Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է…



ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է...Վայոց ձորի Արփի գյուղում են ապրում Լուսինե և Շահեն Սարգսյանները: Չորս արու զավակ ունեն, չորսն էլ՝ ուշիմ, աշխատասեր, ազնիվ ու շիտակ, մեծի հարգն իմացող, մեծի հոգսը կիսող. այսպես են բնութագրում համագյուղացիները տղաներին:

Սարգսյանների երեք զավակներն այժմ սահմանին են…

Ավագ որդին՝ Ռաֆայելը, հայոց բանակի սպա է, 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորվել է։ Կրտսեր զույգ որդիները՝ Մհերն ու Դավիթը, ժամկետայիններ են, պատվով ու նվիրումով ծառայում են հայկական զինված ուժերում, հրետանավորներ են, իրենք էլ 2022 թ. սեպտեմբերին հակառակորդի ագրեսիայի հետևանքով ծավալված մարտական գործողությունների մասնակից են:

-«Սասնա ծռեր» դյուցազնավեպի հերոսների անուններով եմ կոչել փոքրերին՝ Մհեր ու Դավիթ, որ մեր նախնյաց անպարտելի ոգին փոխանցվի տղաներիս,- հայրենիքի պաշտպանների մոր՝ Լուսինեի խոսքն էլ պակաս ոգեղեն չէ: Միևնույն ժամանակ զգացվում է տղաների ճակատագրով մտահոգ մոր անհանգստությունը: -Մեկ-մեկ ասում են՝ հպարտացի՛ր, հայրենիքի երեք խիզախ զինվոր ունես: Իհարկե, հպարտ եմ. օջախիս սյուները հիմա հայրենիքի ամուր սյուներն են, բայց հպարտությանս գինը կհասկանան առավելապես նրանք, ում որդիները բանակում են կամ պատերազմի միջով են անցել: Աննկարագրելի դժվար է, երբ երեք որդիներդ սահմանին են… Ամեն րոպե լուրերին ես հետևում, առօրյա հոգսերի մեջ էլ ուշք ու միտքդ զավակներիդ հետ է: Իմ կյանքն էլ է կրակոցների տակ անցել. Սյունիքի մարզի Շինուհայր գյուղից եմ, եղբայրս 90-ականներին մասնակցում էր ինքնապաշտպանական կռիվներին: Հիմա էլ մեր զավակներն են մեզ պաշտպանում…

ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է...Սարգսյանների ավագ որդին՝ Ռաֆայելը, 2008 թվականից զինվորականի ուղին է ընտրել: Ուսանել է «Փոքր Մհեր» կրթահամալիրում, հետո՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Ավարտելուց հետո՝ 2019 թ., կամավոր մեկնել է Ջրական՝ նշանակվելով դասակի հրամանատարի պաշտոնին: Մեկ տարի անց սկսվեց 44-օրյա պատերազմը, Ջրականը մարտերի ամենաթեժ կետերից էր:

-2020 թ. սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի լուրն առնելուն պես, զանգեցի Ռաֆայելիս,- վերհիշում է Լուսինեն, – կրակոցների ձայնը պարզորոշ լսվում էր, բայց նա փորձում էր ինձ համոզել, թե իրենք շատ հեռու են մարտական գործողությունների վայրից: Հետո երեք օր լուր չունեինք…

Ռաֆայելն իր անձնակազմի հետ միասին կռվել է անձնվիրաբար: Թշնամու տանկային շարասյան առաջխաղացման պայմաններում ճեղքել է շրջափակումն ու անձնակազմը դուրս բերել համեմատաբար անվտանգ տարածք, դիրքավորվել, մեր օգնական ուժերի հետ արդյունավետ գրոհներ ձեռնարկել: Բայց ուժերն անհավասար էին… Հոկտեմբերի 12-ին Ռաֆայելը վիրավորվում է, տեղափոխվում հոսպիտալ: Այնտեղից էլ կապի մեջ էր անձնակազմի հետ, ոգևորվում էր հաջողություններով և անհունորեն տխրում՝ կորուստների մասին լսելով:

-Վիրավորվելու օրը՝ առավոտյան, խոսել էի որդուս հետ, բայց վատ կանխազգացում ունեի: Հետո արդեն զանգերիս չէր պատասխանում: Երեկոյան որդուցս հաղորդագրություն ստացա. «Գնում եմ Երևան, շտապօգնության մեքենայի մեջ եմ, վիրավոր եմ, չնեղվես»: Հեշտ է ասել՝ չնեղվես, թեև ամենօրյա աղոթքներումս միշտ խնդրում էի՝ թեկուզ վիրավոր, միայն թե հետ գա…

ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է...Պատերազմից հետո նրա աչքերում դրոշմված տխրությունը, տառապանքն ու ցավը երբեք չեմ մոռանա։ Չէի հավատում, որ ուշքի կգա: Բայց Ռաֆայելս ծանոթացավ մի լավ, հայրենասեր աղջկա հետ, որ տղայիս կյանքը լցրեց վառ գույներով, նոր շունչ հաղորդեց: Ազատամարտիկի աղջիկ է Կատյան, հայրը կռվել է Մարտակերտում՝ Թալիշ գյուղում, ու հերոսաբար զոհվել… Հրաշալի աղջիկ է, անսահման բարի ու սիրուն։ Ռաֆոյիս հետ ամուսնացնելիս կատակեցի. «Լավ է, Կատյա՛ ջան, Ռաֆոյիս կտամ քեզ, մի համազգեստավորիս էլ գոնե դու կդիմանաս»: Ինքն էլ պատասխանեց. «Չէ՛, մա՛մ ջան, սխալվում ես. մի համազգեստավոր էլ ավելացավ, դու հիմա հինգ զավակ ունես…»։

Կատյաս պահեստազորի սպա է, լեյտենանտ, նախնական զինվորական պատրաստության ուսուցչուհի է աշխատել Գյումրիում:

♦♦♦

Ապաքինվելուց հետո Ռաֆայելը շարունակում է ծառայությունը, վաշտի հրամանատար է, ավագ լեյտենանտ: Մհերն ու Դավիթն էլ ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո ուսանելու են ոստիկանության ակադեմիայում:

Սարգսյանների օջախում շուտով մանկան ճիչ կլսվի. Ռաֆայելն ու Կատյան սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն, փոքրիկին անվանակոչելու են Մոնթե…

Կյանքը շարունակվում է մեր թանկ ու սուրբ հողի վրա…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #15 (1480) 19.04.2023 - 25.04.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/04/2023