Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՊԱՍՈՒՄ…



ՍՊԱՍՈՒՄ...…Քեզ սպասելու եմ քո զինվորական փոշոտ համազգեստով, որ օրեր շարունակ գրկել էր մարմինդ իմ փոխարեն։ Սպասելու եմ, որ ամուր գրկեմ լայն ուսերդ, որոնք գրկել միշտ վարանել եմ…

Սովորության համաձայն՝ շոյելու եմ ձեռքերդ՝ արդեն հողից ու զենքից կոշտացած… Նայելու եմ աչքերիդ ու տեսնելու եմ ցավ՝ փամփուշտներ, արյուն, զոհված ընկերներ: Այդ պահից աչքերումդ ոչ թե ինձ, այլ խաղաղություն եմ փնտրելու։

Ճակատիդ ավելացած մի քանի կնճիռներին նայելով, խզված ձայնդ լսելով՝ ոտքերիս տակ ավելի է ամրանալու հողը…

Օձիքդ թրջելու են կարոտիս արցունքները: Համբույրներդ մաքրելու են աչքերս: Ձեռքերդ գրկելու են հպումիդ կարոտ ուսերս, ու ես կրկին թռչել եմ սովորելու, շունչդ զգալով՝ նորից շնչել եմ սովորելու…

Արի փոշոտ համազգեստով՝ ձեռքերիդ մեջ էլ շոկոլադի փոխարեն խաղաղություն բռնած…

Արի՛, թո՛ւյլ տուր գրկել քեզ, ու թող թվա, թե խաղաղությունն եմ գրկել…

 

ՆԱՆ ԶԵՅՆԱԼՅԱՆ

Խորագիր՝ #16 (1481) 26.04.2023 - 02.05.2023, Բանակ և հասարակություն


02/05/2023