Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՆՈՒՄ ԵՄ ԿՌՎԵՄ ՈՒ ԳԱՄ…



ԵՍ ԿՍՊԱՍԵՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԵՂՐԻՆ, ՀԱՅՐԻ՛ԿՍ

Արդեն գիշեր էր: Պատահաբար միացրի Հ1, երբ այդ պահին Բանակի տարեդարձին նվիրված տոնական համերգի հաղորդավարը իր խոսքն էր ավարտում.

– …Եվ այսպես….Առյուծ Մերուժին…Երգում է Ներսիկ Իսպիրյանը…

Սառել էի ուղղակի…հերթական անգամ լսելով քեզ ձոնված երգը, ակամայից թերթեցի կյանքիս էջերը եւ հասա մինչեւ 1994 թվական… Հիշեցի…Աչքերիս առաջ նշմարվեց այդ օրը, երբ վերջին անգամ ստիպված եղա հրաժեշտ տալ քեզ: Բառերն անզոր են նկարագրելու այն, ինչ զգում էի, թվում էր` ընդամենը չորսամյա մանկան լաց էր, որ հորն է ուզում եւ վերջ… ուր էր, թե էդպես լիներ… ուր էր, թե մինչեւ հիմա սրտումս այդ ահավոր ցավը չապրեի. այդ պահին, երբ զանգահարեցիր, եւ խոսեցինք, որքան էի ուզում քեզ մոտ գալ, Հայրի՛կ, ու ասել, որ չգնաս… Չգիտեմ ինչու էր այդպես, ես քեզ շատ անգամ էի ճանապարհել Արցախ, բայց ոչ մի անգամ այդքան չէի ընդդիմացել գնալուդ… Երեւի ինչ-որ տեղ սրտիս խորքում զգում էի, որ գուցե սա վերջինն է, գուցե դու էլ չգաս…

Ես գիտեմ, քեզ դեռ շատ երկար են հիշելու, քո պատմաստեղծ կյանքով դու հավերժացար հայոց պատմության հերոսական էջերում: Դեռ Աշնակում շատ սերունդներ կգան քո հուշարձանին ծաղիկներ դնելու եւ հպարտանալու, որ Մերուժ են ունեցել…

Այս ամենի համար ես անշուշտ շնորհակալ եմ կյանքին, սա այն գնահատումն է, որին դու արժանի ես, սակայն ոչինչ եւ երբեք չի կարող փոխարինել այն ջերմությունը, երբ դու մեր կողքին էիր, ու ոչինչ չի կարող փոխարինել այն անկեղծ բերկրանքը աչքերիդ, երբ քեզ ամեն անգամ հպարտ-հպարտ ՀԱՅՐԻԿ էի կանչում…

Հիմա այնպես եմ ուզում հետ պտտել ժամանակը, որպեսզի արթուն լինեի քո գնալիս եւ կարողանայի գոնե վերջին անգամ գրկել քեզ… Քնած էի, երբ քույրս հեռախոսը դրեց կողքիս, ասելով. «Անի ջան, հայրիկն ա, խոսի»…

– Հայրի՛կ…

-Հա, Անի ջան, ո՞նց ես, աղջիկս:

-Հայրի՛կ, բա դու ո՞ւր ես…

– Գնում եմ կռվեմ ու գամ, աղջիկս:

– Չէ, հետ արի, արի ինձ էլ տար…

– Անի ջան, հայրիկը գնա, քեզ մեղր բերի հա՞ Ղարաբաղից…

– Չէ՛, ինձ էլ տար, չեմ ուզում մեղր, խոստացար, որ կտանես, արի, ինձ էլ տար…

– Կգամ, աղջիկս…

Լալիս էի… Վերջին անգամ էր, երբ լսեցի ձայնդ: Ու հիմա եմ հասկանում միայն, ինչ դժվար էր նաեւ քեզ համար, եւ ինչ ես ապրել այդ պահին…

