Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ներկայությունն ընդլայնելու ծրագրերի մասին՝ Չինաստանի աճող ազդեցությանը դիմակայելու համար։ Բլինքենի կարծիքով՝ Չինաստանն այժմ ամենալուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերն է։ Միևնույն ժամանակ, նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության և պատրաստ է զարգացնել հարաբերությունները առաջնահերթ բնագավառներում։

Ռուսաստանի Դաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի ստեղծման համաձայնագիր են ստորագրել։ Պաշտոնական արարողությանը մասնակցել են նաև երկու երկրների նախագահները։

Ռեշտ-Աստարա գծի երկարությունը կկազմի 170 կմ։ Այն անհրաժեշտ է Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքի ցամաքային հատվածները միացնելու համար, ինչը թույլ կտա բարձրացնել անդրկասպյան երթուղու տնտեսական արդյունավետությունը։ Ռեշտ-Աստարա գիծը կկառուցվի Մոսկվայի և Թեհրանի մասնակցությամբ, իսկ Աստարա (Իրանի քաղաք)-Աստարա (Ադրբեջանի քաղաք) գիծը՝ նաև Բաքվի մասնակցությամբ։ Ռուսաստանի Դաշնությունը 1,3 միլիարդ եվրոյի միջպետական վարկ կհատկացնի երկաթգծի շինարարության համար: ՌԴ-ն և Իրանը մտադիր են մինչև 2030 թվականը երկաթուղով տարանցումը հասցնել 15 միլիոն տոննայի: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Ռեշտ-Աստարա երկաթուղու ստեղծման մասին համաձայնագիրը կարևոր և ռազմավարական քայլ է համարում Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում: Իսկ ԱՄՆ-ը ոգևորված չէ երկաթուղու նոր հատվածի կառուցմամբ, քանի որ երկկողմ նախագիծը կօգնի Իրանին և Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Իսրայելի իշխանություններին առաջարկել է համատեղ ռազմական պլանավորում իրականացնել Իրանի վերաբերյալ։ Իսրայելցի որոշ պաշտոնատար անձինք մտավախություն ունեն, թե դա փորձ է «կապելու Իսրայելի ձեռքերը» և թույլ չտալու գործողություններ ձեռնարկել Իրանի միջուկային օբյեկտների դեմ:

Չինաստանը անհատույց 26 մլրդ յուան (մոտ 3,72 մլրդ դոլար) կտրամադրի Կենտրոնական Ասիայի երկրներին ֆինանսական աջակցության շրջանակներում, ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը: Չինաստանը նաև պատրաստ է օգնել Կենտրոնական Ասիայի երկրներին՝ ամրապնդելու նրանց պաշտպանական ներուժը: Հայտարարությունն արվել է «Չինաստան-Կենտրոնական Ասիա» գագաթնաժողովի ժամանակ, երբ Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը ստորագրել են Սիանի հռչակագիրը և հստակեցրել հարաբերությունների զարգացման պլանը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միջազգային ազդեցիկ հարթակներում ներկայացրել է իր երկրի դիրքորոշումը։ Նրա համոզմամբ՝ ուկրաինական խաղաղության բանաձևի իրականացումը պետք է ներառի հնարավորինս շատ պետությունների։ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում նա մասնակցել է «Արաբական պետությունների լիգայի» գագաթնաժողովին։

Այնուհետև Զելենսկին այցելել է Ճապոնիա, ներկա եղել G7-ի երկրների գագաթնաժողովին։

ՌԴ ԱԳՆ-ում արձագանքել են G7-ի գագաթնաժողովին՝ նշելով, թե «Յոթնյակը» տառացիորեն մտասևեռվել է Մոսկվայի հետ համապարփակ առճակատման վրա։ ԱՄՆ ջանքերով այն ստանձնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և հիբրիդային պատերազմի այլ տարրերի պլանավորման շտաբի գործառույթները, ներառյալ՝ Կիևին արևմտյան ռազմական մատակարարումների ծավալի և ժամկետների որոշումը։

Եվրամիությունը ողջունում է «Մեծ յոթնյակի» որոշումն Ուկրաինային F-16 կործանիչներ տրամադրելու մասին, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Տարբեր պետություններ արդեն տվյալ դասի ինքնաթիռներով թռչելու համար ուկրաինացի օդաչուների պատրաստման գործընթացին միանալու ցանկություն են հայտնել:

Ռուսական կողմը նշել է՝ Ուկրաինային F-16-երի մատակարարումը «հսկայական ռիսկեր» է պարունակում արևմտյան երկրների համար:

Չորս տարվա ընդմիջումից վերականգնվել են Ռուսաստանի և Վրաստանի միջև ավիափոխադրումները։ Մայիսի 10-ին Ռուսաստանը չեղյալ էր հայտարարել Վրաստանի հետ վիզային ռեժիմը եւ հանել ռուսական ավիաընկերությունների՝ Վրաստան ուղիղ չվերթների արգելքը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մոսկվայի որոշումը սադրանք է համարել և Մոսկվա ուղիղ չվերթներ սկսելու որոշման պատճառով բոյկոտել է վրացական «Georgian Airways» ազգային ավիաընկերության աշխատանքը։ Ի պատասխան՝ ընկերությունը Զուրաբիշվիլիին պերսոնա նոն գրատա է հայտարարել և արգելել իր օդանավերը նստել։

Իրանի ռազմածովային ուժերը պատրաստվում են մոտ ապագայում ռազմանավեր ուղարկել Անտարկտիկա։

Իրանում բենզինի աճող պահանջարկը բավարարելու համար հաջորդ տարի նավթավերամշակման խոշոր գործարան կկառուցվի։ Այժմ պահանջարկն այնքան մեծ է, որ իշխանությունները ստիպված վերսկսել են ներկրումը ավելի քան տասը տարվա ինքնաբավ ռեժիմից հետո։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը միմյանց կարիքն ունեն բոլոր հնարավոր բնագավառներում։

Թուրքիան հիմա պատրաստ չէ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, ասել է Էրդողանը։

Էրդողանը նախագահական մրցավազքում իր գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուին ֆաշիստ է անվանել։ Վերջինս էլ Էրդողանին կեղծ համաշխարհային առաջնորդ է անվանել, որը կողմնորոշված է դեպի Ռուսաստան։

Թուրքիան չի պատրաստվում զորքերը դուրս բերել Սիրիայից։ Միևնույն ժամանակ, Էրդողանը վստահեցրել է, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հաշտեցման հարցում ոչ մի խոչընդոտ չի տեսնում մեկ նախապայմանի ապահովման դեպքում՝ «Սիրիայի հյուսիսում ահաբեկչության դեմ պայքար»։

Ռուսաստանում ընթանում են «Հերմես» նոր բազմաֆունկցիոնալ հրթիռային համալիրի փորձարկումները։ «Հերմեսը» նախատեսված է տանկերի, զրահատեխնիկայի, կառույցների, ցածր արագությամբ ինքնաթիռների խոցման համար՝ մինչեւ 100 կմ հեռավորության վրա: Հիմնական տարբերակի հրթիռը ունի 28 կգ կշռող բեկորային-ֆուգասային մարտական մաս: Համալիրը կարող է տեղադրվել միջին կամ մեծ տարողության ցանկացած ավտոմոբիլային շասսիի վրա:

Ուկրաինան ՆԱՏՕ-ում ընդգրկելը եվրոպական երկրներին թույլ կտա վերահսկել այն եւ վտանգազերծել Եվրոպան Ուկրաինայի կառավարության չմտածված գործողություններից։ Այսպիսի տեսակետ է հայտնել Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար եւ ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Հենրի Քիսինջերը։

G7-ի երկրները պայմանավորվել են շարունակել Ռուսաստանի ակտիվների սառեցումն այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի փոխհատուցել Կիեւի կրած վնասը:

Ռուսաստանը հուլիսի 1-ից կվերսկսի կանոնավոր չվերթները Կուբայի հետ: Կուբան համարվում է Կենտրոնական Ամերիկայում Ռուսաստանի առանցքային գործընկերը։

Թուրքիայում անցկացվել են տեղական մշակման առաջին բալիստիկ «Թայֆուն» հրթիռի նոր փորձարկումները։ Հրթիռի նախապես հայտարարված 561 կմ հեռահարությունը նախատեսվում է հասցնել 1000 կմ-ի։

Իսրայելի բանակի շտաբի պետը հավանական է համարել առաջիկայում Իրանի հետ պատերազմը։

Իրանում էլ հայտնել են օտարերկրյա հետախուզական ծառայություններից մեկի հետ կապված ցանցի ոչնչացման մասին։ Լրտեսական ցանցը զբաղվել է արտերկիր մեկնող պատասխանատու պաշտոններ զբաղեցնող իրանցիների մասին տեղեկություններ հավաքելով:

Ադրբեջանը կլինի առաջին երկիրը, ուր կայցելի Էրդողանը ընտրություններում հաղթելու դեպքում, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #20 (1485) 24.05.2023 - 30.05.2023, Տարածաշրջան


29/05/2023