ՏԱՍԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՀԱՅԵՐ
Սկսենք Րաֆֆու մասին Հովհ. Թումանյանի խոսքով, որն ասվել է մեծ գրողի գերեզմանի վրա, 1913-ին. «Անմահ հոգի, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված՝ քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը…»։
Թումանյանի այս գնահատականը բանալի է՝ Ճանաչելու և հասկանալու այն բացառիկ դերը, որ Րաֆֆին խաղաց գրականության մեջ և հայ ազգային կյանքում ընդհանրապես։ Նա եղել է մտքերի տիրակալ, որին «ենթարկվել են» թե՛ կրտսեր, թե՛ տարեց սերունդներ, գաղափարի նվիրյալներ, որը մագնիսի պես դեպի իրեն է քաշել ազգի լավագույն զավակներին, գրչի քաջակորով մարտիկ, որը մաքառելով խավարի ու տգիտության դեմ՝ նվաճել է գեղարվեստական և հրապարակախոսական խոսքի նոր, մինչ այդ չտրորված տիրույթներ, և վերջապես՝ իր ժողովրդի ներկայի և անցյալի անխոնջ հետազոտող, նրա պատմության փիլիսոփա։ Նրան է պատկանում իմաստուն խոսքը՝ «Հայրենիքը սիրելու համար նախևառաջ պետք է ճանաչել այն»։
Փորձենք առավել բնորոշ կողմերով նորից գծել այս մեծ հայի սքանչելի կերպարը։
Րաֆֆին հայկական ռոմանտիզմի խոշորագույն ներկայացուցիչն էր, նրա հոգևոր բարձրակետը։ Ի՞նչ ասել է ռոմանտիզմ։ Այն գաղափարական և գեղարվեստական ուղղություն էր, որ առաջացավ եվրոպական և ամերիկյան մշակույթի տարբեր բնագավառներում 18-րդ դարի վերջին և իր գերիշխող դիրքը պահպանեց մինչև 19-րդ դարի 1-ին կեսի ավարտը։ Գրականության մեջ ռոմանտիզմն արտահայտվում էր այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են մեծ գաղափարից ծնված ոգևորությունն ու հերոսականությունը, կերպարների հուզական աշխարհի հարստությունը, հզորն ու գեղեցիկը, բացառիկն ու արտասովորը վեհացնելու, այսպես ասած՝ աստվածացնելու ձգտումը: Դա զանգվածների վրա ներազդելու, նրանց «տիրելու» վիթխարի ուժ էր, որին ժամանակի մեծ ռոմանտիկների՝ Հյուգոյի, Բայրոնի, Հայնեի և այլոց պես տիրապետում էր նաև Րաֆֆին. նրա հայրենաշունչ գրքերը ձեռքից ձեռք էին անցնում, հափշտակությամբ կարդացվում մոմի լույսի տակ, ոգևորում ու ոգեշնչում, և քանի՜ հայ քաջորդու սիրտ ջերմացավ նրա հերոսների ոգեղեն կրակներով, քանիսի՜ն վարակեց ազգասիրությամբ։
Մի կարևոր նկատառում. հայ գրականության մեջ ռոմանտիզմը մուտք գործեց ավելի ուշ՝ 19-րդ դարի 40-ական թվականներին, երբ հրապարակ եկան Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին», Ղ. Ալիշանի «Նահապետի երգերը»՝ արտահայտելով ժողովրդի ազատասիրական ձգտումները։ Հենց ազգային-ազատագրական պայքարի գաղափարն էր, որը, որպես գեղարվեստական իդեալ, ընկավ հայկական ռոմանտիզմի հիմքում՝ իր ցայտուն արտացոլումը գտնելով հաջորդ սերնդի ռոմանտիկ գրողներ Ռ. Պատկանյանի, Մ. Պեշիկթաշլյանի, Ս. Շահազիզի, Ծերենցի, Մուրացանի և այլոց հայրենասիրական երկերում։ Հայոց երևելիների այս շարքում Րաֆֆուն էր վիճակված առաջինը լինել թե՛ իր ստեղծագործությունների ծավալով, թե՛ դրանց թեմատիկ բազմազանությամբ և թե՛ գեղարվեստական խոսքի ուժով։ Սրանք Րաֆֆու անզուգականության, հայ իրականության մեջ նրա խաղացած դերի բացառիկության ու եզակիության գլխավոր հատկանիշներն են, որոնց, իր իսկ օգնությամբ, անդրադառնանք ավելի մանրամասն։
Րաֆֆին առաջինն էր հայ գրողներից, որ մեծակտավ գործերով անդրադարձավ հայոց պատմությանը՝ մտավ նրա խորքերը և մոռացությունից հանեց հին ժամանակների հերոսներին, սերունդներ կրթեց նրանց հայրենասիրությամբ և ազգասիրական հզոր լիցք ներարկեց հայ հասարակությանը։ Նա այդպիսով ոչ միայն գեղարվեստական, այլև խորապես ազգային խնդիր էր լուծում, անցյալը ծառայեցնելով ներկային՝ միաժամանակ ստեղծում գրական մեծ արժեքներ («Դավիթ Բեկ», «Պարույր Հայկազն», «Սամվել»)։
Րաֆֆին առաջինն էր հայ գրողներից, որ մեծ գրականություն բերեց նոր կերպարներ՝ վաճառականներ, վաշխառուներ, զանազան կարգի հարստահարիչներ, վամպիրներ, որոնք ծծում էին ժողովրդի արյունը՝ նրան մատնելով թշվառության ու զրկանքների։ Այն, որ դրանով կոտրվում էր ժողովրդի մեջքը, Րաֆֆին համարում էր հասարակական մեծ արատ, միաժամանակ՝ ազգին հասցվող ծանր հարված, սոցիալական չարիք, որոնց գեղարվեստական պատկերումը հայ գրականություն էր բերում նոր թեմա և հոգեբանություն, նոր ասելիք («Ոսկի աքաղաղը», «Անմեղ վաճառքը», «Ուխտյալ միանձնուհին»)։
Րաֆֆին առաջինը հայ գրողներից խորությամբ ու մեծ վարպետությամբ գեղարվեստական արձակի նյութ դարձրեց արևմտահայության թշվառ կյանքը, վավերագրեց նրա տխուր պատկերները, տագնապներն ու հույսերը։ Անպտուղ համարելով Հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտական ուղին` նա հանգեց ազգային-ազատագրական պայքարի գաղափարին, որի իրականացման «անդադար և անընդհատ նախապատրաստությունը» պետք է դառնար արևմտահայության գլխավոր խնդիրը։ Սա ծրագիր էր, որի գեղարվեստական պատկերումը Րաֆֆին համարեց իր՝ գրողի պարտքը, դրա կատարումը՝ իր ծառայությունը հարազատ ժողովրդին («Կայծեր», «Խենթը», «Ջալալեդդին», «Ղարիբ մշեցին»)։
Րաֆֆին առաջինն էր, որ գրականություն բերեց նաև պարսկահայության թեման։ Լինելով պարսկահայ (ծնվել էր Սալմաստի գավառի Փայաջուկ գյուղում, 1835-ին)՝ նա քաջածանոթ էր այն ծանր վիճակին, որի մեջ հայտնվել էր իր ժողովրդի մի ստվար հատվածը, պարսկահայության դառը ճակատագիրը կիսել էր նաև անձնապես (հայրը հարուստ ազնվական էր, որը, չդիմանալով ճնշումներին, սնանկացավ), և ահա նրա հարուստ տպավորությունները դարձան գեղարվեստական պատկերներ, որոնք զգալիորեն ընդլայնեցին հայ գրականության թեմատիկ շրջանակները («Սովը», «Մի օրավար հողը», «Գեղեցիկ Վարդիկը», «Անբախտ Հռիփսիմեն»)։
