Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՑԻ ՔՐՈՋ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ



1991 թվականն էր, ես դեռ ոչ մի առիթ չէի ունեցել լսելու Աստծո փրկության խոսքը։ Մի օր մեր տանը նստած էինք մեծ եղբորս ու հարեւանի երկու աղջիկների հետ, որոնցից մեկը պատմության ուսուցիչ էր, մյուսը՝ գրադարանավարուհի, ու տարբեր թեմաների շուրջը զրուցում էինք։ Չգիտեմ ինչու զրույցի վերջում հարց բարձրացավ Աստծո գոյության մասին։ Յուրաքանչյուրս հայտնում էինք մեր անձնական կարծիքները։ Ես ու պատմության ուսուցչուհին ընդունում էինք, որ Աստված կա, իսկ եղբայրս ու գրադարանավարուհին պնդում էին, որ Աստված գոյություն չունի։

Այդ պահին, երբ խոսում էր եղբայրս, հանկարծ բոլորիս աչքի առջեւ մի հրաշք տեղի ունեցավ։ Բայց մինչ այդ, ասեմ, որ եղբայրս, ինչպես եւ շատ հայ երիտասարդներ, նույնիսկ չհավատալով Աստծո գոյությանը, իրենց պարանոցներին խաչեր են կրում, դրանցից մեկն էր նաեւ եղբայրս։ Նա իր Խաչը մետաղե շղթայով էր միշտ կրում, ու երբեք չէր հանում վզից։ Բայց ահա այդ խոսակցության ժամանակ, երբ եղբայրս ասաց. «Ես չեմ հավատում Աստծո գոյությանը», ճիշտ նույն պահին հանկարծ նրա Խաչը պոկվեց եւ ընկավ հատակին։ Մեծ ահ ու զարմանք պատեց բոլորիս, մանավանդ, երբ եղբայրս ստուգեց ու համոզվեց, որ ո՛չ շղթան է կտրվել, ո՛չ էլ Խաչի օղակը։ Նա իսկույն պարտվողի պես ձեռքերը վեր բարձրացրեց եւ բարձրաձայն հայտարարեց. «Ես հավատում եմ ամենակարող Աստծուն»։

Դրանից հետո նա սկսեց հետաքրքրվել, թե ինչպես կարող է Աստծուն ավելի մոտիկից ճանաչել, մինչեւ որ նրա ոտքերը եկեղեցի ուղղվեցին, ու Ավետարանի խոսքը սկսեց կարդալ։ Իսկ գրադարանավարուհին այդպես էլ անհավատ ու կարծրասիրտ մնաց, չնայած Աստծո հայտնապես այցելությանը բոլորիս։

Այս դեպքը տեղի է ունեցել Արցախի Մարդակերտ քաղաքում։

Մ. ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ «Խաչապատում» գրքից

Խորագիր՝ #02 (918) 19.01.2012 – 25.01.2012, Հոգևոր-մշակութային


25/01/2012