Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱԿԱԶԴԵԼ



Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գնդապետ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ զրույցի թեման հակառակորդի քարոզչությանը հակազդելու միջոցներն են:

– Պարո՛ն Մարգարյան, ի՞նչն է թշնամական քարոզչությանը հակազդելու արդյունավետության գրավականը:

– Մեր զինծառայողների ու խաղաղ բնակչության կողմից տեղեկույթի ընկալման քննադատողականությունն ու պետական մարմինների` համապատասխան հակամիջոցներ ձեռնարկելու կարողությունը:

– Ինչպե՞ս ապահովել դա:

– Մի քանի բլոկ միջոցառումներով, ինչպես ցույց են տալիս զարգացած երկրներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

– Որո՞նք են առաջին բլոկի միջոցառումները:

– Զինծառայողների դաստիարակության գործընթացի կազմակերպման հետ կապված այնպիսի միջոցառումները, որոնցում հաշվի առնված լինեն այսօրվա իրողությունները, և որոնք հիմնված լինեն արժեքների ու գերակայությունների` պետությունում ընդունված համակարգի վրա:

– Խնդրում եմ կոնկրետացնեք:

– Նման դաստիարակության կազմակերպման ժամանակ հիմնական ուշադրությունը պետք է բևեռված լինի հետևյալ երեք կարևոր ոլորտների վրա՝ պետական, հայրենասիրության և բարոյականության:

– Կներեք, բայց դրանք սերտորեն փոխկապակցված ոլորտներ են…

– Այո՛, սակայն յուրաքանչյուր ոլորտ ունի իրեն բնորոշ յուրօրինակ խնդիրների շարքը. պետական ոլորտում կատարվող աշխատանքները պետք է միտված լինեն ներկայիս իրողության հաշվառմամբ բարոյապես կայուն, հոգեպես և ֆիզիկապես առողջ քաղաքացու և ՀՀ մշակութային արժեքները պահպանող հայրենասեր անձնավորության դաստիարակմանը, հասարակության, տարածաշրջանային, պետական և համընդհանուր պրոբլեմները ճիշտ ընկալող և ըստ անհրաժեշտության դրանց լուծման գործին ինտեգրվող պատրաստակամ անձանց ձևավորումը, որոնք գիտակցում են երկրի սոցիալ-տնտեսական, աշխարհաքաղաքական, հոգևոր շահերի, ինքնիշխանության պաշտպանության, սահմանադրությանն ու օրենքներին հավատարմության կարևորությունը:

Հայրենասիրության ոլորտում կատարվող աշխատանքները պետք է միտված լինեն ՀՀ քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության ծրագրի մշակմանը՝ հայրենասիրական դաստիարակության համակարգի զարգացման և կատարելագործման նպատակով: Ընդ որում, ծրագրում գերակա խնդիրների շարքը պետք է դասվեն զինվորական ծառայության նկատմամբ հասարակության դրական վերաբերմունքի, նախազորակոչային տարիքի պատանիների շրջանում պարտադիր ժամկետային ծառայության անցնելու վերաբերյալ դրական շարժառիթավորման, հայրենիքի նկատմամբ սիրո, քաղաքացիական և զինվորական պարտքի նկատմամբ հավատարմության, ազգային ինքնագիտակցության ձևավորումը:

Բարոյականության ոլորտում կատարվող աշխատանքները պետք է միտված լինեն գիտակցված կարգապահություն, զինվորական ծառայությանը բարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համոզմունքի ձևավորմանը, կոլեկտիվիզմի և փոխօգնության արմատավորմանը, լավագույն զինվորական ավանդույթների պահպանմանը, դեպի ավագը հարգանքի ձևավորմանը, արժանապատվության, զինվորական վարքականոնի պահպանմանը, այսինքն` դաստիարակության արդյունքը պետք է լինի ոչ միայն հոգևոր արժեքների, այլև այնպիսի բարոյամարտական հատկությունների ձևավորումը, ինչպիսիք են հավատարմությունը զինվորական պարտքին և զինվորական երդմանը, զգոնությունը, կարգապահությունն ու կարգավարժությունը, նախաձեռնողականությունը, արիությունը, տոկունությունը, վճռականությունը և մի շարք բարոյամարտական այլ հատկություններ:

– Կարելի՞ է ասել, որ նշված ոլորտներից յուրաքանչյուրում խնդիրները հնարավոր չէ լուծել մեկուսի, մյուս ոլորտի խնդիրներից անջատ:

– Իհարկե:

– Իսկ որո՞նք են երկրորդ բլոկի միջոցառումները:

– Նախ՝ բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստում հետևյալ վերլուծական աշխատանքները կատարելու համար` ա) տեղեկութային պատերազմի ոլորտում հավանական հակառակորդի հնարավորությունների վերաբերյալ տվյալների հավաքում, վերլուծում և ընդհանրացում, բ) հակառակորդի կողմից իրագործվող հոգեբանական օպերացիաների էության, նպատակների, խնդիրների պարզաբանում զինծառայողներին, բնակչությանը` նրանց մեջ հակառակորդի կողմից հաղորդված տեղեկույթի նկատմամբ քննադատական ընկալման կողմնորոշում ձևավորելու նպատակով:

Երկրորդ՝ զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի վերահսկողության ուժեղացում` ա) ստորաբաժանումների տեղաբաշխման շրջաններում տիրող բարոյահոգեբանական իրադրության վերլուծություն, բ) հակառակորդի քարոզչության և հոգեբանական ներգործության նկատմամբ յուրային զորքի ընկալունակության աստիճանի գնահատում:

Երրորդ՝ հասարակայնության, մամուլի, նախազորակոչային տարիքի երիտասարդության հետ տարվող աշխատանքների համադասում:

– Այս վերջին խմբի միջացառումների մի օրինակ կբերե՞ք:

– Խնդրեմ՝ այսօր անձնակազմի վրա հակառակորդի տեղեկութահոգեբանական ներգործության չեզոքացման (թուլացման) համար հույժ կարևոր է թվում հատուկ հանրապետական ռադիոկենտրոնի ստեղծումը: Այն պետք է ունենա բացատրական ու զվարճացնող գործառույթներ և դառնա սպառողին անհրաժեշտ տեղեկույթ հաղորդող ամենաարդյունավետ միջոցը, քանի որ ռադիոմիջոցները առավել օպերատիվ, ճկուն ու շարժունակ միջոցներն են և օժտված են ներգործության օբյեկտի լայն ու համակողմանի ընդգրկման կարողությամբ:

– Ինչո՞ւ եք շեշտում զվարճացնող գործառույթը:

– Որովհետև ռադիոհաղորդումների զվարճալի բաղադրիչը ծառայում է լսարան նվաճելու և պահպանելու նպատակին: Բայց այն պետք է պարտադիր կերպով ներառի այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են զինծառայողների ծնողների խրատները զավակներին, զինծառայողների պատվերով համերգներ, երգիծանք ու հումոր և այլն: Կարևոր է նշել, որ զինվորական ռադիոհաղորդումների արդյունավետությունն ուղղակիորեն կախված կլինի այն բանից, թե որքան որակյալ են այդ հաղորդումները կազմող մասնագետները, որքան լավ նրանք գիտեն զինծառայության առանձնահատկությունները, զինվորների կարիքներն ու պահանջմունքները, նրանց առօրյան: Հաղորդումների արդյունավետությունն է՛լ ավելի կմեծանա, եթե ապահովված լինի լսողների հետ հակադարձ կապը, ինչը հնարավորություն կտա ճշտելու հաղորդումների ծավալն ու բովանդակությունը, նյութի մատուցման ձևը:

– Փաստորեն, առաջարկում եք ստեղծել հանրապետական զինվորական ռադիոկայան:

– Այո՛: Ի դեպ, ռադիոմիջոցների վերը նշված առավելություններն ակտիվորեն օգտագործվում են ԱՄՆ-ի մասնագետների կողմից, որոնք յուրային զորքերի լայն ռադիոընդգրկման հետ մեկտեղ իրականացնում են նաև իրենց համար անցանկալի վարչակարգերի դեմ ուղղված հոգեբանական օպերացիաներ: Այսպես` ռադիոընդունիչներով բնակչության սակավ ապահովվածության պայմաններում ռադիոլսարանի ընդլայնման նպատակով, նախքան առաջին հրթիռային հարվածների իրականացումը, Աֆղանստանի տարբեր շրջաններում ինքնաթիռներից վայր էր նետվել 100000 ռադիոընդունիչ, որոնք գործում էին ֆիքսված հաճախականությամբ: Ստեղծվել էին հատուկ ռադիոկայաններ, որոնց գործողությունն ուղղված էր կազմակերպությունների առաջնորդների վարկաբեկմանը: Նման քայլ մինչ այդ ձեռնարկվել էր նաև Իրաքում և Հարավսլավիայում:

Կարծում ենք` ճիշտ կլինի ուսումնասիրել ակտիվ հոգեբանական օպերացիաների վարման ուղղությամբ ամերիկացիների կուտակած փորձը և այն կիրառել` հարմարեցնելով մեր պայմաններին:

Զրույցը վարեց ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ

Խորագիր՝ #02 (918) 19.01.2012 – 25.01.2012, Ռազմական


25/01/2012