ԱՌԱՋՆԱԳԻԾՆ ՈՒ ԹԻԿՈՒՆՔՆ ԱՄՈՒՐ ԵՆ
Ապրիլի 11-ին հանրապետության հարավարևմտյան սահմանագոտում էինք, երբ լուր ստացանք Սյունիքում տեղի ունեցած սահմանային միջադեպի մասին։ Թեև առաջնագծի տվյալ հատվածում իրավիճակն այդ պահի դրությամբ կայուն էր, վերադաս հրամանատարությունից համապատասխան ցուցումներ ստանալուց հետո հրամկազմն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեց, անձնակազմը բերվեց մարտական վիճակի։ Հրամանատարն առաջնագծի որոշ հատվածներում անձամբ դիտարկեց շփման գիծը, հավելյալ հրահանգներ տվեց մարտական հերթափոխում ընդգրկված անձնակազմին։
Մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը համալրվում է հիմնականում պայմանագրային զինծառայողներով, որոնք մեծամասամբ տեղի բնակիչներ են և լավագույնս տիրապետում են տեղանքի առանձնահատկություններին: Ժամկետային զինծառայողներն էլ չեն զիջում իրենց ավագ ընկերներին մարտավարական գիտելիքներով, նաև շատ արագ հմտանում են: Բոլորը միասին ուս ուսի պաշտպանում են պետական սահմանի՝ իրենց վստահված հատվածը։
– Ծառայությանս հարյուր օր է մնացել: Զորացրվելուց հետո էլ, եթե անհրաժեշտություն լինի, կգամ, կկանգնեմ մարտական դիրքում,- վստահեցրեց ժամկետային զինծառայող Խաչատուր Գրիգորյանը։
Զորամասի հրամանատար գնդապետ Վահան Յայլոյանը վստահեցնում է՝ շրջակա գյուղերի բնակիչները բանակի կողքին են, օգնում են, ինչով կարող են: Հարկ եղած դեպքում բոլորն էլ պատրաստ են զենք վերցնել հանուն հայրենիքի պաշտպանության։
Պայմանագրային զինծառայող Մեխակ Հակոբյանը մեկ տասնամյակից ավելի առաջնագծում է։ Քանի դեռ խաղաղ չէ հայոց երկինքը, ինքը խրամատում է մնալու, մնացյալ ամեն ինչ երկրորդական է: Կյանք է, կանցնի, կգնա, բայց հայրենիքը պիտի մնա գալիք սերունդների համար։ Սա է Մեխակի կենսափիլիսոփայությունը, որ սկիզբ է առնում իր այգու հողամասի ակոսներից, գնում հասնում է առաջնագիծ, դառնում վաղվա օրվա հույս ու գալիքի հավատ։ Հենց այս փիլիսոփայությամբ են մեծանում Մեխակի երկու որդիները՝ Ռուբենն ու Ռոբերտը։
Արշամ Զաքարյանն էլ որդուն իր օրինակով էր դաստիարակել։ Ինքն էլ երկար տարիներ ծառայել էր հայրենիքին ու բոլորովին էլ անակնկալի չեկավ, երբ որդին՝ Արան, հայտնեց, որ ուզում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվել։ 2016-ի քառօրյա ռազմական գործողություններից հետո պարգևատրվեց «Արիության համար» մեդալով: 44-օրյա պատերազմի օրերին մեկնել էր Ջրական՝ աջակցելու տեղի պաշտպանական ուժերին, այնուհետև մասնակցել էր Սանասարում մղվող մարտերին։ Արան հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով…
Երբ թոռնիկը՝ Ռոբերտը, քիչ հասակ առնի, Արշամը նրան անպայման կպատմի հոր մասին, ու հրամանատար Արա Զաքարյանը մի օր կդառնա նաև Ռոբերտի հերոսը:
Բարձունքը, որի փեշերին ծվարել է Ելփին գյուղը, տեղացիները Դիդիվան են կոչում։ Ասում են՝ ամռանը՝ պարզկա եղանակին, այստեղից կարելի է տեսնել Վանա լիճը։ Ելփինցիները սա նախախնամություն են համարում. տեսնել Վանն ու ոչ թե ցավից կուչ գալ, այլ բռունցքն ամուր սեղմած՝ հայրենի հողի վրա ապրելով, արարելով հողը հայրենիք պահել՝ հայացքը բարձր լեռների գագաթներին, ուր հայոց բանակն է՝ մեր լինելիության գլխավոր երաշխավորը։
Ն. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Խորագիր՝ #15 (1480) 19.04.2023 - 25.04.2023, Ազգային բանակ