Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈԽԱՆԱԲԵՐԴ



ԽՈԽԱՆԱԲԵՐԴԱրտաքին վտանգի անընդհատ աճող սպառնալիքը դարեր շարունակ արցախահայերին ստիպել է  կառուցել ամրոցներ, բերդեր ոչ միայն սահմանամերձ հատվածներում, այլև խորքերում՝ ամրապնդելով կենտրոնական ռազմավարական հանգույցները։ Ահա այսպիսի ամրություններից է Խոխանաբերդը։

Արցախի հինգ մելիքություններից մեկի՝ Խաչենի իշխանության տարածքում է Խոխանաբերդը՝ Հասան-Ջալալյանների իշխանանիստ ամրոցը։

Խաչենի գավառը  հիշատակվում է դեռևս IV դարից  Ներսես Մեծի և Արշակունյաց արքաների գահնամակում։ Ղևոնդ Ալիշանը գրում է. «Խաչենը Սուրբ Կարապետի գլուխն է, Գանձասարն է։ Իսկ սա էլ վկայում է, որ այնտեղ է եղել երկրամասի կենտրոնը, այսինքն՝ Խաչենի բերդը։ Գանձասարի 1271 թ. մի արձանագրությունում այն կոչվում է Սուրբ Խաչեն, որն ապացուցում է, որ իր անունն ստացել է քրիստոնեության առաջին դարերում»։

Խոխանաբերդ կամ Թարխանաբերդ ամրոցը գտնվում է Խաչենագետի աջ ափին, դժվարամատչելի բլրի վրա, ներկայիս Մարտակերտի շրջանի Վանք գյուղից 4 կմ հարավ-արևմուտք։ Ամրոցի ուղիղ դիմաց Գանձասար վանական համալիրն է, իսկ հարավում բարձրանում է անտառապատ Թարխանասարը, որի անունից էլ բերդը երբեմն անվանում են Թարխանաբերդ։

Խաչենի իշխան Հասան-Ջալալը XIII դարում է կառուցել անմատչելի ու անառիկ  Խոխանաբերդը։ Ամենավաղ տեղեկությունը հանդիպում ենք Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն Հայոց» աշխատության մեջ, որտեղ պատմիչը ամրոցին անդրադառնում է մոնղոլների արշավանքների, ինչպես նաև Գանձասարի վանական համալիրի կառուցման առիթով։ Կիրակոս Գանձակեցին հիշատակում է «Խոյախանայ բերդ» ձևով։ Մինչդեռ Միքայել Չամչյանը, հավանաբար ձեռագիր աղբյուրների հիման վրա, բերդն անվանում է Խոխ կամ Խոյախան։

ԽՈԽԱՆԱԲԵՐԴԳանձասարում գրված վաղեմությամբ  ամենահին մագաղաթյա մատյանը Խոխանաբերդի իշխան Վախթանգ-Տանգիկի և նրա կնոջ՝ Խորիշահի պատվերով գրված Ավետարանն է. «Ես՝ Վախտանգ և զուգակից իմ Խորիշահ ցանկացող եղանք սրբոյ Ավետարանիս»։ Այս Ավետարանը դարձել է խոխանաբերդցիների տոհմական սեփականությունը և պահվել է Գանձասարում, սակայն «ի դառն և ի նեղ ժամանակիս» մատյանը վանքի հարստության հետ գերի է տարվել։ 1589 թ. իշխան Ջալալը՝ Մեհրաբ իշխանի որդին, փրկագնել է գերված մագաղաթյա մատյանը և վերադարձրել է իսկական տերերին՝ խոխանաբերդցիներին։

Չնայած Խաչենի իշխաններն ունեին շատ ու շատ այլ նշանավոր ամրոցներ ու բերդեր, բայց, այնուամենայնիվ, նրանք Խոխանաբերդն էին համարում իշխանանիստ և իրենց տիրապետությունն էլ շեշտում էին այդ բերդի անունով՝ «Տէր Խայախանաբերդոյ»։

Խոխանաբերդը Խաչենի մելիքության գլխավոր վարչական կենտրոնն էր, Հասան-Ջալալյանների գլխավոր ամրոցը։ Սելջուկ թուրքերի ասպատակությունների ժամանակ (XII դ.) Խաչենի իշխաններն այս բերդում էին ամրանում և դիմադրում օտար նվաճողներին։ Սելջուկ թուրքերի ներխուժման տարիներին (XII դարի 1-ին կեսին) բերդը երկու անգամ ավերվել է։ Իսկ վերջնականապես ավերվել է XV-XVI դդ. ակ-կոյունլու և կարա-կոյունլու թուրքական ցեղերի արշավանքների ժամանակ։

