴԱՌՆԱՄ ՀԱՅՐԵՆԻՔ...-Զանգում էր երեկոյան ժամերին, չգիտեմ ինչու, ասում էր՝ ամեն ինչ լավ է, հանկարծ չմտածես…, այնպիսի տրամադրությամբ էր խոսում, որ ես չեմ էլ կասկածել, որ առաջնագծում է, ռազմական գործողությունների մեջ,- հիշում է քույրը:

Քսաներկու օր անընդմեջ Ժորան թեժ մարտերի մեջ է եղել Վարանդայում, Կարմիր շուկայում, հետո նաև Իշխանաձորում՝ ցուցաբերելով անկոտրում կամք, անօրինակ խիզախություն, մշտապես քաջալերելով զինակից ընկերներին:

Հոկտեմբերի 21-ի երեկոյան Ժորան զանգում է մայրիկին ու ասում. «Մա՛մ ջան, ինչ էլ լինի, հանկարծ դուխդ չգցես, հանկարծ չկոտրվես…», և անջատում է հեռախոսը։ Սա մոր ու որդու վերջին խոսակցությունն է եղել: Հոկտեմբերի քսաներկուսին մարտական առաջադրանք կատարելիս շարքային Ժորա Մարտիրոսյանն ընկնում է հերոսի մահով:

Տիկին Գայանեն ջերմությամբ փայփայում է որդու այն իրերը, որոնք վերջին օրերին նրա հետ են եղել։ Պարբերաբար նայում, շոշափում և դրանցից որդու կարոտն է առնում։

Շարքային Ժորա Մարտիրոսյանը դեռ ծառայության օրոք օրինակելի կարգապահության և  հայրենիքին անմնացորդ ծառայելու համար արժանացել էր «Մարտական ծառայության համար», իսկ հետմահու՝ «Արիության համար» մեդալների։

 

ԶԱՐՈՒՀԻ ՌՇՏՈՒՆԻ

Խորագիր՝ #10 (1475) 15.03.2023 - 21.03.2023, Ճակատագրեր


17/03/2023