Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԱՌԱՍՊԵԼԸ



Լրանում է Մովսես Գորգիսյանի մահվան քսաներկուերորդ տարին: Նա շատ քիչ ապրեց, սակայն այդ կարճ ժամանակահատվածում անգնահատելի ծառայություն մատուցեց հայ ժողովրդին: Եվ այն միակ՝ Երասխավանի առաջին կռվին մասնակցությունը բավարար էր, որպեսզի դրսեւորվի նրա ռազմական, հրամանատարական տաղանդը:

1990թ-ի հունվարի 18-ն էր: Առավոտյան ադրբեջանցիները սպանել էին Երասխավանի գինու գործարանի փոխտնօրենին և մի խաղաղ բնակչի: Բոթը տարածվել էր հանրապետությունով մեկ: Հանրապետության տարբեր բնակավայրերից Երասխավան էին ժամանում կամավորական ջոկատներ: Շտաբից ինձ և արարատցի Պետրոսին նշանակել էին պահակադիր: Մենք ժամանող ջոկատներին ուղեկցում և տեղավորում էինք գյուղի` բնակիչների կողմից լքված սեփական տներում: ԱԻՄ-ի ջոկատի տղաներին տեղավորեցինք գյուղի ծայրամասում գտնվող սարի մոտ, երկհարկանի տանը: Քանի որ ջոկատի կազմում էին իմ` Աֆղանստանի ընկեր և Գորգիսյանի համադասարանցի Արմեն Հովակիմյանը, Հարութը և ղարաբաղյան շարժումից ծանոթ էլի շատ տղաներ, այդ իսկ պատճառով ես մնացի ջոկատի հետ: Ջոկատը, որը համալրված էր հիմնականում ուսանողներով, այն ժամանակվա կարգապահ ջոկատներից մեկն էր: Ջոկատում էին Աշոտ Նավասարդյանը, Ազատ Արշակյանը, Հայկ Գևորգյանը, Էդվարդ Խաչիկյանը, Դանիելը, Վարդան Հարությունյանը, Մարտին Ճերմակյանը և էլի շատ հայտնի ԱԻՄ-ականներ, որոնք նախկինում եղել են ԱՄԿ-ի անդամներ: Պարույր Հայրիկյանը այդ ժամանակ գտնվում էր աքսորում…

♦♦♦

Հայկական Երասխավան և ադրբեջանական Սադարակ բնակավայրերը բաժանում է մի ոչ մեծ սար (լեռնաշղթա): Այն ժամանակ` 90-ականներին, սարի վրա գտնվող դիրքերից, ինչպես ձեռքի ափի մեջ, ադրբեջանցիները մշտական կրակի տակ էին պահում Երևան-Վայոց ձոր տանող ավտոճանապարհը և Երասխավանը, ահ ու սարսափի մեջ պահելով ողջ գյուղի բնակչությանը: Ինձ Աֆղանստանից հայտնի է մի ճշմարտություն. պատերազմի ժամանակ նա է իրադրության տերը, ում դիրքերը գերիշխող են շրջապատի նկատմամբ:

Անհրաժեշտ էր այդ սարը գրավել և վնասազերծել կրակակետերը:

Հաջորդ օրը՝ հունվարի 19-ի լուսադեմին, թանձր մառախուղը իր քողի տակ էր առել ողջ գյուղը, դիմացի սարը չեր երևում: Մոսոյի «Մարգուլին» տիպի ատրճանակից փորձնական կրակոցներ էինք կատարում հեռվում տեղադրված դատարկ շշերի թիրախների վրա: Ժամը 11-ի սահմաններում մառախուղը կամաց-կամաց հետ քաշվեց, և դիմացի սարը տեսանելի դարձավ: Աջ կողմում գտնվող ադրբեջանցիների գինու գործարանից լսվեցին ավտոմատի կրակահերթի ձայները:

Քիչ հետո նույն գինու կոմբինատից մի հուժկու պայթյուն լսվեց, ծուխ բարձրացավ, ու կոմբինատի տարածքում մարդիք երևացին: Մեզ ռադիոկապով հայտնեցին, որ աջ թևից մերոնք անցել են հարձակման: Հրաման եղավ ձախ թևից նույնպես հարձակվել սարի վրա տեղակայված հակառակորդի դիրքերի վրա:

