Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԼԵՌՆԱԳԱԳԱԹԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ՝ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՎ»



«ԼԵՌՆԱԳԱԳԱԹԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ՝ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՎ»Մասնակիցները հագնելով զրահաբաճկոններն ու սաղավարտները՝ պատրաստվում են զինված ուժերում առաջին անգամ անցկացվող «Լեռնագագաթի հաղթահարում խմբի կազմով» մրցույթին։

ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետը տալիս է վերջին հորդորներն ու ցուցումները, Հայաստանի լեռնագնացության ֆեդերացիայի նախագահի հետ ավարտական վկայագրերն է հանձնում լեռնագնացության պարապմունքներին մասնակցած զինծառայողներին։

-Մեր գործունեության ամբողջ ընթացքում միշտ ցանկացել ենք փոխանցել մեր փորձը,- ասում է ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը,- և այս տարի ահա ստացվեց: Այս աշխատանքները շարունակական են լինելու։

Եվ ահա մրցավարի ազդանշանով մեկնարկում է իր բնույթով եզակի մրցույթը։ Զորամիավորումները, ուսումնական կենտրոնը, ռազմական համալսարանն ու խաղաղապահ բրիգադը ներկայացնող թիմերը սկսում են արշավը դեպի Հատիսի լեռնագագաթ։

ԶՈՒ ՊԳՎ ֆիզպատրաստության և սպորտի ծառայության պետ  Արման Դավթյանը նշում է.

-Այս միջոցառումը կազմակերպել ենք առաջին անգամ։ Այն անցկացվում է ստորաբաժանման կազմով, որը բաղկացած է ինը զինծառայողներից, որոնցից երեքը սպա են, երեքը՝ պայմանագրային զինծառայող, և երեքն էլ՝ ժամկետային զինծառայող։

«ԼԵՌՆԱԳԱԳԱԹԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ՝ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՎ»Թիմերը լեռնագագաթը հաղթահարում են ամբողջական հանդերձանքով, զրահաբաճկոններով, կցագրված ինքնաձիգներով։

-Մրցույթի մասնակիցները չեն կարող ազատ լինել ճանապարհի ընտրության մեջ, ինչը բավականին դժվար ու ծանր աշխատանք է ենթադրում, և այդ պատճառով հարկավոր է ուժերը ճիշտ և հեռատեսորեն բաշխել,- ասում է Արման Դավթյանը։

Առանց կանգառների, լարելով ուժերը՝ զինծառայողներն անցնում են տասից ավելի կիլոմետր ճանապարհահատված, որի մեծ մասը կազմում է լեռան թեք սարալանջը։

-Սա թիմային վարժություն է, ինչը նշանակում է, որ բարձունքը պետք է հաղթահարենք ամբողջ թիմով՝ միմյանց օգնելով, միմյանց քաջալերելով: Վերելքը լեռան գագաթ ինքնաձիգով ու ծանր զրահաբաճկոնով ենք իրականացնելու: Նման դեպքերում ամեն մի կիլոգրամը կարծես կրկնապատկվում է՝ դժվարացնելով և դանդաղեցնելով  ընթացքը,- ասում է  մրցույթի մասնակից Արեգ Ապիկյանը: Դժվարությունները, սակայն, չեն նվազեցնում մասնակիցների համառությունը։ Ոչ ոք չի պատրաստվում զիջել դիրքերը։

-Փորձը ցույց է տալիս, որ մասնակիցը երբեմն չի գիտակցում հանդերձանքի կարևորությունը, և նրան թվում է, թե ինքն առանց դրա ավելի արագ ու ավելի արդյունավետ կգործի։ Սակայն այդպես չէ. առանց հանդերձանքի որևէ խնդիր կատարելը պարզապես անհնար է: Սրանում մասնակիցներն այսօր սեփական փորձով կհամոզվեն,- ասում է գնդապետ Դավթյանը:

Առաջինը, զգալի ժամանակային առավելությամբ, լեռնագագաթը նվաճում է 3-րդ զորամիավորման թիմը։

Հաղթող թիմի ներկայացուցիչ Սեյրան Ավետիսյանի խոսքերով՝ լեռնագագաթի հաղթահարումը բավականին բարդ էր:

-Տեղանքներ կային, որոնք բավականին դժվարությամբ հաղթահարեցինք: Սակայն համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվեց հաղթահարել բարձունքը:

«ԼԵՌՆԱԳԱԳԱԹԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ՝ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՎ»Լեռնագագաթը նվաճող խմբերի անդամները պետք է բոլորը միաժամանակ իրենց ձեռքն առնեն եռագույն դրոշը։ Միայն այդ կերպ և այդժամ է գրանցվում հաղթանակը։

Մրցույթի երկրորդ պատվավոր տեղը գրաված Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի թիմի ներկայացուցիչ Նաիրի Գալոյանը նկատում է.

-Սա թիմային աշխատանք է, և առանց համատեղ ջանքերի՝ որևէ արդյունք չէինք կարող գրանցել։

Մասնակիցները խոստովանում են՝ չնայած ֆիզիկական դժվարությանը, պատիվ են համարում մասնակցությունը, քանի որ դրա ընթացքում երևան եկան մասնակիցների ոչ միայն ֆիզիկական, այլև կամային հատկանիշները. անկախ դժվարությունից՝ առաջադրված խնդիրները իրականացնելու պատրաստակամությունը։

Մրցույթի ավարտին հենց լեռնագագաթին անցկացվեց պատվավոր երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերի պարգևատրման արարողությունը:

Մեդալներից, վկայագրերից և պարգևավճարներից զատ՝ լավագույնը ճանաչված 3-րդ զորամիավորման թիմին հանձնվեց նաև մրցույթի փոխանցիկ գավաթը։

-Մրցույթն իր նպատակին կհասնի, եթե այն լինի շարունակական,- ամփոփում է գնդապետ Դավթյանը,- և մենք ծրագրում ենք, որ հաջորդ անգամ նաև Արայի լեռը, Արագածը կհաղթահարենք՝ է՛լ ավելի բարդացնելով երթուղիները։

 

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Խորագիր՝ #22 (1487) 07.06.2023 - 13.06.2023, Ազգային բանակ


12/06/2023