Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ո՞Վ Է ՍՊԱՆԵԼ ԲՐՅՈՒՍ ԼԻԻՆ



Շատերին է հայտնի մարտարվեստների վարպետ, կինոաստղ Բրյուս Լիի անունը, որն առաջինն է արևմտյան աշխարհին ներկայացրել արևելյան կունգ-ֆու մարտարվեստը: Միլիոնավոր կինոդիտողների կուռք Բրյուս Լիի մահը ցնցեց ողջ աշխարհը: Նրա մահը դասվում է 20-րդ դարի խորհրդավոր մահերի շարքը, և մինչև օրս հայտնի չէ դերասանի մահվան իսկական պատճառը: Բրյուս Լին մահացավ 1973թ. հուլիսին` Հոնգկոնգում, 32 տարեկան հասակում` գլխուղեղի այտուցումից:

Պաշտոնական բժշկությունը գտնում է, որ դրա պատճառը ուժեղ դեղորայքի ընդունումն է եղել: Այլ վարկածների համաձայն` Բրյուսին վերացրել են կա՛մ չինական տրիադան (գաղտնի հանցավոր կազմակերպություն է Չինաստանում և չինական սփյուռքում) կա՛մ էլ Շաոլինի վանքի վանականները, որոնք չէին ցանկանում, որ սրբազան համարվող իրենց մարտարվեստի գաղտնիքները հայտնի դառնան Արևմուտքում: Կունգ-ֆուի օգնությամբ մարդը պետք է հասնի ներդաշնակության ինքն իր հետ, սովորի սիրել ու հարգել մերձավորներին, այլ ոչ թե փող աշխատի:

Երբ ապագա կինոաստղը դեռ երիտասարդ էր, մի անգամ փողոցում երեք կռվարարներ սկսում են նրան ձեռք առնել: Բրյուսը չի սպասում, որ իր վրա հարձակվեն և ինքն է առաջինը հարված հասցնում: Հարձակվողները վայրկյաններ անց հայտնվում են գետնին, այնուհետև` հիվանդանոցում: Սակայն երիտասարդին չի հաջողվում երկար ժամանակ վայելել իր հաղթանակը: Շուտով պարզվում է, որ այդ կռվարարները հին չինական մաֆիայի` երրորդության (տրիադա) անդամներ են, եւ ըստ երրորդության օրենքների` իր անդամներին վիրավորելու և ծեծելու համար Բրյուս Լին պետք է մեռներ:

Նույն օրը Լին Հոնգկոնգից փախչում է մոր մոտ` Սան-Ֆրանցիսկո (Լիի մոր մայրը եղել է չինուհի, իսկ հայրը` գերմանացի)` իր ծննդավայրը: Այստեղ նա գտնում է մատուցողի աշխատանք, պարապում կունգ-ֆու, ջիու-ջիցու, բացում արևելյան մարտարվեստների փոքրիկ դպրոց: Եթե նա հանգիստ կյանք վարեր, մաֆիան երևի թե մոռանար նրան: Սակայն կունգ-ֆուի երիտասարդ ուսուցչի համբավն իսկույն տարածվում է, և երրորդության անդամները հեշտությամբ գտնում են իրենց վիրավորողին: Նրան առաջարկում են կա՛մ մեռնել, կա՛մ էլ պարապել մաֆիայի անդամների հետ և դառնալ ղեկավարներից մեկի թիկնապահը:

Լին մաֆիային առաջարկում է երրորդ տարբերակ: Ինչի շուրջ են նրանք պայմանավորվում, անհայտ է, սակայն ընդամենը մի քանի ամիս անց նրա կարիերան սրընթաց վերելք է ապրում: Նրան միանգամից հրավիրում են նկարահանվելու տարբեր ֆիլմերում, նա ինքն է սկսում իր ֆիլմերը նկարահանել, դառնում է նաև պրոդյուսեր:

Միգուցե Բրյուս Լին երկար ժամանակ իր առաջին ֆիլմերի համար ստացած գումարից մաֆիային հա՞րկ էր վճարում: Մի օր էլ Փոքր Վիշապը որոշում է, որ այլևս մաֆիայի «տանիքի» կարիքը չունի, և մաֆիան էլ իր ձևով հաշվեհարդա՞ր է տեսնում ամբարտավանի նկատմամբ…

Կա նաև վարկած, թե դերասանի նկատմամբ կիրառվել է դիմ-մակ հնագույն խորհրդավոր մարտարվեստը, որը հայտնի է նաև որպես հետաձգված մահվան արվեստ…

