ԹԱՂՈՒՏ
Իր բազմադարյա պատմության ընթացքում Արցախ աշխարհը քանիցս վատթար, անգամ օրհասական իրավիճակներում է հայտնվել։ Բայց ժամանակները միշտ էլ անզոր են եղել կոտրելու արցախցուն, ընկճելու նրա ըմբոստ ոգին։ Թշնամու դավադիր հարվածից, հնարավոր է, մի պահ երերացել է նա, սակայն երբևէ չի ընկրկել, չի հուսահատվել, ծնկաչոք չի եղել, այլ դարման դնելով ստացած վերքերին, շտկել է մեջքը, խրոխտ կեցվածքով, միասնաբար պաշտպանել ու պահպանել է իր պապենական հողն ու ջուրը, իր ազգային ինքնությունը, իր ժառանգների արժանապատիվ ու ապահով ապագան հայրենի բնօրրանում։
Արցախի Դիզակ գավառը, որը միջնադարում իր մեջ է ներառել Մուղանի դաշտավայրն ու Քիրս լեռը, Տողագետն ու Արաքսի հովիտը, հարուստ է բազմաթիվ ու տարատեսակ հուշարձաններով, որոնք այդ երկրամասի ժողովրդի ստեղծագործ մտքի ու հասարակական գործունեության նյութական վկայություններն են։
Թաղուտ կամ Թաղոտ գյուղը Արցախի Դիզակ գավառի պատմական հարուստ անցյալ ունեցող գյուղերից է (ներկայումս՝ Հադրութի շրջանում)։ Թաղուտի կյանքն աշխուժանում է XVII դարի սկզբին, երբ Սյունիքի Դարպաս (այն ժամանակ՝ Աղվերծ) գյուղից Խոջա Ղազարն իր գերդաստանով տեղափոխվում է բնակություն հաստատելու այստեղ։ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը իր «Արցախ» աշխատության մեջ անդրադառնում է նաև Թաղուտ գյուղին. «Թաղոտ գիւղ. հիմնուած է Դող աւանի հարաւային կողմում, Մոխրենիսի ձորից հոսող առուի աջ կողմի բարձրութեան վերայ, հողն արքունի, տեղական բարքերն նոյն, բարեխառն օդն և կլիման, պատուական ջուրն, երկար կեանք՝ 85, եկեղեցին սուրբ Յովհաննէս, քարուկիր, քահանայ՝ երեք։ Ծուխ՝ 70, ար.՝ 256, իգ.՝ 219»։
Գյուղի շրջակայքը հարուստ է թեղու ծառատեսակներով (տերևախիտ թեղին ունի սև կեղև ու ամուր, շատ արժեքավոր բնափայտ)։ Անվանումն առաջացել է թեղուտ բառից, որ ձևափոխվելով՝ դարձել է Թաղուտ կամ Թաղոտ (թեղիների անտառ)։
Սուրբ Հովհաննես եկեղեցին Թաղուտ գյուղի հյուսիսարևմտյան բլրի վրա է։ Կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, ամենայն հավանականությամբ, այն XIX դարի շինություն է: Որոշ աղբյուրներում հիշատակվում է 1841 թվականից։ Ճարտարապետահորինվածքային կառուցվածքով եկեղեցին միանավ թաղակապ սրահ է՝ կառուցված կոպտատաշ կրաքարով և ավազաքարով, որ բնորոշ է Արցախի շատ եկեղեցիներին։ Սրբատաշ են միայն կամարաքարերն ու անկյունաքարերը։ Արևելքից կիսաշրջանաձև խորանն է, որին զուգահեռ երկու ավանդատներն են։ Ներսում ՝ ավանդատանը մոտ, պահպանվել էր մկրտության ավազանը։
Եկեղեցու հարավային ճակատին, մուտքից վեր՝ քիվի անմիջապես տակ, պահպանվել է մի նվիրական քառատող արձանագրություն։ Եկեղեցու հարավային պատի տակ, միմյանց մոտ պահպանվել են մի քանի տապանաքարեր, որոնցից երկուսն ունեն արձանագրություններ։ Եկեղեցու արևելյան կողմում, հիմնապատին հենված, պահպանվել է երկատված, սակայն ամբողջական գեղաքանդակ մի խաչքար։
Թաղուտ գյուղի տարածքը հարուստ է պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններով՝ 1705 և 1731 թթ. տապանաքարերը, XII-XVIII դդ. գյուղատեղիի մնացորդները, XII դ. խաչքարերը և XII դարի խոնարհված Յոթ խաչ եկեղեցին։
Գյուղի հանրահայտ աղբյուրը կառուցվել է XVIII դարում (1738 թ.)։ Կիսաշրջանաձև թաղակապ աղբյուր է՝ ուշագրավ արձանագրությամբ. «Այս է աղբուրս ղափանեցի և Աղվերծու խօճայ Ղազարի/ն որ եկ ի Դզաղ Թաղօտ գեղն Ռ/ՃԿԸ (1719 թ.) էր։ Շինեցի յիշատակ ննջ/եցելոց իմոց ազգականաց Ղազ/արին, մայր իւր Մարեանին սոքայ/ են աշխատաւորքն թվ/ի/ն ՌՃՁԷ (1738 թ.)։
Գյուղում է ծնվել խորհրդային հայտնի հեղափոխական Բաղդասար Ավագյանը։
2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Թաղուտ գյուղը հայաթափվել է և անցել Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Հետպատերազմական վիճակի մասին որևէ տեղեկություն չունենք։ Մնում է՝ հավատանք, որ դեռ կգա Արցախի նոր վերածննդի օրը։
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #11 (1476) 22.03.2023 - 28.03.2023, Հոգևոր-մշակութային