Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆԳՈՒՇԵԹԻԱՅԻ ՀԱՅ ՀԵՐՈՍԸ.  ԱՐՏԱՇԵՍ ՎԱՍԻԼՅԱՆ-125



ԻՆԳՈՒՇԵԹԻԱՅԻ ՀԱՅ ՀԵՐՈՍԸ.  ԱՐՏԱՇԵՍ ՎԱՍԻԼՅԱՆ-125«Բարև, տղա՛ս: Համբուրում եմ քեզ և քո ոսկե գանգուրները: Բալի՛կ ջան, շնորհավորում եմ ծննդյանդ օրը։ Լրացավ քո 15 տարին։ Եղիր հայրենիքիդ հավատարիմ, լավ սովորիր, լսիր մամայիդ, չարություն մի անի…

Տղա՛ս, իմ մասին եղիր անհոգ, ամեն ինչ շատ հաջող է. ջախջախում ենք գերմանական զավթիչներին, որպեսզի ձեր մանկությունը երջանիկ անցնի, որպեսզի դուք կարողանաք սովորել և դառնալ լավ մարդիկ…»։

Որքա՜ն հայրենասիրություն, նվիրում, սեր, ջերմություն կա տաղանդավոր  զորահրամանատարի յուրաքանչյուր խոսքում և, որ ամենակարևորն է՝ անչափ մեծ հավատ հաղթանակի հանդեպ։

Այո՛, պատերազմ մեկնած մեր հայրերն ու պապերը հավատում էին հաղթանակին, գիտեին, որ միայն հաղթանակով կարելի է հասնել մեր ժողովրդի պանծալի ապագային։ Նրանցից մեկն էլ Իջևանի Այգեհովիտ գյուղում ծնված Արտաշես Վասիլյանն էր:

Ապրիլի 23-ը հայ ռազմական գործիչ, խորհրդային բանակի գնդապետ Արտաշես Արշակի Վասիլյանի ծննդյան օրն է՝ 125-ամյակը:

1916 թ. Վասիլյանը զորակոչվել է ցարական բանակ: 1918 թ. որպես կամավորական մտել է կարմիր բանակ: 1920 թ. մայիսին ծառայության է անցել Բաքվի 26 կոմիսարների անվան 1-ին կամավորական գնդում, եղել է գնդացրային դասակի, ապա հրաձգային վաշտի հրամանատար: 1925 թ. ավարտել է Թիֆլիսի հետևակային դպրոցը, 1929-ին՝ Մոսկվայի հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները: 1931 թ. նշանակվել է 77-րդ լեռնահրաձգային դիվիզիայի շտաբում բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ: 1934 թ. զբաղեցրել է հայկական 4-րդ լեռնահրաձգային գնդի շտաբի պետի պաշտոնը, ապա՝ հրամանատարի: 1935-1937 թթ. 20-րդ լեռնահրաձգային դիվիզիայի շտաբի հետախուզության բաժնի պետն էր: Այնուհետև դասավանդել է Թբիլիսիի ռազմական ուսումնարանում։

ԻՆԳՈՒՇԵԹԻԱՅԻ ՀԱՅ ՀԵՐՈՍԸ.  ԱՐՏԱՇԵՍ ՎԱՍԻԼՅԱՆ-1251938 թ. կեղծ մեղադրանքով ձերբակալվել է, մեղադրվել կասկածելի ծագման և հակասովետական գործունեության համար, սակայն չկարողանալով ապացուցել՝ վեց ամիս անց ներում են շնորհել և ազատ արձակել։

1940 թ. մարտին արժանացել է գնդապետի կոչման։

1941 թ. ապրիլից մինչև օգոստոս գնդապետ Վասիլյանը 236-րդ մոտոհրաձգային դիվիզիայի 818-րդ լեռնահրաձգային գնդի հրամանատարն էր։

Երբ սկսվեց  Հայրենական մեծ պատերազմը, Խորհրդային Հայաստանի պետական մարմիններն անմիջապես լծվեցին հանրապետության ռազմական կարողությունը գործարկելու աշխատանքներին։ Հատկապես անհրաժեշտ էր և կարևոր ազգային դիվիզիաների կազմավորումը։

1941 թ. օգոստոսին փորձառու գնդապետ Վասիլյանին վստահվեց 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի կազմավորումն ու հրամանատարությունը։ Դիվիզիան գլխավորեց մինչև 1942 թ. նոյեմբերի 5-ը։ Նրա կազմակերպչական հիանալի ունակությունների շնորհիվ դիվիզիան դարձավ մարտունակ զորամիավորում։ Հետագայում 409-րդ դիվիզիան հերոսական ճանապարհ անցավ և հասավ մինչև Չեխոսլովակիա։

1942 թ. նոյեմբերի 5-ին գնդապետ Վասիլյանը նշանակվեց հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։

Պատերազմն սկսվելուց կարճ ժամանակ անց հիտլերյան զորքերը հասել էին Կովկասյան լեռներին: Թշնամին անմիջականորեն սպառնում էր ԽՍՀՄ ռազմական տեխնիկայի շահագործման գլխավոր աղբյուրին՝ նավթահանքերին: Հայ զինվորը քաջ գիտակցում էր, որ եթե ֆաշիստը կարողանա տիրանալ կովկասյան նավթին՝ շատ կհզորանա, իսկ նրա դաշնակից թուրքը կհարվածի թիկունքից ու կմտնի Հայաստան: Ամեն գնով անհրաժեշտ էր թշնամուն կանգնեցնել:

Արդեն 1942 թ. հոկտեմբերին, հզոր ուժեր կուտակելով, թշնամին հասել էր Ինգուշեթիայի Մալգոբեկ քաղաքը։ Այստեղ նա հանդիպեց հայոց 89-րդ հրաձգային դիվիզիային։ Հայ քաջարի զինվորները խիզախության, անձնազոհության, զրկանքների ու տառապանքների գնով, շուրջ երկու ամիս, աննկարագրելի ծանր պայմաններում, պաշտպանական մարտեր մղեցին Մալգոբեկ-Վոզնեսենսկայա շրջանում։ Նրանք ոչ միայն կանգնեցրին կատաղած թշնամուն՝ թույլ չտալով նրանց մուտքը կովկասյան նավթահանքեր, այլ նաև հետ շպրտեցին:

ԻՆԳՈՒՇԵԹԻԱՅԻ ՀԱՅ ՀԵՐՈՍԸ.  ԱՐՏԱՇԵՍ ՎԱՍԻԼՅԱՆ-125Դիվիզիայի «Կարմիր զինվոր» թերթի նախկին խմբագիր Ս. Նալբանդյանն իր հիշողություններում գրել է. «Մեծ զորավարն ապրում էր ենթակաների հոգսերով ու կարիքներով, նրանց հետ հավասարապես կրում ռազմաճակատային կյանքի բոլոր դժվարությունները։ Նրան հաճախ կարելի էր տեսնել խրամատներում, զինվորների հետ։ Հրանոթներն ու սայլերը թաղվում էին խոր ձյան մեջ, ուժասպառ ձիերը դժվարությամբ էին առաջ շարժվում: Գործադրելով մեծ ճիգեր, մեր մարտիկներն իրենք էին հրանոթները դուրս բերում փոսերից: Գնդապետ Վասիլյանը հաճախ երբեմն ձիով, երբեմն էլ ոտքով մի ստորաբաժանումից մյուսն էր անցնում, ոգևորում մարտիկներին»։

1943 թ. հունվարին դիվիզիան ազատագրեց Մալգոբեկ քաղաքը, այնուհետև՝ Համիդի, Մայսկ, Արիկ բնակավայրերը։ Ահա Վասիլյանի մեկ այլ նամակ՝ ուղղված իր սիրելի կնոջը.

Հետապնդելով հիտլերականներին՝ 89-րդ հայկական դիվիզիան Անդրկովկասյան Հյուսիսային խմբավորման 58-րդ բանակի կազմում կատաղի մարտեր է մղում Մոզդոկի և Տիխորեցկի ուղղությամբ։

Ձմռան դժվարին, անբարենպաստ պայմաններում, օրական անցնելով 35-40 կմ, փետրվարի սկզբներին դիվիզիան արդեն հասել էր Ազովի ծովի արևելյան ափերի մոտ և դիրքավորվել Նովոջերելիևսկայա և Պոդի բնակավայրերի շրջանում։ Այստեղ դիվիզիայի 390-րդ գունդը անսպասելի շրջապատվում է թշնամու տանկերով ու կրակային հզոր միջոցներով և ծանր կորուստներ կրում։ Մարտի ամենավտանգավոր վայրում հայտնվում է Վասիլյանը և զենքը ձեռքին զինվորների հետ կռվում թշնամու դեմ՝ դիմակայելով նացիստական զավթիչների գրոհին։ Մարտիկները ոգևորված էին իրենց հրամանատարի անձնազոհ գործողություններով։

Գիշերային անհավասար մարտում՝ փետրվարի 10-ին, հերոսաբար զոհվում է գնդապետ Վասիլյանը։

Սիրելի հրամանատարի կորուստը ցասումով ու վրեժով լցրեց մեր մարտիկնրի սրտերը, տասնապատկեց նրանց ատելությունը թշնամու հանդեպ։

ԻՆԳՈՒՇԵԹԻԱՅԻ ՀԱՅ ՀԵՐՈՍԸ.  ԱՐՏԱՇԵՍ ՎԱՍԻԼՅԱՆ-125Մալգոբեկի համար մղված մարտերում կոփվելուց հետո դիվիզիան հաջողությամբ մասնակցում է Ռոստովյան հարձակողական մարտերին, կռվում Դոնբասում, ապա՝ Ղրիմում, ազատագրում Սևաստոպոլը, Կերչը։

Դիվիզիայի մարտական ուղու փառավոր էջերից է Թաման թերակղզու ազատագրումը, ինչի համար արժանանում է «Թամանյան» պատվանմանը։ Թամանցիները Կովկասյան լեռներից հասան Պրահա, Բեռլին ու տեսան հաղթական դրոշի ծածանումը Ռայխստագի վրա։

Գնդապետ Վասիլյանը ոչ միայն հմուտ ու խիզախ զորահրամանատար է եղել, այլեւ հոգատար հայր ու սիրող ամուսին, ինչը փաստում են նրա նամակներն ուղղված ընտանիքին։

Արտաշես Վասիլյանի աճյունն ամփոփված է Գյումրու քաղաքային այգում։

Նրա անունն են կրում իր ծննդավայրի միջնակարգ դպրոցը, փողոցներ Իջևանում և Գյումրիում։ Պատերազմից հետո նրա պատվին Մալգոբեկ քաղաքում ևս անվանակոչվել է փողոց, տեղադրվել հուշատախտակ։

ԳՈՒԼԻԶԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության

թանգարանի գիտաշխատող

Խորագիր՝ #11 (1476) 22.03.2023 - 28.03.2023, Պատմության էջերից


27/03/2023