Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ



ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐՀամազգային հայ կրթական ու մշակութային միության երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ հրատարակված պատկերագրքի վրա գրված է՝ «Ես եմ, ես կամ»: Առաջին միտքը, որ ծագում է գլխիդ մեջ, հարց է՝ ովքե՞ր են ամփոփված գրքի էջերում, ո՞ւմ ես տեսնելու շապիկը թերթելուց հետո: Ովքե՞ր են պատմություն գրել ապագայի համար: Ովքե՞ր են, որ կան ու լինելու են միշտ, որովհետև հանուն հայրենիքի զոհաբերվելու սխրանքը վաղեմության ժամկետ չունի, ու վավերագիր պատմությունները ժամանակի մեջ դառնում են լեգենդ ու առասպել, շուրթից շուրթ անցնող ասք, ժողովրդի հավաքական խիզախության ու հավաքական արժանապատվության մունետիկը: Հանուն Հայրենիքի կռիվը նույնքան հին է, որքան հայրենիքի զգացողությունը մարդու հոգում՝ իր կենսատարածքը պաշտպանելու բնազդից մինչև նախնիների տքնանքն ու արարումները ժառանգներին փոխանցելու գիտակցված մղումը: Հայրենիքը շատ ավելի մեծ ընդգրկում ունի ժամանակի ու տարածության մեջ, քան մարդու կյանքի տևողությունն ու նրա ոտնահետքերի քարտեզը սեփական երկրում, մարդու անձնական ձեռքբերումներն ու նրա երազանքների չափագրումները՝ միտված ապագային: Հայրենիքը կապում է ժամանակներն ու մարդկանց: Հանկարծ հասկանում ես, որ հազարամյակներ առաջ ինչ-որ մեկի բանաստեղծած թախիծը քոնն է, քոնն է ինչ-որ մեկի կառուցած հնադարյան տաճարի փառքը, ապուպապերիդ աղոթքի արձագանքը խնկահոտ եկեղեցիներում, ու քո արյունն է թափվել հազար տարի առաջ հայոց բերդաքաղաքի անառիկ պատերի մոտ…Ու քո ինքնությունը ճանաչելու համար պիտի հետ գնաս, պիտի հասնես ակունքին, պիտի հասկանաս, թե որտեղից ես բխում, ու ինչ գույներով է ամբողջանում քո տեսակը:

…Իսկ իրականում ոչ մի փնտրտուք էլ չկա: Ինքդ քեզ գտնելու համար փնտրտուքի կարիք չունես, որովհետև հազարամյակների ճանապարհ կտրած արյան կանչն այնքա՜ն տիրական է ու անդիմադրելի: Որովհետև հայրենիքի ու քո կապը մոր ու զավակի կապի պես որքան ուժեղ, այնքան չի վերծանվում:

Պատերազմները գալիս են անակնկալ: Կամ գուցե մենք չենք ուզում նկատել նրանց պահ առ պահ ահագնացող չար շունչը: Հենց այդ ժամանակ է, որ հասկանում ես…Հենց այդ ժամանակ է, որ Հայրենիքը դառնում է մաշկիդ պես քոնն ու սիրտ ցավեցնելու չափ մոտ: Հայրենիք բառի ամենաթանկ հոմանիշները գալիս կանգնում են կողք կողքի՝ ծնող, զավակ, ընտանիք, ընկերներ, սիրելի մարդիկ… Պարզվում է՝ հայրենիքը այնքան էլ խորհրդավոր ու անիրական չէ, ինչպես թվացել է նախկինում: Եվ սերը, որ երգում ես, տունը, որ նկարում ես, աշունը, որ դառնում է չափածո կարոտ…նույնիսկ ամենափոքր երազանքներն ու ամենաանգույն հուշերը հայրենիք են: …Ու պիտի զենք վերցնես: Պիտի ցած դնես ամեն ինչ ու զենք վերցնես, որ քո ազգային արժանապատվությունը, քո հայրենասիրությունը, քո խիզախությունը, քո ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐտղամարդկային պատվախնդրությունը դառնան կրակով փորձված ոսկի, որի փայլը գալիք սերունդների ճանապարհ է լուսավորելու, ինչպես քո ուղին են լուսավոր նախնիներդ՝ իրենց ընդհատված կյանքով, իրենց թափած արյամբ, իրենց ասք ու լեգենդ դարձած հերոսությամբ՝ փրկելով հայրենիք ունենալու քո իրավունքն ու սնելով ազգային պատվախնդրությունդ:

Գրքի մեջ ամփոփված է 25 անուն, 25 երիտասարդ կյանք՝ հայրենիքին նվիրաբերված, 25-ը՝ հազարավորներից: Բայց այս գիրքը ոչ թե նրանց սխրանքի ու հերոսության, նրանց անմահության տանող ճանապարհի, այլ կյանքի պատմությունն է՝ գիծ ու գույնի մեջ հառնող ուրախություններն ու տագնապները, սերերն ու հիասթափությունները, կարոտներն ու հույսերը, երազանքներն ու կորուստները… Գրքի գունագեղ էջերում պատկերված կտավները տարբեր մարդկանց գործեր են, տարբեր զգացողություններ, տարբեր հույզեր…բայց որքան էլ ուզում ես տարանջատել մեկը մյուսին հաջորդող պատումները ու տեսնել 25 առանձին կերպարներ, հասկանում ես, որ պատկերագիրքը արդեն մի ամբողջական պատում է քո ժամանակի ու քո հայրենիքի մասին: Որքան էլ ուզում ես խուսափել Հայրենիք բառից ու խճանկարում տեսնել արվեստագետ տղաների անհատական ուրվագիծը, չի հաջողվում, որովհետև նրանք իրարից անկախ, բայց ներդաշնակորեն միասին կյանքն են ներբողել՝ Հայաստանի ամենավառ գույներով: Այն կյանքը, որով հետո պիտի վճարեին Հայրենիքի փրկության համար:

Տուն, եկեղեցի, ծաղիկներ, մայր, ջութակ, սափոր, արծիվ…տարբեր ոճեր, տարբեր գեղարվեստական լուծումներ: Ես եմ՝ ասում են տղաները: Հետո ավելացնում են՝ ես կամ: Հետո անբառ հուշում են, որ մենք կանք, քանի կա Հայրենիքը: Իսկ Հայրենիքը կլինի, քանի դեռ մենք նրա մասին կխոսենք ամենագեղեցիկ գույներով, բառերով ու հնչյուններով, ու երբ անհրաժեշտ լինի, առանց վարանելու կտանք ամենաթանկը նրա ազատության համար՝ գալիք սերունդներին կտակելով սրբազան պատգամը:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #23 (1488) 14.06.2023 - 20.06.2023, Հոգևոր-մշակութային


19/06/2023