ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԶԱՏԻԿ
-Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի:
Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչելությանը, թաղմանը երեք օր հետո հաջորդեց կիրակի առավոտյան տեղի ունեցած մեծ հրաշքը՝ հարությունը: Յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գալով վիմափոր գերեզմանը՝ Քրիստոսի մարմինը անուշահոտ յուղերով օծելու համար, տեսան, որ գերեզմանը թափուր է, քարը՝ շրջած: Տարակուսանքի ու զարհուրանքի մեջ հայտնված սրբակյաց կանանց երևացին երկու հրեշտակներ և պատմեցին կատարվածը. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Նկատենք, որ Քրիստոսի հարության ավետիսի անմիջական փոխանցողները երկնային էակներն են՝ հրեշտակները, որոնք հետմահու իրականության անմիջական պաշտոնյաներն են, հարության ավետաբեր սուրհանդակները: Կանայք, լսելով հրեշտակի անպարագիր խոսքերը, շտապում են հայտնել առանձնացած առաքյալներին, մինչ Քրիստոսը կհայտնվեր նրանց և կհիշեցներ համատեղ անցկացրած քարոզչական ընթացքը, երկրային կյանքի համատեղ գործունեությունը:
Քրիստոնեական վարդապետության առանցքը կազմում է Սուրբ Հարության խնդալից տոնի խորհուրդը: Այն մեր հավատքի հիմքն է և կյանքի առաջմղիչը, քաոսի և օրեցօր անկառավարելի դարձող աշխարհին հակադրվող գոյաբանական ամուր հիմքը. «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է մեր քարոզչությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14): Առաքելական շրջանից սկսած՝ քրիստոնեական քարոզչությունը խարսխված է եղել Հարության նշանակության վրա, քանզի Քրիստոսի կյանքի այս վերջնական դրվագը փրկության ճանապարհի ուղենիշն է:
Զատկի տոնն սկիզբ է առել հրեական Պասեքից, երբ հարություն է առել Հիսուսը (27-33 թթ.): Հրեական այդ տոնը նշվում է ժողովրդի՝ եգիպտական գերությունից ազատագրվելու դրվագի հիման վրա: Այդ իրադարձությունը նախանշանն էր Հիսուս Քրիստոսի՝ կամովին մահն ընդունելու: Քրիստոնեական Զատիկը սկզբնական շրջանում տոնվել է հրեական Պասեքի օրը, սակայն Նիկիայի Ա. տիեզերական ժողովում (325 թ.) որոշում է ընդունվել Զատիկն առանձին տոնել: Քրիստոնեական եկեղեցիները Հիսուս Քրիստոսի Հարությունը տոնում են որպես զատիկ, քանզի, ըստ քրիստոնեական ուսմունքի, Քրիստոսն է հավիտենական այն զոհը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի քավություն, երկնային կյանք և հարություն. «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց» (Ա Կորնթ. 5:7-8): Զատիկը զատումն է, առանձնացումը՝ որպես նոր մարդ, փրկության հետևորդ, մեղքերից ազատագրված:
Զատկական տոնն ազդարարվում է շաբաթ երեկոյան կատարվող Ճրագալույցի Սուրբ Պատարագով, որի ժամանակ սուրբ խորաններից փոխանցվում է ուրախարար ողջույնը. «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց», որին ի պատասխան՝ հավատացյալ ժողովուրդն արձագանքում է. «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Ուղեկցվող ժողովրդական տոնախմբության ժամանակ կազմակերպվում է կարմիր ներկված հավկիթների կռվացնելու խաղը: Կարմիր գույնը խորհրդանշում է մարդկության փրկության համար հեղված մեր Տիրոջ արյունը: Դեռևս նախնադարյան Եգիպտոսում ձուն ասոցացվում էր մահվան և վերածննդի աստվածությունների արտացոլման հետ, որի վկայություններն են հինգ հազար տարի առաջվա հնագույն գերեզմաններում հայտնաբերված ջայլամի ձվերը՝ նկարազարդված ոսկով և արծաթով: Քրիստոնեական վաղ ավանդություններում ձվի կիրառումը կապվում է հարության իրողության, վավերականության հաստատման հետ: Ըստ արևմտյան պատմության, Հռոմում, քարոզչության ժամանակ, ի հաստատումն հավատքի վկայության և Հռոմի կայսր Տիբերիոսի (14-37 թթ.) դարձի, սեղանին դրված հավկիթները կարմիր են դառնում: Ավագ Շաբաթ զատկական սեղանին դրվում են նաև բրնձով և չամիչով փլավ, ձուկ, աղցաններ, կարմիր գինի: Ժողովրդի կենցաղում տարածված անընդունելի սովորություններից է մահացած մարդկանց տներում ձու ներկելու անհիմն արգելքը: Հարության տոնը կյանքի հավերժության, անմահության ժառանգման մասին է, հետևաբար՝ տեղին չեն նմանատիպ «հարգական» համարվող անտեղի մոտեցումները:
Սուրբ Հարության կամ Զատկի տոնը մեծագույն ուրախությամբ լցվելու և հոգեկան հրճվանքի մեջ լինելու առիթ է: Այն խորհրդանշում է նաև գարնան գալուստը, բնության վերազարթոնքը, կյանքի թարմացումը և կենդանությունը: Քրիստոսի մատնության, չարչարանքների, խաչելության ժամանակ ապրված տխրության պահերը փոխակերպվում են և վերաճում իմաստնավոր խնդության: Եթե տարածում գտած ավանդույթները, ծեսերը, տոնական տրամադրությունը հիմնված չլինեն Հարության տոնի խորհրդի քրիստոնեական գիտակցության վրա, ապա կկրեն մակերեսային բնույթ:
Զատիկը Հայ Առաքելական Եկեղեցու շարժական տոներից է. նշվում է գարնանային գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը՝ մարտի 22-ից մինչև ապրիլի 26-ն (35 օր) ընկած ժամանակահատվածում։ Այս տարի Զատիկն ընկել է ապրիլի 9-ին: Ինչպես Տաղավար տոների դեպքում, նաև Զատկի պարագայում հաջորդ օրը համարվում է Մեռելոց, երբ այցելում ենք մեր ննջեցյալների գերեզմաններ:
ՆԱՐԵԿ սարկավագ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Զորամասի գնդերեց
Խորագիր՝ #13 (1478) 0504.2023 - 11.04.2023, Հոգևոր-մշակութային