Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է հայտարարել Չինաստանում ամերիկյան ներդրումների սահմանափակման աննախադեպ միջոցառումների մասին՝ Պեկինի տեխնոլոգիական և ռազմական զարգացումը զսպելու նպատակով:

Սպիտակ տունը քննարկում է նաև ԱՄՆ-ում չինական ByteDance ընկերությանը պատկանող TikTok սոցիալական ցանցի աշխատանքի արգելք սահմանելու հնարավորությունը:

Չինաստանը վերանայում է զորակոչի իր քաղաքականությունը, ընդլայնում է զորակոչի ենթակա անձանց ցանկը։ Փոփոխությունները ներկայացվում են որպես Ժողովրդա-ազատագրական բանակի արդիականացման եւ մարտական արդյունավետության բարձրացման անհրաժեշտ քայլ։

Սիրիան և Սաուդյան Արաբիան ավելի քան տասը տարի դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելուց հետո մտադիր են վերսկսել իրենց դեսպանությունների աշխատանքը և վերականգնել երկրների միջև ավիահաղորդակցությունը: 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվելուց ի վեր առաջին անգամ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները փոխադարձ այցելություններ են կատարել: Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը և Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Ֆեյսալ Բին Ֆարհան Ալ Սաուդը Դամասկոսում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են սիրիական հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը: Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը քննարկել է Սիրիայի հնարավոր վերադարձը Արաբական պետությունների լիգա:

Գերմանիան ապրիլի 15-ից փակում է երկրի վերջին երեք գործող ատոմակայանները՝ «Իզար-2», «Նեկարվեստհայմ-2» և «Էմսլանդ»:

«Մեծ յոթնյակի» (G7) երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան, Ճապոնիան և ԱՄՆ-ն, համաձայնել են արագացնել հանածո վառելիքից աստիճանաբար հրաժարվելու և էներգիայի վերականգնվող աղբյուրներին անցնելու գործընթացը:

Շվեդիայում մեկնարկում են վերջին 25 տարվա ընթացքում երկրի տարածքում անցկացվող խոշորագույն «Ավրորա-23» միջազգային զորավարժությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրների 26 հազար զինծառայողների մասնակցությամբ: Զորավարժությունների նպատակը զինված ուժերի մարտունակության բարձրացումն է Շվեդիայի վրա հնարավոր հարձակման դեպքում։

12-օրյա խոշորամասշտաբ համատեղ զորավարժություններ են սկսել նաև Հարավային Կորեան և ԱՄՆ-ն:  Դրանց նպատակն է Հյուսիսային Կորեայի աճող ռազմական սպառնալիքների զսպումը: Օրերս ԿԺԴՀ-ն հայտարարել է կոշտ վառելիքով աշխատող «Հվասոն-18» նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման մասին:

Մեծ յոթնյակի երկրների արտաքին գործերի նախարարները Ճապոնիայում կայացած հանդիպման արդյունքների շուրջ համատեղ հայտարարությամբ մտահոգություն են հայտնել Չինաստանի միջուկային զինանոցի ընդլայնման կապակցությամբ և Պեկինին կոչ են արել բանակցել ԱՄՆ-ի հետ ռազմավարական ռիսկերը նվազեցնելու շուրջ: Մեծ յոթնյակը հաստատել է նաև իր հանձնառությունը՝ ստեղծելու առանց միջուկային զենքի աշխարհ։ Միջուկային զինաթափման և չտարածման շուրջ քննարկումները կշարունակվեն մայիսին Հիրոսիմայում կայանալիք G7-ի գագաթնաժողովում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ասել է, որ Եվրոպան պետք է նվազեցնի իր կախվածությունն ԱՄՆ-ից, ավելի ինքնուրույն լինի, նաև խուսափի Թայվանի հարցով Վաշինգտոնի և Պեկինի միջև հակամարտության մեջ ներքաշվելուց։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կարծիքով՝  եվրոպացի որոշ ղեկավարներ նույն կարծիքին են։

Ռուսաստանը եւ Չինաստանը մտադիր են խորացնել ռազմատեխնիկական համագործակցությունը, հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Լի Շանֆուն Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի վարած միջազգային քաղաքականությունը։ Նրա գնահատմամբ՝ ամբողջ աշխարհն ատում է ԱՄՆ-ին։

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը ռուսական «Ռոսատոմ» ընկերությանը նախազգուշացրել է, որ Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում ամերիկյան ծագման միջուկային տեխնիկական տվյալներ կան, որոնք ենթակա են ԱՄՆ կառավարության վերահսկմանը։ Չլիազորված անձանց արգելվում է տիրապետել և օգտագործել այդ տեխնոլոգիաները։

2022 թ. Զապորոժիեի ԱԷԿ-ն անցել է ռուսական տնօրինման տակ։

Հաագայի արբիտրաժային դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 5 մլրդ դոլար վճարել ուկրաինական «Նավթագազ» ընկերությանը՝ Ղրիմում օբյեկտների բռնագրավման դիմաց։

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ Ռուսաստանի դեմ կիբեռհարձակումները մշակվում են Պենտագոնի միացյալ հրամանատարության անմիջական մասնակցությամբ, միջազգային և ազգային հաքերային խմբավորումների հետ փոխգործակցությամբ:

Հաքերային հարձակումների համար ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցներն օգտագործում են ուկրաինական ցանցային ենթակառուցվածքը։

ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են անօդաչուների ոչնչացման լազերային ՀՕՊ համակարգ:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի զեկույցի համաձայն՝ Հնդկաստանի բնակչությունը 2023 թվականի կեսերին կհասնի 1,4286 միլիարդի` գերազանցելով Չինաստանի բնակչությանը։

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #15 (1480) 19.04.2023 - 25.04.2023, Ռազմաքաղաքական


25/04/2023