ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 20-ԱՄՅԱԿԻՆ
Կրակահերթ է, հրո շքերթ է,
Գայլը ոռնում է, փախչում է չուն,
Արյունն է ծորում, ցավում է վերքը,
Բայց նա բարձունքից չի՛ նահանջում։
Հետեւում գյուղն է, իր սուրբ մատուռն է,
Ինքը սահմա՛նն է հայրենիքի,
Հսկում է՝ որպես իր Մեծ Տան դուռը՝
Ուր ամեն ոսոխ պիտի ծնկի։
Շունչն է ծանրանում, բայց դեռ կարող է
Վերջի՛ն լարումով հարվածը տալ,
Նա պիտի պահի՛ սրբազան հողը,
Մինչեւ հետեւից ջոկատը գա։
Հիշում է անցած ոսկե աշունը,
Երբ ընկերներով տվին երդում,
Եվ խրոխտ մի ձայն հեռվից հասնում է.
-Զինվո՛ր, մենակ չես դու այս մարտում։
Ու գնդացիրը հերթով մաղում է
Արյան հոտ առած շակալներին,
Իրե՛նք ուզեցին այս ճոխ թաղումը
Հայացքի առաջ մեր լեռների։
Ցավը մոռացած՝ արդեն ժպտում է
Եվ վիրակապն է մարմնից պոկում,
Փառքո՛վ պսակեց նա իր երդումը՝
Ինչպես վայել է խիզա՛խ մարդուն։
ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Խորագիր՝ #02 (918) 19.01.2012 – 25.01.2012, Հոգևոր-մշակութային