Մոսոն այստեղ էլ առաջինն էր, նա էր առաջնորդում հարձակման գնացող տղաներին: Իսկ մենք Աշոտ Նավասարդյանի հրամանատարությամբ կրակահերթերով ապահովում էինք գրոհող տղաների թիկունքը:

Ավտոպարկի միջով տղաները ճակատ առ ճակատ գրոհեցին հակառակորդի դիրքերը: Նոր էին բարձրացել դիմացի բլուրը, երբ տղաները հայտնվեցին ադրբեջանցիների հուժկու կրակահերթի տակ: Տղաները ստիպված թողեցին բլուրը և ցած իջան: Առաջինը մեզ մոտեցավ ձեռքից վիրավոր Բյուրեղավանի ջոկատի հրամանատար Վրեժը, հետո Ճերմակյան Մարտինը, որը ասաց, թե Մոսոն վիրավոր է…

♦♦♦

Ավտոպարկի սկզբնամասում մեզ հանդիպեց ոտքից վիրավոր «Արջ» Աշոտը` «Մեծն Տիգրան» կամավորական ջոկատից: Շարժվեցինք առաջ, որից հետո սկսվում էր շինություններից զուրկ բաց տարածք: Քողարկվելով ցանցավոր պարիսպի բետոնյա հիմքի հետևում՝ առջևից ես, հետևից տղաները, փորսող, կրակահերթեր արձակելով շարժվում էինք ադրբեջանցիների դիրքերի ուղղությամբ: Հանկարծ դիմացս նկատեցի մեջքի վրա պառկած Երվանդ Սաղումյանին: Երբ մոտեցանք, պարզվեց, որ կրծքավանդակի հատվածում վերք ունի: Տղաները մնացին Երվանդին օգնելու, իսկ ես և Մարտինը առաջ գնացինք… բաց տարածքում ընկած էր Մոսոյի անշարժ մարմինը` մի ձեռքը գլխի վերևի հատվածում, մյուս ձեռքը մարմնի տակ: Կանաչ գույնի բաճկոնի գրպանից երևում էր ռադիոընդունիչը, իսկ ավտոմատը չկար: Փորսող մոտեցա, ձեռքս մտցրի գլխի տակ, որպեսզի բարձրացնեմ, անմիջապես ձեռնոցս արյունոտվեց: Գնդակների տարափի տակ Մոսոյի մարմինը մի կերպ դուրս բերեցինք բաց դաշտից եւ դրեցինք մեզ սպասող ինքնաշեն զրահամեքենան, որն էլ շտապ տեղափոխեց Արարատի քաղաքային հիվանդանոց։ Հիվանդանոցում մահացավ Երվանդը, բժիշկը հաստատեց Մոսոյի ու Երվանդի մահը:

Երբ ԱԻՄ-ի գրասենյակում, որը այն ժամանակ գտնվում էր Բարեկամության փողոցի վրա (Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին շենք), պատմեցի եղելությունը, Հակոբջան Թադեւոսյանը, որպես հիշատակ, վերցրեց Մոսոյի արյունով ներկված իմ ձեռնոցները, հպեց իր աչքերին և սկսեց բարձրաձայն արտասվել: Այդ ժամանակ նոր միայն իմ աչքերը թրջվեցին:

…Մոսոյի մահից հետո մեծ հոսք սկսվեց «Անկախության բանակ». ահել ու ջահել, վրեժխնդրությամբ լցված, գալիս և համալրում էին ջոկատի շարքերը:

♦♦♦

Մեր հանրապետության սահմանի այդ հատվածի անվտանգության համար երախտապարտ ենք Մովսես Գորգիսյանին: Լինելով Երասխավանում, անցնելով Երևան-Եղեգնաձոր ճանապարհով նայում եմ այդ սարերին, որն այսօր հսկվում է հայ զինվորի կողմից, հասկանում եմ, որ նա էր այն աստիճանը, որի վրայով սկսեց բարձրանալ Հայոց բանակը: Իսկ այն սարը՝ մեր առաջին գրաված բարձունքը (որը, չգիտեմ, թե երասխավանցիները ինչպես են անվանում) ես Մոսոյի սար եմ կոչում…

ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
ՀՀ ոստիկանության
ՃՈ ՃԵԿՀ բաժնի տեսուչ, ոստ. մայոր

Խորագիր՝ #02 (918) 19.01.2012 – 25.01.2012, Ճակատագրեր, Պատմության էջերից


25/01/2012