Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ



Ի՞նչ է նշանակում Հաղորդություն

– Հաղորդվել նշանակում է մի բանի մասնակից, կցորդ լինել, միանալ, իսկ այստեղ նշանակում է խորհրդաբար միանալ Հիսուս Քրիստոսին՝ մասնակցելով սուրբ Պատարագի խորհուրդին։ Ահա թե ինչու Հաղորդություն նշանակում է նաեւ սուրբ Սեղանի վրա օրհնված եւ պատարագված հացն ու գինին։

Ուրեմն, ո՞րն է Հաղորդության խորհուրդը

– Հիսուս Քրիստոսի Մարմնի եւ Արյան խորհուրդն է, որ հացի եւ գինու ձեւով հաստատվեց Քրիստոսի կողմից Իր հիշատակի համար եւ որպես հոգեւոր սնունդ՝ հավատացյալների համար։

Քրիստոսը ե՞րբ հաստատեց այս խորհուրդը

– Պասեքի կամ Զատկի ընթրիքի սեղանի շուրջ բազմել էին Քրիստոսը եւ Նրա տասներկու աշակերտները։ Քրիստոսը վերցրեց հացը, օրհնեց այն, կտրեց եւ տվեց Իր աշակերտներին՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ Մարմինը»։ Ապա վերցրեց գինու բաժակը, գոհացավ եւ տվեց նրանց՝ ասելով. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետեւ այդ է Նոր Ուխտի Իմ Արյունը, որ հեղվում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողության համար» [Մատթ. ԻԶ 26-27, հմմտ. Մարկ. ԺԴ 22-24, Ղուկ. ԻԲ 14-21, Հովհ. Զ 48-59, Ա Կորնթ. ԺԱ 23-26]։

Ինչպե՞ս են հացը եւ գինին Քրիստոսի Մարմին եւ Արյուն դառնում

– Հացը մնում է հաց, եւ գինին՝ գինի՝ իրենց տեսքով ու որակով, սակայն, Հիսուս Քրիստոսի խոսքի համաձայն, նրանք իրենց գոյացության մեջ խորհրդաբար դառնում են Նրա Մարմինը եւ Արյունը։ Այլ խոսքով, մեր զգայարանների համար հացը հաց է, իսկ գինին՝ գինի, բայց իբրեւ քրիստոնյա հավատում ենք մեր Փրկչի խոսքերին, թե դրանք Իր Մարմինն ու Արյունն են. իսկ սա արդեն խորհուրդ է։

Ուրեմն, Եկեղեցու սուրբ Սեղանի վրա օրհնված եւ նվիրված Հացն ու Գինին սովորական հացը եւ գինին չե՞ն

– Ո՛չ։ Այդ մասին Պողոս առաքյալը շատ որոշակի եւ կտրուկ բառերով ասում է. «Երբ հավաքվում եք միասին, Տիրոջ Տունը ձեզ համար հաց ուտելու տեղ չէ: Մի՞թե տուն չունեք՝ ուտելու եւ խմելու համար, կամ Աստուծո Եկեղեցի՞ն եք արհամարհում:
Որովհետեւ ես ընդունեցի Տիրոջից, ինչը եւ ձեզ ավանդեցի, որ Տեր Հիսուս այն գիշերը, երբ մատնվեց, հաց վերցրեց, գոհություն մատուցեց, կտրեց եւ ասաց. «Այս է Իմ Մարմինը, որ ձեզ համար է։ Արե՛ք այս Իմ հիշատակի համար»։ Նույնպես եւ ընթրիքից հետո վերցրեց բաժակը եւ ասաց. «Այս բաժակը Նոր Ուխտ է Իմ Արյամբ. ամեն անգամ, որ խմեք, այս արե՛ք Իմ հիշատակի համար։ Ամեն անգամ, որ ուտեք այս հացը եւ խմեք այս բաժակը, Տիրոջ մահը պատմեցե՛ք, մինչեւ որ Նա գա »։
Այսուհետեւ ով անարժանությամբ ուտի այս հացը կամ խմի Տիրոջ բաժակը, պարտական կլինի Տիրոջ Մարմնին եւ Արյանը։ Թող մարդ նախ փորձի իր անձը եւ ապա ուտի այդ հացից եւ խմի այդ բաժակից, քանզի ով անարժանությամբ է ուտում եւ խմում, իր անձի դատապարտության համար է ուտում եւ խմում, քանի որ չի տարբերում Տիրոջ Մարմինը։ Սրա համար է, որ ձեր մեջ շատ հիվանդներ ու ցավագարներ կան, եւ շատերն էլ մեռած են, որովհետեւ եթե մենք մեզ քննեինք, չէինք դատապարտվի» [Ա Կորնթ. ԺԱ 20-31]։

Ո՞րն է Հաղորդության արդյունքը հավատացյալի կյանքում

– Ինչպես աղոթքը մեզ սրբում եւ Աստծուն է մոտեցնում, այնպես էլ, հաղորդվելով Փրկչի Մարմնին ու Արյանը, սրբվում ենք եւ նմանվում Նրան, Ով խաչի վրա թափեց Իր մաքուր Արյունը՝ մարդկանց մեղքի ապականությունից փրկելու համար։ Եվ զգուշանում ենք մեղքերից՝ մտածելով, որ մեղքը խափանում է մեր հաղորդությունը Սուրբի եւ Սրբության հետ։ Գրիգոր Տաթեւացին ասում է. «Այս խորհուրդի գործն է՝ ավելացնել շնորհները եւ դեղ լինել ամենօրյա մեղքերին»։ Այս է պատճառը, որ հաղորդվելով՝ պիտի հիշենք Հիսուս Քրիստոսի չարչարանքները։
Իսկ Հովհաննես Մանդակունի հայրապետն ասում է. «Նրանք, ովքեր հավատքով եւ երկյուղածությամբ են մոտենում Քրիստոսին, լուսավորվում են Սուրբ Հոգով եւ առաքինի գործերով օրեցօր վեր բարձրանում»։

Ե՞րբ պետք է հաղորդվել

– Առաքելական ժամանակներում հավատացյալներն ամեն կիրակի հավաքվում էին Տերունի ընթրիքի համար։ Իսկ Եկեղեցու կազմավորման առաջին շրջանում ամեն օր Պատարագ էր մատուցվում։ Այս սովորույթը պահպանվել է Լատին Եկեղեցում։ Մեր Եկեղեցում էլ առաջ Պատարագն ամենօրյա էր, հիմա սուրբ Պատարագ մատուցվում է շաբաթ եւ կիրակի օրերին, ինչպես նաեւ՝ տոնական մասնավոր օրերի եւ այլ առիթներով։ Յուրաքանչյուր հայ քրիստոնյա պետք է հաղորդվի գոնե հինգ Տաղավարներին եւ մանավանդ Ծնունդի եւ Զատկի տոներին։

Ինչպե՞ս պետք է պատրաստվել՝ Հաղորդություն ստանալու համար

Նախ՝ ինչպես առաքյալն է ասում, յուրաքանչյուր մարդ պետք է ինքն իրեն քննի՝ ինչպիսի՞ կյանքով է ապրում, ի՞նչ մեղքեր է գործել, որոնք արատավորել են իրեն եւ հեռացրել աստվածային սրբությունից։ Այս ինքնաքննությունն անելուց հետո պետք է զղջա, խոստովանի ու պահքով եւ աղոթքով պատրաստվի հաղորդվելու Տեր Հիսուս Քրիստոսի մեղսաքավիչ Մարմնին եւ Արյանը՝ նորից չմեղանչելու որոշումով։

ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ

Խորագիր՝ #02 (867) 19.01.2011 – 26.01.2011, Հոգևոր-մշակութային


21/01/2011