Մինչդեռ չինացի աստղաբանները պնդում են, որ Վիշապի տարում (1940թ.) և Վիշապի ժամին (առավոտյան ժամը 6-8) ծնված մարդու վրա անեծք է դրված, և նա ուղղակի դատապարտված է վաղ և, ամենայն հավանականությամբ, բռնի մահվան: Լիի իսկական անունը Լի Ճըն Ֆան է (նշանակում է ետ դարձիր): Վեց տարեկանում նա նկարահանվում է Լի Սյաո Լուն անվան տակ (Լի` Փոքրիկ վիշապ), որը նրա համար հորինում է կինոընկերության տնօրենը: Իր համար հենց այս անհաջող անունով էլ (նորից վիշապ) նա հայտնի է դառնում ինչպես իր հայրենիքում` Հոնգկոնգում, այնպես էլ ողջ Հարավարևելյան Ասիայում:

Լիի մահը կապում են նաև նրա նոր տան հետ, որը դերասանը գնել էր իր մահից մեկ տարի առաջ: Այն գտնվում էր Կոուլուն թաղամասում, ինչը թարգմանաբար նշանակում է «Ինը վիշապների լճակ» (դարձյալ վիշապներ):

Չինաստանում շատ մեծ տեղ են տալիս հազարամյակների պատմություն ունեցող ֆեն-շույ գիտությանը, որի հատուկ կանոններով է պատրաստվում տունը, կատարվում ներքին և արտաքին հարդարանքը: Երբ ֆեն-շույի մասնագետն ուսումնասիրում է կինոաստղի տունը, հայտնում է, որ այն կառուցված է կանոնների խախտումով: Որպես մեղմացնող գործոն` նրա խորհրդով տանիքին հայելի է դրվում` բացասական էներգետիկան հետ շպրտելու համար: Սակայն հայելին Լիի մահից երկու օր առաջ ընկնում ու կոտրվում է:

Նկարահանվելով իր վերջին ֆիլմում, որի վերնագիրն էր «Մահվան խաղը», դերասանը ևս մի ճակատագրական սխալ է անում: Նրան առաջարկում են փոխել ֆիլմի վերնագիրը, սակայն Լին հրաժարվում է: Մինչդեռ շատ պատմություններ են հայտնի, երբ դերասանները, խաղալով «մահ» բառը ունեցող ֆիլմերում կամ ներկայացումներում, որոշ ժամանակ անց մահացել են:

Այժմ վերադառնանք Բրյուս Լիի նկատմամբ դիմ-մակ կիրառելու վարկածին: Այս գաղտնի արվեստի մասին առաջին հիշատակումները հանդիպում են հազար տարի առաջվա չինական տրակտատներում: Եվ այնուամենայնիվ կունգ-ֆուի այս ոճի մասին մինչև հիմա շատ քիչ բան է հայտնի: Հետաձգված մահվան արվեստին տիրապետող վարպետներին մատների վրա կարելի է հաշվել: Նրանք իրենց ընդունակությունները չեն ցուցադրում և չեն շտապում կիսել իրենց գիտելիքները ամեն մեկի հետ: Սակայն հիմունքներն ու սկզբունքները, որոնց վրա հիմնված է այս մահաբեր մարտաոճը, բոլորովին էլ գաղտնիք չեն: Այդ ամենն ընկած է նաև չինական բժշկության հիմքում: Դրանք հին մարդկանց պատկերացումներն են մարդու անատոմիայի և ֆիզիոլոգիայի մասին:

Ըստ նրանց, ամեն ինչի հիմքում ընկած է ցի էներգիան: Չինարենից թարգմանաբար այս բառը նշանակում է «օդ, շունչ, կենսական ուժ»: Նրանից և նրա օգնությամբ է սկսվել ամեն ինչ: Այն թափանցում, ապրում է բոլոր առարկաներում և օրգանիզմներում և անընդհատ գտնվում է շարժման մեջ` նյութականից հոսելով էներգետիկականի ոլորտ և հակառակը:

Մարդու մարմնում ցին շրջանառություն է կատարում այն ուղիներով, որոնք էներգետիկորեն կապված են օրգանիզմի բոլոր կարևորագույն օրգանների հետ: 24 ժամվա ընթացքում ցին կատարում է մեկ լրիվ շրջապտույտ: Եթե ցիի շրջապտույտը խախտվում է, ապա խախտվում է նրա փոխազդեցությունը ներքին օրգանների հետ, հետևաբար և` դրանց նորմալ գործունեությունը: Եվ ինչքան զգալի է շրջապտույտի խախտումը, այնքան լուրջ է հիվանդությունը: Իսկ չինական բժշկության հիմնական խնդիրն էլ հենց ցիի շրջանառության նորմալացումն է:

Ամենից հետաքրքիրն այն է, որ մարտարվեստների արևելյան ոճերի մեծամասնության նպատակն է հասնել մարդու ներքին եւ տիեզերքի արտաքին ցիի միջեւ ներդաշնակությանը: Եվ ոչ ուղղակի ներդաշնակության:

Իր ցի էներգիան ղեկավարելու և ուժեղացնելու ունակ մարդը կարող է ազդել մեկ այլ մարդու ցիի շրջապտույտի վրա` կա՛մ բուժելու, կա՛մ էլ … սպանելու: Չմոռանանք, որ մարտարվեստների նպատակը հակառակորդին գերազանցելն է, հաղթելը: Ընդ որում` մրցակցի վրա էներգետիկ ազդեցությունը բռունցքի հարվածի նման չէ: Այն կարող է լինել թույլ հպում կամ էլ ազդեցություն առանց դիպչելու: Այդ դեպքում ոչ մի հետք, ոչ մի կապտուկ չի մնում, սակայն ներքին վնասվածքներն ու խեղումները կարող են բավականին զգալի լինել:

Մարդու մեջ աստիճանաբար սկսում է խախտվել արյան շրջանառությունը: Նա կարող է արտաքուստ առողջ տեսք ունենալ, մինչդեռ ներքին ավերիչ գործընթացը կարող է աննկատ եւ լրիվ թափով ընթանալ: Մարդը ժամանակ առ ժամանակ իրեն սկսում է վատ զգալ` կարծես թե առանց պատճառի: Եվ ահա մի օր էլ վրա է հասնում ծանր հիվանդությունը կամ էլ մահը:

Որոշ փորձագետների կարծիքով` հենց սա էլ տեղի է ունեցել Բրյուս Լիի հետ: Իր մահից երկու ամիս առաջ, նկարահանման հրապարակում մի հնարքի փորձարկման ժամանակ, հանկարծ զանգվածային տեսարանի մարդկանցից մեկը առաջարկում է նրան հնարքի կատարման շատ ավելի արդյունավետ եղանակ: Անծանոթի հարվածից հետո Լին ընկնում է և կորցնում գիտակցությունը եւ երբ ուշքի է գալիս, հարվածի ոչ մի հետք էլ չի նշմարվում:

Որոշ ժամանակ անց նման դեպք է տեղի ունենում նաև հեռուստաշոուի ժամանակ, որին մասնակցում էր դերասանը: Այս անգամ նա նույնպես կորցնում է գիտակցությունը հակառակորդի հարվածից:

Իր ողբերգական վախճանից մի քանի շաբաթ առաջ Բրյուս Լին սկսում է գանգատվել հանկարծակի և առանց պատճառի առաջացած գլխացավերից: Բժշկական հետազոտությունը ոչ մի լուրջ շեղում չի արձանագրում, և Լիին բուժող բժիշկը նշանակում է ուժեղ ցավազրկող դեղամիջոց: Հենց դեղաչափի չարաշահմանն էլ վերագրում են դերասանի մահը: Ժամանակակից բժշկությունը հրաժարվում է ընդունել, որ մահացու այտուցման պատճառ կարող էր լինել մի քանի շաբաթ առաջ ստացած հարվածի ազդեցությունը:

Մինչդեռ չինական իմաստությունն ասում է. «Եթե չլսես նախնիների պատգամները, չես ճանաչի իմաստությունը»:

Չինական ավանդական բժշկության և փիլիսոփայության համաձայն` հետաձգված մահվան արվեստը բոլորովին էլ երևակայության արգասիք չէ: Այն հաղթանակի հասնելու միանգամայն իրական միջոց է: Սակայն…

Մի՛ շտապեք ինքնուսույցներ գնել կամ համացանցը փորփրել` այդ արվեստի վերաբերյալ ինչ-որ բան գտնելու նպատակով: Դիմ-մակի արվեստին տիրապետելու համար բավարար չէ միայն շատ մարզվելը: Հնարավոր չէ հետաձգված մահվան արվեստը սովորել գրքով կամ էլ մի երկու տարի Շաո-լինի վանքին կից վճարովի դպրոցներից մեկում պարապելով: Որոշ վարպետներ պնդում են, որ այդ գիտելիքը նույնիսկ հնարավոր չէ փոխանցել աշակերտին: Դրան պետք է ինքնուրույն հասնել, երբ մարդը կարողանա միանալ տիեզերական ցի էներգիային, ինչը խիստ անհատական գործընթաց է…

ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Խմբ.կողմից – Հոդվածում ներկայացված վարկածը գիտական չէ:

Խորագիր՝ #02 (918) 19.01.2012 – 25.01.2012, Պատմության էջերից


25/01/2012