Րաֆֆին իր նախորդը չունեցավ ևս մեկ ասպարեզում. հայ գրողներից նա առաջինն էր, որ արձակի նյութ դարձրեց օտար ազգերի կյանքը՝ մայրենի գրականությունը հարստացնելով նոր գույներով ու երանգներով («Հարեմը», «Բիբի-Շարաբանին», «Խազ-փուշը»)։
Րաֆֆին առաջինն էր, որ գեղարվեստորեն արծարծեց անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը՝ ցույց տալով, որ մարդիկ բարի կամ չար չեն ծնվում, այլ այդպիսին են դառնում հասարակական ապականված մթնոլորտում, մարդատյացության, ընչաքաղցության, բնազդական կրքերի ազդեցության տակ, ուստի նախևառաջ պետք է բարեփոխել հասարակությունը ¥«Խաչագողի հիշատակարանը», «Զահրումար», «Մինն այսպես, մյուսն այնպես»¤։
Րաֆֆին ինքը հպարտությամբ նշում էր. «Մեզանից առաջ հայոց պատմությունը սկսվում էր Հայկից և վերջանում էր Լևոն Զ-ով։ Մենք եղանք առաջինը, որ անհայտության միջից գտանք մի կորած իշխանություն»։ Խոսքը Ղարաբաղի մելիքական տների իշխանության մասին է։ Հետազոտելով հսկայական պատմական նյութ, ծայրից ծայր ոտքի տակ տալով Ղարաբաղի ողջ տարածքը՝ Րաֆֆին ցույց տվեց, որ հայ մելիքությունները, լինելով հայոց նախարարական կամ իշխանական տոհմերի կենսունակ բեկորները, հայ պետականության վերջին պատվարի՝ Կիլիկյան Հայաստանի անկումից հետո էլ կարողացան մեծ ճիգերի գնով բորբոք պահել նույն այդ պետականության կայծերը, համառ պայքարով ճանաչել տալ իրենց որպես ինքնուրույն իշխանական կազմավորումներ, որոնց հետ հաշվի էին նստում ինչպես թշնամիները, այնպես էլ ռուսական արքունիքը ¥«Խամսայի մելիքությունները»¤։
Րաֆֆին Ղարաբաղի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք դրսևորեց՝ թարգմանելով ռուս գրող Պ. Զուբկովի «Ղարաբաղի աստղագետը» վեպը և դրա հայերեն հրատարակությանը կցելով իր «Թարգմանչից» առաջաբանը։ Ռուս և հայ գրողների երկերի միջև ընդհանուր շատ բան կար։ Րաֆֆին ուղղակի նշում էր, որ Զուբկովի վեպը թարգմանել է որպես լրացուցիչ կամ օժանդակ նյութ՝ ապացուցելու Ղարաբաղում, ի դեմս մելիքությունների, հայկական պետական կազմավորումների գոյությունը մինչև նորօրյա ժամանակները։ Ավելորդ չէ նշել, որ Րաֆֆին հատուկ պրպտումներ էր կատարել և գտել, որ Զուբկովը Անդրկովկաս՝ ծառայության էր եկել դեռևս Պավել ցարի գահակալության օրոք, այնտեղ մնացել շուրջ երեսուն տարի և լավ գիտեր Ղարաբաղում տիրող իրադրությունը։ Ահա թե ինչ է ասում ռուս գրողը Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարյանի բերանով. «Խամսայի բոլոր հինգ մելիքները միացած էին բարեկամության և արյան ամուր դաշնակցությամբ։ Նրանց հաջորդները հետևեցին նախորդների օրինակին, և մեր հայրենիքի անկախությունը պահպանվեցավ»։ Սա նաև Րաֆֆու խոսքն էր։
Րաֆֆին արեց ևս մեկ քայլ. այդ շրջանում լույս էր տեսել «Գաղտնիք Ղարաբաղի» վերնագրով մի ողորմելի գիրք, և Րաֆֆին իրեն հատուկ կրքոտությամբ հրապարակախոսական սուր հոդվածով (այն մի ամբողջ ուսումնասիրություն է) ոչ միայն ջարդուփշուր արեց այդ գիրքը՝ մեկ առ մեկ նշելով սխալ փաստերն ու պատմական խեղաթյուրումները, այլև ապացուցեց հեղինակի կեղծ լինելը։ Ճշմարտության կրքոտ պաշտպանությունը, հետևողականությունը Րաֆֆու բնորոշ գծերից էին։
Ղարաբաղի մելիքությունների օրինակով Րաֆֆին հետապնդում էր հեռահար նպատակ՝ ցույց տալ, որ ոչ հեռու անցյալում հայերն ունեցել են անկախ իշխանություն, ուրեմն՝ այն ազգովի կարելի է նվաճել նաև հիմա։
Գրողն իր լավագույն գործը համարում էր հենց «Խամսայի մելիքությունները», այնուամենայնիվ, նրան փառք բերեց «Կայծեր» վեպը։ Ամենայն իրավամբ, այն համարվում է 19-րդ դարի հայ ազգային-ազատագրական շարժումների գեղարվեստական հանրագիտարանը, նորագույն շրջանի հայոց պատմության ասք-էպոսը, որի յուրաքանչյուր էջը շնչում է ազատ հայրենիքի գաղափարով, և այդ գաղափարի կայծերն են, ահա, որ լուսավորում են վեպի ռոմանտիկ հերոսներ Ասլանի, Կարոյի, Սագոյի, Ֆահրատի ճանապարհը։ Նրանք Աբովյանի այնքան սիրած ու պաշտելի Աղասու արյունակից եղբայրներն են, և պատահական չէր, որ Րաֆֆին զուգահեռ էր անցկացնում «Վերք Հայաստանի» և «Կայծեր» վեպերի միջև, դրանք դիտում ժողովրդի կենսագրության շարունակականության շղթայում, օրգանական միասնության մեջ։
«Կայծերը» Րաֆֆու կյանքի գիրքն էր, ամենայն իրավամբ ավելացնենք՝ նաև ժողովրդի գիրքը, որը հեղինակին դարձրեց հիրավի համազգային գրող։ Ավելորդ չհամարենք նկատել, որ այն տպագրվել է հրետանային գնդապետ Մելիք-Հայկազյանի բարերարությամբ։
Րաֆֆին 19-րդ դարի 2-րդ կեսի հայ ազգային-ազատագրական շարժման գաղափարախոսն էր, ազգային զարթոնքի շեփորահարը, և պատահական չէր, որ իշխանությունների կողմից հետապնդվող ազատամարտիկների մոտ գրեթե միշտ հայտնաբերվում էին նրա գրքերը և բռնագրավվում։ Նա ինքը բազմիցս ենթարկվել է հետապնդումների, խուզարկությունների, կալանավորման։ Գրող և գեղագետ լինելով՝ եղել է բնավորությամբ քաջարի, համարձակ մարդ։ Բազմաթիվ են դեպքերը, երբ նա իր երկար ճանապարհորդությունների ընթացքում, անցնելով վտանգների միջով և հանդիպելով զինված ավազակների, թալանչիների, խիզախորեն մարտի է բռնվել նրանց հետ և ստիպել նահանջել։
Աբովյանի մեծ գործի շարունակողն ու զարգացնողն էր Րաֆֆին՝ մանկավարժ, ազգագրագետ, հրապարակախոս, լուսավորիչ, որն ուզում էր իր ազգը տեսնել աշխարհի լուսավորյալ ազգերի շարքում։ Գրականության մեջ նա հասավ դրան. խորապես կապված լինելով ազգային մշակույթի ավանդույթների հետ և յուրացնելով եվրոպական գրականության նվաճումները՝ նա իր լավագույն գործերով հայ արձակը մոտեցրեց իր ժամանակի համաշխարհային գրականության չափանիշներին, եղավ գեղարվեստական խոսքի մեծ նորարար՝ մշտապես մնալով ազգային հողի վրա։ Նրա վիթխարի գրական ժառանգությունը հայ ժողովրդի ազգային հարստությունն է։
ՆՈՐԱՅՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Խորագիր՝ #19 (1484) 17.05.2023 - 23.05.2023, Հոգևոր-մշակութային