ԱՌԱՋՆԱԳԻԾՆ ԱՄՈՒՐ Է, ԵՐԲ ԱՄՈՒՐ Է ԹԻԿՈՒՆՔԸ
Մարտական հենակետում հրամանատարի տեղակալին ու մեզ՝ լրագրողներիս զինվորական զեկույցով դիմավորեց դիրքի ավագը։ Սերժանտ Վիրաբ Ռուստամյանի զեկույցից հասկացանք, որ հակառակորդի կողմից շարժ չի նկատվել։ Շրջեցինք առաջնագծում: Նա մեծ խանդավառությամբ պատմեց վերջերս իրականացված ինժեներական աշխատանքների մասին, մարտական հենակետի ամրաշինական, ինժեներական կառույցները ցույց տվեց: Անձնակազմի մարտական պատրաստվածությունը բարձր է, «տագնապ» ազդանշանի դեպքում էլ տղաներից յուրաքանչյուրի խնդիրը՝ հստակ։
Գետնատնակում գտնվող ազատ հերթափոխի զինծառայողները մեզ համար անակնկալ էին պատրաստել։ Սերժանտ Ռուստամյանի տարեդարձն է: Երիտասարդ հրամանատարն իր քսանվեց տարիներից վեցը անցկացրել է առաջնագծում, մասնակցել ապրիլյան մարտական գործողություններին։
Զորացրվելուց հետո որոշ ժամանակով բնակություն է հաստատում արտերկրում, մի քանի ամիս անց կրկին վերադառնում հայրենիք ու անմիջապես ծառայության անցնում զորամասի պայմանագրային գումարտակում։
Վիրաբը Երևանի դատաբժշկական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտի իրավաբանության բաժնի չորրորդ կուրսի ուսանող է, շուտով կավարտի բուհն ու հրամանատարության առաջարկով կմասնակցի կարճաժամկետ սպայական դասընթացներին։
Պայմանագրային Նազարյան Գրիշան էլ տարիներ առաջ ընտանիքով տեղափոխվել էր Արցախ։ Առաջամուղ գյուղում ընտանիքը հողագործությամբ ու անասնապահությամբ էր զբաղվում, իսկ ինքը ծառայում էր պաշտպանության բանակում, նախ՝ Ջրականում, հետո՝ Ասկերանում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Գրիշան իր ստորաբաժանման կազմով մասնակցել է Արցախի պաշտպանության համար մղվող մարտերին։
Պայմանագրային զինծառայող Հովիկ Մկրտչյանը սահմանամերձ բնակավայրում է ծնվել, հասակ առել։ Չորս անչափահաս զավակների հայրն առաջին հերթին հանուն իր զավակների խաղաղ մանկության ու բարօրության է առաջնագծում։
Հայրենիքի պաշտպանի մասնագիտությունն այստեղ՝ սահմանամերձ բնակավայրերում ճակատագրի նախախնամությամբ շատերի համար է դարձել բնական ընտրություն։
Ռինդ գյուղն ունի իր հերոսը՝ Նորայր Մնացականյան:
Նորայրը ուսումնական զորամասում զինվորական մասնագիտության առանձնահատկություններն ու պահանջվող հմտությունները յուրացնելուց հետո զբաղեցրել է ջոկի հրաձիգ-զենիթահարի պաշտոնը։ Դեռևս երկու ամսվա զինծառայող էր, երբ ծնողները զորամասի հրամանատարությունից ստացան առաջին շնորհակալագիրը։
Նորայրը 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 21-ը մասնակցել է մարտական գործողություններին, մասնավորապես՝ հրետանային գնդի հակաօդային պատսպարմանը՝ բազմիցս փրկելով ծառայակիցներին։ Հոկտեմբերի 21-ին Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում հակառակորդի հատուկ դիվերսիոն ստորաբաժանումների հանկարծակի հարձակման ժամանակ շարքային Նորայր Մնացականյանը մահացու վիրավորում է ստանում։
Հայրենասիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից։ Նորայրը հող հայրենին ճանաչել սկսել էր սեփական գյուղից, հայրենի հողում տնկված շիվը ծառ էր դարձել, պտուղ տվել ու սեփական այգու համ ու բույրի մեջ Նորայրը գտել էր ինքն իրեն։
Ռինդի բնակչությունը տեղափոխվել է 1828 թվականին Խոյ և Սալմաստ գավառներից։ Գյուղի հյուսիսարևելյան հատվածում պահպանվել են 12-14-րդ դարերի խաչքարեր, գերեզմաններ և Սուրբ Ստեփանոս եկեղեցու հիմնապատերը: Ռինդում ապրող մարդուն ծանոթ է տեսակի պահպանման դժվարին ճանապարհը, իսկ այդ ճանապարհին մշտապես հույս ու ապավեն են հայոց հավատն ու բանակը։
Վարդան և Անահիտ Գրիգորյանների երկու որդիներն այս պահին առաջնագծում են։
-Առաջնագիծն ամուր է, երբ ամուր է թիկունքը,- ասում է տիկին Անահիտը: Մինչ տղաները մարտական հերթապահության են, իրենք ամուսիններով տնամերձ այգին են մշակում, ամեն անգամ մի տնկի ավելացնում, մի շիվ, մի սերմ, որ տղաները դիրքերից իջնեն ու տեսնեն՝ գյուղն էլի ապրում է, գյուղն էլի կա, իրենց ընտանիքներն այստեղ են՝ իրենց թիկունքին։
Սևակ Ավետիսյանը դպրոցում նախնական զինվորական պատրաստություն է դասավանդում, ուսուցիչ է, այգեգործություն շատ է սիրում, խաղող է մշակում, հասունացած ողկույզներից աշնանը գինի է քամում…
Առաջին հայացքից երանելի է թվում. Սևակը ուսուցիչ է՝ սերունդ է կրթում, հարկ եղած դեպքում՝ զինվոր է՝ հող հայրենին է պաշտպանում, Սևակը մշակ է՝ իր արդար վաստակից անուշաբույր գինի է քամում, որ վստահաբար ամեն ումպի մեջ մարդկային ապրումի հազարավոր թրթիռ ու երանգ ունի, այն սովորական մարդու պարզ, մարդկային ապրումի, որը պատերազմի ու խաղաղության միջև նորից ու նորից ընտրում է կյանքը։
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Խորագիր՝ #21 (1486) 31.05.2023 - 06.06.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում