Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՅՐԵՆԻՔՆ ԸՆՏԱՆԻՔ ՄԸՆ Է»



«ՀԱՅՐԵՆԻՔՆ ԸՆՏԱՆԻՔ ՄԸՆ Է»Ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը մայիսի 16-ին կդառնար 100 տարեկան:

Մեծին վայել պարզությամբ ու իմաստնությամբ լի հակոբյանական մտորումները նրա նկարների նման գունեղ են, ազնիվ, անպաճույճ ու ի սրտե։ Նրա խոսքը հնչում է որպես սթափության կոչ, որպես հայրենիքը սիրելու ու սեփական գոյությունը հայրենաշեն գործերով իմաստավորելու պատգամ։

 

– Պիտի խնդրեմ, որ պատմեք պատմական հայրենիքից, Ձեր ծննդավայրից տեղահանված Հակոբյանների ընտանիքի մասին, որը կիսեց իր հայրենակիցներից շատերի ճակատագիրը…

– Հայրս Այնթապում է ծնվել, ես՝ Եգիպտոսում։ Հայրս լուսանկարիչ էր։ Նա աշխարհի ամենալավ հայրն էր ու մահացավ, երբ ես յոթ տարեկան էի։ Հորս մահից կարճ ժամանակ անց մահացավ նաեւ մեծ մայրս։ Իսկ մեծ հորս թուրքերը մորթեցին Դեր Զորում։

Ես ստիպված էի կիսատ թողնել ուսումս եւ վերադառնալ Եգիպտոս՝ մորս մոտ, ու աշխատել։ Եգիպտոսում այդ ժամանակ 30-35 հազար հայ կար։ Հայերը հարգված էին՝ որպես շնորհալի ու աշխատասեր մարդիկ։ Կային բարձր պաշտոնյաներ, նույնիսկ հայազգի վարչապետ է եղել։

«ՀԱՅՐԵՆԻՔՆ ԸՆՏԱՆԻՔ ՄԸՆ Է»– Ասում են՝ հայկական համայնքը այնտեղ միշտ էլ եղել է ամուր, հավաք, պահել է իր ազգային նկարագիրը, ինքնությունը…

– Քանի՞ տարի՝ երեսո՞ւն, քառասո՞ւն… հայրենիքից հեռու ոչ ոք չի կարող հայ մնալ, մոռացե՛ք։ Հայրենիքից հեռանալը անձնապահպանություն է։ Ես չեմ դատապարտում. ամեն ոք իրավունք ունի ապրելու այնտեղ, որտեղ ցանկանում է, բայց մի՛ խոսեք հայ մնալու մասին։ Ես հասկանում եմ՝ մենք դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, սեփական հողի վրա ապրել ենք ճորտի հոգեբանությամբ։ Օտարի իշխանության տակ մենք մտածել ենք միայն ինքներս մեր մասին, մեր ընտանիքի մասին։ Անկախությունը չէր կարող միանգամից փոխել մեր հոգեբանությունն ու մտածելակերպը։ Երկիրն անկախացավ, բայց ճորտի հոգեբանությունը մնաց։

– Ինչպիսի՞ն է ճորտի հոգեբանությունը…

– Եթե երկիրը քոնը չէ, ուզած պահին կարող ես հեռանալ մեկ ուրիշ ավելի լավ երկիր, որովհետեւ դու միայն քո բարեկեցության մասին ես մտածում ու օտար երկիրը պահելու, շենացնելու, պաշտպանելու պարտավորություն չունես։ Եթե երկիրը քոնը չէ, այդ երկրում ապրելով՝ միակ նպատակը քո անձն ու ընտանիքը ապահով, անվտանգ պահելն է, իսկ սեփական հայրենիքում, որտեղ դու տեր ես, մտածում ես նաեւ ազգիդ, երկրիդ մասին։ Հայրենիքն ընտանիք է։ Այս ամենով հանդերձ, պիտի ասեմ, որ հայրենիքն էլ պարտք ունի իր զավակների հանդեպ։ Մենք ասում ենք՝ մայր հայրենիք։ Մայր, այսինքն՝ կյանք տվող, սնող…

«ՀԱՅՐԵՆԻՔՆ ԸՆՏԱՆԻՔ ՄԸՆ Է»– Իսկ Դուք ներգաղթել եք։ Դուք, Ձեր կինը՝ նկարչուհի Մարի Հովելյանը, եւ Ձեր երկու աղջիկները։ Ի՞նչը Ձեզ բերեց Հայաստան։

– Դուք իրավունք չունեք նման հարց տալու։ Մենք հայտնվել էինք Եգիպտոսում ոչ թե հայրենիքը լքելու հետեւանքով, այլ հայրենիք էինք կորցրել ու հայրենիք էինք փնտրում։ Իսկ հայրենիքը մեկն է՝ Հայաստանը (սոցիալիստական, թե կապիտալիստական)։ Մենք հայրենիք էինք երազում։