Խոխանաբերդը պատահական տեղում չէր կառուցվել. հայ իշխանները, արյունահեղություններից խուսափելու համար, ստիպված էին ժողովրդին պատսպարել անհաս ու  դժվարամատչելի, անառիկ լեռներում, որպեսզի կարողանային պայքարել օտար զավթիչների դեմ և հաջողությամբ հաղթանակ տանել՝ դրանով ազատ պահելով երկրամասը ասպատակիչ ցեղերից։

Խոխանաբերդ ամրոցի գլխավոր ժայռագագաթը Խոխանաքարն է՝ միջնաբերդը, որը լեռան արևմտյան եզրին է։ «Սաստիկ զառիվեր, խիստ վտանգավոր և միշտ ահարկու կածան ժեռ քարի վրայով արևելյան կողմից դեպի հարավ-արևմուտք բարձրանում է մանվածո ձևով։ Ահա այսպիսի դժվարատար ու միանգամայն սոսկալի է նեղ կածանն, քանզի, Տերն մի արասցե, եթե սահեցավ բարձրացողի ոտքն կամ փոքր-ինչ ծռվեցավ նրա մարմնո հավասարակշռության դիրքն, իսպառ կորսված է, վասն զի ընկնելուց հետո սեպացյալ ժայռերին զարկվելով պիտի գլորվի անդունդն»։ Մ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ, «ԱՐՑԱԽ», 1895 թ.։

Որպեսզի պաշարման ժամանակ թշնամին չկարողանա խափանել ամրոցի ջրամատակարարումը, ժայռագագաթի արևմտյան կողմում, իրար կից փորված էր երկու վիմափոր ջրամբար, որ ներսից սվաղված էր անջրաթափանց կրաշաղախի ամուր շերտով, որի մնացորդները մինչև վերջերս տեղ-տեղ պահպանվում էին։ Բերդից ներքև Հասան-Ջալալ իշխանի ապարանքն էր, որին ժողովուրդը Դարպասներ էր կոչում։

ԽՈԽԱՆԱԲԵՐԴԽոխանաբերդից 10 կմ հեռավորության վրա գտնվում է մեկ այլ կարևոր ամրոց՝  Կաչաղակաբերդը (Հավքախաղաց), որից այն կողմ՝ Քիրս լեռնաշղթան ու Թարթառ գետի հովիտը։ Խոխանաբերդից հյուսիս Մռավի լեռնաշղթան է։

Խոխանաբերդի մասին մեզ է հասել մի գեղեցիկ ավանդապատում։ Ասում են, որ Ջալալ իշխանին լուր են բերում, թե՝ «Կնիկդ խոխան բերալ ա»։ Իսկ իշխանն էլ, ի պատիվ իր որդու, բերդն անվանել է Խոխանաբերդ։

Ամրոցի արևմտյան և հարավարևմտյան կողմերում տարածվում են գերեզմանոցն ու «Ռուզանի» աղբյուրը։ Ռուզանը (Ռուզուքան) Հասան-Ջալալ իշխանի դուստրն  էր, չկամենալով դառնալ օտար բռնակալի կինը՝ զոհում է իրեն, որպեսզի անմեղ հայ մարդիկ չզոհվեն և Մուրացանի նշանավոր «Ռուզան կամ հայրենասեր օրիորդ» պատմական  դրամայի նախատիպը։ Հասան-Ջալալ իշխանը Խաչենի թերևս ամենանշանավոր իշխանն էր, որի կառավարման տարիներին ամրապնդվել ու կարգավորվել է Արցախի արտաքին  ու ներքին կյանքը։ Նրա ազգանվեր գործունեության թագն ու պսակը Գանձասարի նշանավոր տաճարի կառուցումն էր, որի սկիզբը դրվեց 1216-ին և ավարտվեց 1238-ին։ Հասան-Ջալալ իշխանը մասնակցել է նաև Կեչառիս վանական համալիրի վերակառուցման աշխատանքներին և արձանագրություններից մեկում իրեն հիշատակում է որպես «Տեր Խայախանաբերդոյ»։

Խոխանաբերդի շրջակայքում սփռված են բազմաթիվ հուշարձաններ՝ մ.թ.ա. III-II հազարամյակների դամբարաններից մինչև XII-XIII դարերի եկեղեցիներն ու խաչքարերը, որոնք անցյալի պատմական իրականությունը առավել հանգամանորեն ուսումնասիրելու տեսակետից ամենահավաստի աղբյուրն են։

Արցախի մշակութային ժառանգության պահպանությունն այսօր առաջնային մարտահրավերներից մեկն է ինչպես Արցախի և Հայաստանի, այնպես էլ աշխարհասփյուռ հայության համար, քանի որ Ադրբեջանը, փորձելով ամեն կերպ դուրս մղել արցախցիներին իրենց պատմական հայրենիքից, վարում է ոչ միայն էթնիկ զտման, այլ նաև մշակութային ցեղասպանության քաղաքականություն։

Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ

Խորագիր՝ #19 (1484) 17.05.2023 - 23.05.2023, Հոգևոր-մշակութային


19/05/2023