Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ՆԱ ՍՊԱՍՈՒՄ Է ՁԵՐ ՆԱՄԱԿԻՆ…



Սիրած աղջկան այսօր նամակ կարելի է ուղարկել ինչպես փոստով, այնպես էլ համացանցով: Պետք է միայն սիրած էակին ուրախացնելու ցանկություն ունենալ:

Իսկ ի՞նչ գրել: Առաջին հերթին` նրա հանդեպ ձեր տածած սիրո մասին: Գրեք անկեղծ ու սրտանց, որպեսզի ձեր նամակը բարձրացնի նրա տրամադրությունը, ուրախություն եւ հույս պարգեւի: Դուք կարող եք գրել բնության գեղեցկության մասին, ծաղիկների, դաշտերի, ջրերի… Բայց անպայման շեշտեք, որ այդ գեղեցկությունն ամբողջությամբ տեսանելի է միայն սիրահարված մարդուն, իսկ դուք այնքա՜ն սիրում եք նրան: Գրեք հնարավորինս գեղեցիկ, հուզականություն արտահայտող բառերով, նկարագրեք ձեր ծառայությունը, հանգստացրեք, ասացեք, որ ամեն ինչ լավ է եւ, իհարկե, չմոռանաք ուղարկել ձեր լուսանկարը և նրանից խնդրել իրենը:

SMS-ՆԱՄԱԿ

Եթե Ձեր առաջին հանդիպումից հետո փոխադարձ համակրանքն ամրապնդվել է, ապա կարող եք սկսել նրան գեղեցիկ նամակներ ու sms-հաղորդագրություններ գրել: Օրինակ, կարելի է քնելուց առաջ աղջկան sms ուղարկել՝ նշելով, որ հաճույքով եք վերհիշում երեկ միասին անցկացրած ժամանակը, եւ նրան բարի գիշեր մաղթել:

Ձեր sms-ում նույնպես օգտագործեք հուզականություն արտահայտող բառեր: Հաղորդագրությունը մարդկանց շփումն է, եւ ոչ թե «չոր» տեքստերի փոխանակում: Հենց այդ պատճառով էլ «աշխուժացնող» խորամանկությունները («ժպիտներ»` J, K և այլն, «բացականչություններ»` վա՜յ, ըը՜ը, օօօ՜ և այլն) ավելի մեծ ազդեցություն են ունենում աղջիկների վրա: Ինչպես հայտնի է, հարաբերությունների ցանկացած փուլում նրանց հեշտ է գայթակղել զգացմունքայնությամբ:

Աղջկա հետ sms-նամակագրության ժամանակ «գրգռեք» նրա երեւակայությունը. օրինակ, կարելի է հարցնել. «Ի՞նչ կանեիր, եթե այս պահին մենք երկուսով լինեինք…»:

Պետք չէ համացանցից սիրային քառատողեր կամ արտահայտություններ «թխել». ձեր գրագողությունը հեշտությամբ կբացահայտվի: Գրեք միայն ձեր սեփական մտքերը. ոչինչ, եթե դրանք հանգավորված չեն կամ չեն փայլում ինքնատիպությամբ: Փոխարենը միանգամից կերեւա, որ հեղինակը Դո՛ւք եք: Գրեք այն, ինչ զգում եք, եւ դա «ի՞նչ գրել» հարցի լավագույն պատասխանն է ձեր հարաբերությունների ցանկացած փուլում` սկզբնական, «ընթացիկ» և նույնիսկ վերջնական:

Նամակ գրելը միշտ էլ եղել է հաճելի, հետաքրքիր ու գրավիչ: Սիրային նամակը ձեր սիրո «գիրքն» է, որի բովանդակությունը հորինում եք ինքներդ: Ազատություն տվեք ձեր ստեղծագործական պոռթկումին, գրեք տարբեր թեմաների շուրջ, և ձեր նամակները կպահեն ձեր սիրո անմոռանալի պատմությունը:

Պատրաստեց ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ենթասպա

Խորագիր՝ #02 (918) 19.01.2012 – 25.01.2012, Բանակ և հասարակություն


25/01/2012