– Այսօր երկրից հեռացող արվեստագետները պնդում են, որ Հայաստանը նեղ է լիովին ինքնադրսեւորվելու եւ կայանալու համար։ Դուք ապրել եւ ստեղծագործել եք Հայաստանում, եւ դա չի խանգարել, որ նվաճեք ամենամեծ բարձունքները, որ Ձեր անունը դրվի հայոց մեծանուն նկարիչների կողքին։

– Անկեղծ ասած, ես ինձ հայոց մեծ նկարիչների շարքը չեմ դասում։ Ես սովորական նկարիչ եմ, մեծը Մարտիրոս Սարյանն է, Հարություն Կալենցը, Մինաս Ավետիսյանը, բայց նրանք էլ են ապրել ու ստեղծագործել Հայաստանում ու համաշխարհային հռչակ ունեն։ Նրանք, ովքեր հեռանում են երկրից, այլեւս Հայաստանինը չեն, ես այդպես եմ կարծում։

– Դուք Ռուսաստանի Դաշնության ակադեմիայի ակադեմիկոս եք, Հայաստանի ժողովրդական նկարիչ, արժանացել եք բոլոր հնարավոր տիտղոսներին ու շքանշաններին։ Ես վերջերս իմացա, որ չունեք ակադեմիական կրթություն։

– Ես ընդհանրապես կրթություն չունեմ (նույնիսկ Մելքոնյան վարժարանը չեմ ավարտել)։ Ես չեմ նսեմացնում կրթության դերը, եթե բարձրագույն կրթություն ունենայի, թերեւս ավելի կրթված «ՀԱՅՐԵՆԻՔՆ ԸՆՏԱՆԻՔ ՄԸՆ Է»կլինեի, ավելի շատ բան կիմանայի։ Ես նկարում եմ, ինչպես կարողանում եմ, ինչպես զգում եմ։ Ես ինձ նկարչական որեւէ դպրոցի հետեւորդ չեմ համարում, չեմ ջանում իմ նկարչությունը համապատասխանեցնել ինչ-որ օրենքների ու սահմանումների։ Ես նկարում եմ իմ ապրած կյանքը։ Մի ժամանակ սիրում էի նկարել խեղճ մարդկանց (երբ Եգիպտոսում էի), այն մարդկանց, ովքեր գթության կարիք ունեն։ Երբ եկա Հայաստան, սկսեցի նկարել հայրենիքս։ Ես նկարում եմ այն ամենը, ինչ սիրում եմ։ Ես սիրում եմ մարդուն, սիրում եմ հայրենիքս։

Ես հայ նկարիչ եմ, ու հայկականության կնիքը կա իմ յուրաքանչյուր կտավի վրա։ Ի՞նչն է դա՝ գո՞ւյնը, ապրո՞ւմը, գուցե մեկ ուրիշ բան… չգիտեմ։ Երբ օտարության մեջ հանկարծ հայերեն ես լսում, հայի ձայն ես լսում, մարմնովդ ինչ-որ անբացատրելի ալիք է անցնում, ինչ-որ սարսուռ… Հայկականությունը այդ սարսուռն է, այդ անըմբռնելի կապը արյանդ հետ, էությանդ հետ։

– Պարոն Հակոբյան, ինչո՞ւ մենք չկարողացանք 20-րդ դարասկզբին պահել մեր երկիրը։ Ինչո՞ւ կորցրինք մեր հայրենիքը։

– Որովհետեւ փոքր էինք։ Փոքր էինք ու վտանգված։ Չգիտեմ՝ ինչու էինք փոքր։ Դեռեւս Խորենացու ժամանակներից փոքր ենք եղել։ Խորենացին ասում էր՝ փոքր ածու ենք։ Եթե մենք՝ արեւմտահայերը, 2 միլիոնի փոխարեն 20 միլիոն լինեինք, մեզ չէին մորթի, տեղահան չէին անի, չէին հայրենազրկի։ Տաղանդավոր լինելը, հզոր արվեստ ու մշակույթ ստեղծելը քիչ է, պետք է մեծ լինել, հզոր, ֆիզիկապես ուժեղ։ Այլապես քեզ բնահան կանեն ու կյուրացնեն քո ստեղծած մշակույթը։

– Ի՞նչ կասեք սահման պահող զինվորին։

– Զինվորին ոչինչ ասել պետք չէ, զինվորին լավ վերաբերմունք է պետք։ Ինչքան ուզում ես՝ գովաբանիր զինվորին, ոգեւորիր, զինվորը չի զորանա, եթե չզգա սեր եւ հոգատարություն։

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայ զինվորի» արխիվից

Խորագիր՝ #19 (1484) 17.05.2023 - 23.05.2023, Հոգևոր-մշակութային


19/05/2023