Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԳՈՒՇԱՑԵՔ ՎԻՐՈՒՍՆԵՐԻՑ



Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում «Վիրտուալ աշխարհ» նոր խորագիրը, որի հեղինակները ձեզ հանրամատչելի կպատմեն համակարգիչների, համակարգչային ծրագրերի մասին, կբացատրեն, թե ինչ են մուլտիմեդիան, բլոգը, բրաուզերը, սոցիալական ցանցերը, գրաֆիկական ծրագրերը, թե ինչ տեսակի են լինում համակարգչային խաղերը, ինչպես է համակարգիչն ազդում մարդու առողջության վրա և այլն: Մի խոսքով` կփորձեն ձեր առաջ բացել այն, ինչն անվանում են վիրտուալ աշխարհ:

Այսօր տեղեկատվության փոխանակումը համարյա անհնար է առանց համակարգչի և առավելապես ինտերնետի: Հաղորդակցման այս եղանակը գերազանցում է տեղեկատվության մնացած բոլոր ձևերը: Մի կողմից դա մեծ առավելություններ ունի, իսկ մյուս կողմից` մեծանում է գաղտնի պահվող տեղեկատվության կորստի վտանգը: Հենց այդ պատճառով էլ հակավիրուսային արդյունաբերությունը օրեցօր առավել արդիական և պահանջված է դառնում ինտերնետից օգտվողների համար:

Համակարգչային վիրուսը ծրագրի տարատեսակ է, որն ունակ է ինքնուրույն «բազմանալու»: Համակարգչային վիրուսի ստեղծման պատմությունը սկիզբ է առնում անցյալ դարից: 1983 թվականին Կալիֆորնիայի համալսարանի մի ուսանող` Ֆրեդ Քոհենը, որոշում է ստեղծել այնպիսի ծրագիր, որն ունակ կլինի աննկարագրելի արագ տարածվելու համաշխարհային ցանցերում: Դա նրան հաջողվում է, և արդեն նույն թվականի նոյեմբերի 11-ին նա ծրագրի արդյունքը ներկայացնում է իր ղեկավարին: Ձևականորեն դա համարվում է համակարգչային վիրուսի ծննդյան օրը: Առաջին համակարգչային վիրուսը կոչվում էր VAX 11/750, ղեկավարվում էր Unix օպերացիոն համակարգով: Աշխատանքի ղեկավարն էր Լեոնարդ Էլդմանը: Նա հայտնի է իր ստեղծած կրիպտոհամակարգով, որն օգտագործվում է թվային ստորագրությունների կոդավորման համար:

Իրականում, առաջին համակարգչային վիրուսի գաղափարն արտահայտվել է շատ ավելի վաղ` ամերիկացի գիտնական Ջոն Ֆոն Նեյմանի` 1949 թվականին լույս տեսած «Բարդ մեքենաների տեսությունն ու կազմավորումը» հոդվածում, որում նա դիտարկում էր բազմանալու ունակ ծրագրի ստեղծման հնարավորությունը: Իսկ 1970 թվականին լույս տեսավ ֆանտաստ գրող Թոմ Բրանների «Հարվածային ալիքի վրա» վեպը, որում ներկայացված էին վնասակար ծրագրերով վարակված թշնամական ռոբոտները:

«Վիրուս» անվանումն ի սկզբանե փոխառված էր կենսաբանությունից, քանզի վիրուսի հարձակումը համակարգչի վրա ճիշտ և ճիշտ համապատասխանում է մարդկային օրգանիզմի վրա մանրէի քայքայիչ ազդեցությանը. այն ներխուժում է բջիջ և սկսում բազմանալ: Համակարգչային վիրուսն էլ համակարգչի մեջ է ստեղծում իր պատճենները:

1962 թվականին ամերիկացի ճարտարագետները ստեղծեցին մի խաղ` «Դարվին»: Ըստ խաղի կանոնների` խաղացողները համակարգչի հիշողության մեջ ստեղծում էին վերահսկիչ ծրագիր, որը վերահսկում էր հակառակորդ ծրագրերի միջև պայքարի կանոնների պահպանումը: Խաղի իմաստը բավականին պարզ էր` ջնջել հակառակորդի ծրագրի բոլոր պատճենները և զավթել պայքարի դաշտը: Այդ ամենը սկզբից անվնաս էր թվում, սակայն շատ շուտով աշխարհն իմացավ, որ ինքնաբազմացող համակարգերը կարող են շատ ավելի վտանգավոր լինել, քան պարզապես սովորական խաղի տարրն է:

Ինչպես հայտնի է, ինտերնետի նախատիպը Պենտագոնի ներքին ցանցն է եղել: Համարվում է, որ ցանցային առաջին վիրուս «Creeper»-ը հենց այստեղ է առաջացել: Վիրուս-ծրագիրը կարող էր ինքնուրույն դուրս գալ ցանց և արդեն վարակված մեքենայի վրա թողնել իր պատճենը: Նա կատարում էր այն գործառույթը, որն այսօր կատարում են ժամանակակից հակավիրուսային ծրագրերը` տարածվում էր ցանցով մեկ, հայտնաբերում և ոչնչացնում Creeper-ին: Սակայն «վիրուս» տերմինն այդ ժամանակ դեռ չկար, և ստացվում է, որ Ֆրեդ Քոհենը ոչ թե վիրուսի հեղինակն է, այլ այդ տերմինի: Այնուամենայնիվ, նա համակարգչային արդյունաբերության ոլորտում մնում է ամենահեղինակավոր դեմքերից մեկը և դեռ 1987 թվականին էր ապացուցել, որ հնարավոր չէ ստեղծել ալգորիթմ` բոլոր հնարավոր վիրուսների հարյուրտոկոսանոց հայտնաբերման համար: Փաստորեն, համակարգչային հուսալի պաշտպանության հիմնական գրավականը համակարգչի հակավիրուսային համակարգը հնարավորինս հաճախ թարմացնելն է: Իսկ եթե համակարգչում չկա վստահելի հակավիրուսային ծրագիր, ապա վտանգավոր կարող է դառնալ ցանկացած, նույնիսկ օգտակար տեղեկույթ պարունակող կայք, եթե նրա էջի կամ նկարի մեջ հասցրել են «ներարկել» վնասակար ծածկագիր:

Վիրուսները բազմազան են: Կան այսպես կոչված «Գովազդային ծրագրեր», որոնք առանձնանում են գովազդային մի շարք վահանակների և պատուհանների ցուցադրմամբ: Այդպիսի հաղորդագրությունները հաճախ բավականին դժվար է լինում հեռացնել համակարգչի էկրանից: Մեկ այլ վիրուս է «Բեքդորը» (Backdoor)` հատուկ ծրագրերը, որոնք թույլ են տալիս շրջանցել պաշտպանական համակարգերը և վերահսկողություն սահմանել օգտվողի համակարգչի նկատմամբ: Ծրագիրը, որն աշխատում է չբացահայտվող ռեժիմով, համակարգին տիրելու անսահմանափակ հնարավորություններ է ստանում և backdoor-ծրագրերի օգնությամբ էլ կողոպտում անհատական գաղտնի տվյալները: Առավել հաճախ դրանք ծառայում են համակարգը վարակելու և գաղտնի վնասակար ծրագրեր տեղադրելու նպատակին:

Ամբողջ ցանցին հետևելու և վիրուսային հարձակումներն արձանագրելու նպատակն ունի «Թակարդ»` Honeypot (մեղրի աման) վիրուսը: Այն արձագանքում է վիրուսային օջախի հայտնաբերման դեպքում: Իսկ եթե համակարգչահենը` հաքերը, ցանցում խոցելի տեղեր է փնտրում, ապա կարող է օգտվել «Թակարդի» «ծառայություններից»:

Վիրուսի մեկ այլ տեսակ, որի գործողությունները կոչվում են «Ֆրամինգ», ինտերնետից օգտվողին դեպի կեղծ կայք է կողմնորոշում: Կեղծ ինտերնետային էջերի մեծ բազան պահպանվում է համակարգչահենների հսկայական ծավալների սերվերներում (համակարգիչներում): Արդյունքում` վարակված համակարգը ներբեռնելու է միայն կեղծ կայքեր, նույնիսկ եթե հասցեն բրաուզերի (որոնողական ծրագրի, օրինակ` Firefox-ի) տողում ճիշտ մուտքագրվի:

Անհատական տեղեկատվության որսումն ինտերնետային ցանցում կոչվում է «Ֆիշինգ» (Fishing` ձկնորսություն): Ոճրագործը իր հնարավոր զոհին ուղարկում է էլեկտրոնային նամակ, որում նշված է հաստատման համար անհրաժեշտ հետադարձ նամակով ուղարկվելիք սեփական անհատական տվյալները: Հաճախ դրանք լինում են օգտվողի անունն ու ազգանունը, անհրաժեշտ ծածկագրերը և բանկային քարտերի PIN- կոդերը` հաշիվներն օնլայն կողոպտելու համար: Այս կարգի տվյալներ գողանալով` համակարգչահենը հեշտությամբ կարող է ներկայանալ որպես ուրիշ անձ և վերջինիս անունից ցանկացած գործողություն իրականացնել:

Էլեկտրոնային փոստի միջոցով տարածվող վիրուսներն «Սկրիպտ-վիրուսները» և «Որդերն» են: Վարակումը կատարվում է e-mail-ով աշխատելիս կամ ֆայլեր փոխանակելիս: «Որդը» յուրահատուկ ծրագիր է, որ վարակում է նաև համակարգչի ուրիշ ծրագրերը: Այս վիրուսները առանձնանում են նրանով, որ բազմացման միջոցով չեն կարող ուրիշ ծրագրերի մաս դառնալ:

Շատ տարածված վիրուս է «Տրոյանը»: Տրոյանները ինքնուրույն չեն կարող բազմանալ, և դա նրանց միակ տարբերությունն է այլ վիրուսներից:

Այսօր վիրուսները հասել են աննկարագրելի բազմազանության և օրեցօր կատարելագործվում են:

Ամեն դեպքում, հարկ է նշել, որ ժամանակակից վիրուսներն այնքան վտանգավոր չեն, որքան նրանց նախորդողները: Օպերացիոն համակարգի պաշտպանական մեխանիզմների առաջընթացը թույլ չի տալիս դրանք ենթարկել ավերիչ փոփոխությունների, ինչպես նախկինում (օրինակ` HDD-ի ամբողջական ֆորմատավորման): Վիրուսները և ոճրագործների հարձակումները այժմ ուղղված են հիմնականում օգտվողի ֆինանսական շահերի դեմ կամ էլ վերջինիս համակարգիչը շահագործելուն և ոչ թե տվյալների ոչնչացմանը: Ի դեպ` այդ նպատակի համար միշտ չէ, որ վիրուսի կարիք կա. հաճախ կարող է բավական լինել հոգեբանորեն ճիշտ կազմված էլեկտրոնային նամակը, նույնիսկ սովորական SMS հաղորդագրությունը, որպեսզի դյուրահավատ մարդը ոճրագործին անձամբ ուղարկի իր բանկային քարտի կամ էլ անձնական բնույթի այլ գաղտնի տվյալներ: Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս չափազանց զգույշ լինել ինտերնետի միջոցով գնումներ կատարելիս, անհատական և գաղտնի ծածկագրված տեղեկույթ տրամադրելիս: Իսկ սեփական համակարգչի ապահովության համար ամենաարդյունավետը արտոնագրված և վստահելի հակավիրուսային ծրագրերից օգտվելն է` հաճախակի թարմացնելով դրանք:

ՄԱՐԻ ԱՏՈՄՅԱՆ

Խորագիր՝ #02 (918) 19.01.2012 – 25.01.2012, Ռազմական


25/01/2012