Այն, թե ինչ էր քո կորուստն ինձ համար, երբեք ոչ մի բառով չեմ կարող ասել….միայն կասեմ, որ քեզ կորցնելով` ես կորցրի ինձ: Ես փոքր էի, ուստի ինձ մնում էր միայն սպասել…վերադարձիդ… Եվ այսօր էլ ես անկեղծորեն հավատում եմ այդ սպասումին. ինչպե՞ս կարող է սխալվել այն մանուկը, որ Հայրիկի մեղրին է սպասում, ով ավելի քան վստահ է, որ Հայրիկը կգա…

Տարիներ են անցել, Հայրս, ու այդ տարիներն են հենց, որ սովորեցրին ինձ ապրել քո կարոտի ու հիշողության հետ, միշտ հոգումս եւ սրտումս քեզ ջերմորեն պահելով…

ԱՆԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Մերուժան Մարգարյան. սպորտի վարպետ, մարզիչ, դասախոս, ազատամարտիկ, Հայր։ Առանձնակի սիրով ու ջերմությամբ են հիշում նրան ու երկար պատմում են կամքի ու նվիրումի, բացառիկ անհատականության, հայրենասեր էության մասին։

Թալինի շրջանի Աշնակ գյուղն է ծննդավայրը, որտեղ 1915թ. ցեղասպանությունից հետո հանգրվանել էր սասունցիների մեծ մասը։ Անդրանիկի զինվոր Գրիգորի Մերուժան որդին իսկական սասունցու կատարելատիպ էր` պոռթկուն խառնվածքով, վճռական, հպարտ ու կենսախինդ, ազնիվ ու շիտակ, խոսքը երեսին ասող ու աշխարհի չափ բարի։

Մերուժան Մարգարյանը խորհրդային բանակից զորացրվելուց հետո սովորեց ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ըմբշամարտի բաժնում։ «ըցՐպՉպրՑվՌՍ» կամավոր մարզական ընկերության խորհրդի անդամ էր։ Մասնակցել է ԽՍՀՄ-ում կազմակերպվող բազմաթիվ մրցումների։ 1965թ. դարձել է ԽՍՀՄ չեմպիոն` արժանանալով ոսկե մեդալի։

…Ստամբուլում թուրք ըմբիշի հետ պիտի գոտեմարտեր։ Հոգու խորքում ի՜նչ հուզում էր, փոթորիկ էր։ Գցումները հետեւում էին մեկը մյուսին, ու Ստամբուլում՝ թուրքի հողում, սասունցի Գրբեի թոռը հաղթեց թուրքին…

«Չեմպիոն առյուծ Մերուժ»` այսպես էին նրան կնքել ընկերները, քանզի ոչ մի անգամ չէր պարտվել, միշտ բարձր էր պահել հայոց դրոշը։

Ընտրած մասնագիտությունից էլ ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու նպատակով ընդունվեց Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրա, պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը։ Վերադարձավ հայրենիք, աշխատանքի անցավ հայկական գյուղատնտեսական ինստիտուտում՝ որպես ավագ դասախոս։

Հաճելի աշխատանք, հրաշալի կին, հրաշալի զավակներ. ավելին պետք էլ չէր տիեզերքի մեր այս մի բուռ հողի վրա երջանիկ ապրելու համար, բայց… 1988թ. Արցախյան շարժումը ալեկոծեց ողջ հայությանը, կենաց-մահու կռիվ էր մեր բաժին այս մի բուռ հողի ամեն միլիմետրի համար։ Ըմբոստ մարզիկը դարձավ ըմբոստ մարտիկ ու առանց իսկ վայրկյան տատանվելու մեկնեց կռվի դաշտ։ Մեկնեց մեծ հավատով. «Կռվելու եմ մինչեւ հաղթանակ, պապերիս վրեժը կլուծեմ, էս կռիվը Սասունում էլ է շարունակվելու, Արցախից մինչեւ Տարոն ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր է։ Երազանքս էլ կկատարվի՝ կհասնեմ Տարոն աշխարհ, կխմեմ Մգդենք գյուղի ջուրն ու նոր հանգիստ խղճով կմեռնեմ»։

Կռվեց Արցախում` Հադրութ, Ֆիզուլի… Առյուծ Մերուժը կռվում էր քաջաբար ու անվեհեր՝ առյուծավարի։

Վիրավորվել էր։ Երեք օր դաշտային հոսպիտալում պառկելուց հետո, երբ տեղեկանում է, որ ուզում են իրեն ուղղաթիռով Երեւան ուղարկել, փախչում-հասնում է դիրքեր ու վիրակապը մի կողմ շպրտելով սկսում է խրոխտ պարել, բացականչելով՝ «Տղե՛րք, սասունցիք միշտ պարելով են մարտի գնացել ու պարելով էլ հաղթել։ Մենք էլ պիտի հաղթենք»։

…Հաղթեցինք անարգ թշնամուն, Առյուծ Մերուժ, բայց մեր հաղթանակը քո ու քեզ նման հազարավոր հայրենապաշտ մարդկանց կյանքով գնվեց։ Մերուժան Մարգարյանը զոհվել է Ֆիզուլիի շրջանում ընթացող թեժ մարտերից մեկի ժամանակ` 1994թ. հունվարի 20-ին։ Ընդամենը երեք օր առաջ մարտընկերներով ծննդյան օրն էին նշել ու հազարումի բարեմաղթանքների կողքին երկարակեցություն մաղթել։

Հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած մարդիկ անմահ են…

♦♦♦

Մեծացել են երեխաներդ, Առյուծ Մերուժ, արժանավոր զավակներ ունես։ Ամեն պահ, ամեն ակնթարթ դու նրանց հետ ես, նրանց հուշերում, ու նրանց ամեն տողում, ամեն հատիկ բառում զգում ենք քո կենդանի թրթիռը, քո հավերժ ներկայությունը։

«Հիշում եմ, հայրիկ,- կարդում ենք ավագ դստերդ՝ Լուսինեի նամակներից մեկում,- դու կրկին մեկնում էիր Արցախ՝ պատերազմելու։ Կատակում-երգում էիր, փորձում մեզնից թաքցնել ներքին անհանգստությունդ։ Այդ օրերին Արցախում ազատագրական մարտերը թեժացել էին։ Մեկնեցիր ժպիտը դեմքիդ։ Հրաժեշտի ոչ մի բառ։ Մեկնեցիր՝ թողնելով բազմանդամ ընտանիքդ, դոկտորական ատենախոսությանդ պաշտպանությունը եւ Աշնակում ժայռաբեկորներից կառուցվող անավարտ տունդ։ Այդ տան յուրաքանչյուր քարը մի ապառաժ է Սասնա լեռների։ Դու տուն չէիր կառուցում, այլ կռիվ էիր տալիս Հայաստանի քարակուռ լեռների հետ` ապացուցելով, որ քեզ նման հողապաշտ հայի ձեռքում քարերը դառնում են խնձորենիներ ու մանուշակներ։ 94-ի գարնանը առաջին անգամ քո տնկած բոլոր ծառերը ծաղկեցին…

Քո առնական եւ չափազանց ազդեցիկ արտաքինի ներքո թաքնված էր մի նուրբ եւ զգայուն հոգի։

Քեզ նման հայր ունենալ ո՞վ չէր երազի»…

Արդեն թոռներ ունես, Առյուծ Մերուժ։ Աղջիկդ՝ Արմինեն, որդիներից մեկին անվանակոչել է Մերուժան։ Աշխույժ ու ժիր երեխաներ են թոռներդ։ Կինդ՝ Էլյան, որ կարողացավ ծանր վիշտն անթեղելով հոգում` զորավիգ դառնալ ընտանիքին, այսօր կրկնակի ջերմությամբ է սիրում ու պաշտում թոռներին (պապի փոխարեն էլ). «Դուք սասունցի Մերուժի թոռներն եք,- ասում է նա,- պետք է նրա նման հայրենասեր, ուժեղ եւ խելացի լինեք»։

Առյուծ Մերուժի տոհմը շարունակվում է…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #02 (918) 19.01.2012 – 25.01.2012, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


25/01/2012