Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում յոթ տարվա ընդմիջումից հետո վերաբացվել է Իրանի դեսպանատունը։ Չինաստանի միջնորդությամբ բանակցություններից հետո երկու պետությունները պայմանավորվել են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը միջուկային օբյեկտներից մեկում ուրանի մասնիկների առաջացման վերաբերյալ Իրանի բացատրությունները համոզիչ է համարել: Մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գործակալությանը նման դիրքորոշման պատճառով մեղադրել է Իրանի միջուկային գործունեության անարդյունավետ հսկողության և փաստացի կապիտուլյացիայի մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներից պահանջել է չմեկնել Իրան։

Ադրբեջանում պաշտպանության ոլորտի ծախսերը կավելանան մինչև 600 միլիոն դոլարով:

Բաքվում բազմաֆունկցիոնալ հրեական կենտրոն կբացվի։ Եվս մեկ օբյեկտի շահագործելը հնարավորություն կտա ավելի ամրապնդել Իսրայելի ազդեցությունն Ադրբեջանի քաղաքականության վրա և վերահսկել Իրանի հետ սահմանամերձ շրջանները։

Հատկանշական է, որ գրեթե միաժամանակ որոշում է կայացվել փակել Բաքվում գտնվող իրանական մշակութային կենտրոնը։

Իրանի ՌՕՈՒ հրամանատար, բրիգադի գեներալ Համիդ Վահեդին հայտարարել է, որ ԻԻՀ-ն պատրաստ է համագործակցել բարեկամական երկրների հետ անօդաչուների օպերատորներ պատրաստելու ոլորտում։

Իրանը ցանկանում է իր տարածքում գազային հանգույց ստեղծել ՌԴ-ի, Թուրքմենստանի և Կատարի հետ՝ հաշվի առնելով, որ երկիրն ունի գազի՝ մեծությամբ երկրորդ պաշարներն աշխարհում:

Ընթացիկ տարվա մարտի 21-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Կենտրոնական Ասիայի երկրներ, Ռուսաստան իրանական ապրանքների արտահանման ծավալն աճել է 50 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը ներկայացրել են «Ֆաթթահ» նոր գերձայնային հրթիռը: Ներկայացված տվյալներով՝ նոր հրթիռն ունակ է շրջանցել հակահրթիռային պաշտպանության բոլոր համակարգերը և ոչնչացնել դրանք։ Հրթիռի հեռահարությունը 1400 կմ է, արագությունը հասնում է 12-13 մախի կամ ժամում 14-15 հազար կիլոմետրի։ Հրթիռն առանձնանում է բարձր ճշգրտությամբ, լավ մանևրելու հնարավորություններով, այն ի վիճակի է անտեսանելի մնալ ռադարային համակարգերի համար։

Թուրքիայի նոր գումարման խորհրդարանի պատգամավորների երդման արարողությունն անցկացրել է «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին։ Այս կուսակցությունը համարվում է «Գորշ գայլեր» խմբավորման քաղաքական թեւը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երդմնակալությունից հետո փոխել է կառավարության հիմնական նախարարներին և երկրի փոխնախագահին: Նոր կառավարությունում ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվել է հետախուզության նախկին պետ Հաքան Ֆիդանը: Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը ստանձնել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Նախկին փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը ստանձնել է ֆինանսների նախարարի պաշտոնը: Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայան։

ՆԱՏՕ-ի խնդրանքով Թուրքիայի հատուկջոկատայիններ են ուղարկվել Կոսովո։ Թուրքիան ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանը Բալկաններում, որտեղ իրենք «ընդհանուր պատմական եւ մշակութային արժեքներ ունեն»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը։ Ստոլթենբերգը նշել է, որ Ստոկհոլմը զգալի քայլեր է ձեռնարկել Թուրքիայի մտահոգությունները փարատելու համար, ներառյալ Շվեդիայի սահմանադրության մեջ ուղղումներ մտցնելը, զենքի մատակարարման էմբարգոյի չեղարկումը և ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը։

Թուրքայում մեկնարկել են «Anatolian Phoenix-2023» միջազգային որոնողափրկարարական զորավարժությունները, որոնց մասնակցում են նաև ադրբեջանական զինված ուժերի ավիացիոն, ռազմածովային, հատուկ նշանակության ստորաբաժանումները։

Թուրքիան հուլիսի 1-ից ավելի քան 8 տոկոսով ավելացնում է Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներով նավերի անցման վճարը։ Երկրի եկամուտներն այս որոշումից հետո ընթացիկ տարում կարող են հասնել 900 մլն դոլարի: Անցյալ տարվա հոկտեմբերին էլ Թուրքիայի իշխանությունները հինգ անգամ ավելացրել էին նեղուցներով առեւտրային նավերի անցման վճարը:

Էրդողանը հայտարարել է Թուրքիայում սահմանադրական փոփոխություններ կատարելու մտադրության մասին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում տված խոստումների կատարման նպատակով։

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան անսպասելիորեն առաջարկել է շտապ լրացումներ մտցնել ռուսերենի մասին վիճելի օրենքում, որն արժանացել էր ԱՄՆ-ի եւ Եվրամիության քննադատությանը։ Քննադատների գնահատմամբ՝ օրենքը, որն իբր Լեհաստանում ռուսական ազդեցությունը թուլացնելու համար է, խախտում է Լեհաստանի սահմանադրությունը եւ կարող է խանգարել կառավարության ընդդիմախոսներին պետական պաշտոններ զբաղեցնել։ Շատերի կարծիքով՝ այն առաջին հերթին ուղղված է նախկին վարչապետ Դոնալդ Տուսկի դեմ, որն այժմ ընդդիմության ղեկավարն է։ Ժամանակին նա չափից ավելի «բարեհաճ» է եղել Ռուսաստանի հանդեպ եւ Ռուսաստանի համար շահավետ գազային գործարքներ է կնքել։

Ռուսաստանը կորցրել է գերտերության կարգավիճակը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նա համոզված է, որ ռուսական բանակն Ուկրաինայում պատերազմի պատճառով թուլացել է։ Բլինքենը նաև Կիեւին ռազմական աջակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել և նշել է, որ Ուկրաինայի վերաբերյալ կայուն խաղաղության համաձայնագիրը պետք է ներառի ռուսական զորքերի դուրսբերում:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է հակահարձակմանը պատրաստ լինելու մասին, մինչդեռ ռուսական կողմը հայտնում է արդեն մի քանի ուղղություններով սկսված ուկրաինական անհաջող լայնածավալ հարձակման և հակառակորդի խոշոր կորուստների մասին։ Ուղղություններից մեկում առաջապահ հրամանատարական կետում է եղել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, զորքերի միավորված խմբավորման հրամանատար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։

Պուտինը բաց է ցանկացած շփման համար, որը թույլ կտա այլ միջոցներով հասնելու հատուկ ռազմական գործողության նպատակներին, դրա մասին պետք է իմանան եվրոպական առաջնորդները, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ռուսական աղբյուրների համաձայն՝ Ռուսաստանը միակ եվրոպական երկիրն է, որտեղ պարենի գներն իջել են։ Ապրիլին արձանագրվել է պարենային դեֆլյացիա (գնանկում), գներն իջել են 0,2%-ով։

Բելգիան պարզաբանում է պահանջում Ուկրաինային տրամադրած իր զենքը ՌԴ տարածքում օգտագործելու վերաբերյալ։ Այդ մատակարարումները նախատեսված են ուկրաինական զինված ուժերի համար իրենց տարածքը և բնակչությանը Ռուսաստանի ներխուժումից պաշտպանելու նպատակով։ Զենքն արգելված է կիրառել ռուսական տարածքում գործողություններ կատարելու համար։

Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը դեմ է քվեարկել Ուկրաինային շվեյցարական զենքեր փոխանցելու առաջարկին: Մինչդեռ խորհրդարանի վերին պալատը կողմ է քվեարկել որոշմանը: Սակայն առաջիկայում երկրի խորհրդարանում սպասվում է Ուկրաինայի նախագահի առցանց ելույթը, ինչից հետո հնարավոր է խախտվի երկրի բազմամյա ռազմական չեզոքությունը։

Շվեյցարիան Եվրոպական Միության անդամ չէ, սակայն միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին:

Ուկրաինայում պատերազմի ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզում հարված է հասցվել Կախովսկայա հիդրոէլեկտրակայանին, վնասվել են ՀԷԿ-ի կառուցվածքները, տեղի են ունեցել փլուզումներ: ՀԷԿ-ը պայթեցնելու մեջ կողմերը մեղադրել են մեկը մյուսին: Բնակչությունը տարհանվել է վտանգավոր հատվածներից: Բազմաթիվ բնակավայրերում հեղեղումներ են, իսկ ռուսական կողմը հայտնում է մոտալուտ բնապահպանական աղետի մասին: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՀԷԿ-ին ուղղված հարվածները կապել է ուկրաինական զորքերի հարձակման ընթացքում հաջողությունների բացակայության հետ։

Կախովսկայա ՀԷԿ-ի ոչնչացման հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, թե ՄԱԿ-ը ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցման մասին անկախ տեղեկատվություն չունի և տեղի ունեցածն անվանել է «Ուկրաինա ռուսական ներխուժման եւս մեկ ավերիչ հետեւանք»:

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #22 (1487) 07.06.2023 - 13.06.2023, Տարածաշրջան


12/06/2023