Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՏՈՒԿՋՈԿԱՏԱՅԻՆԸ. ՄԿՐՏԻՉ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ՄԳՐՈ)



ՀԱՏՈՒԿՋՈԿԱՏԱՅԻՆԸ. ՄԿՐՏԻՉ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ՄԳՐՈ)«Հատուկջոկատայինը մասնագիտություն չէ. հոգեվիճակ ու արժեհամակարգ է»,- ասում էր հետմահու «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության N զորամասի գումարտակի հրամանատար, մայոր Մկրտիչ Հարությունյանը: Եվ սրանք լոկ խոսքեր չէին, այլ հավատամք, որով նա բնութագրում էր իր ընտրած ուղին և որին հավատարիմ՝ անցավ իր կարճ, բայց իմաստալից կյանքը, բազում հերոսական դրվագներով լեցուն իր մարտական ուղին: Մայոր Հարությունյանը մեր այն քաջազուններից է, որոնց գործը, այն էլ՝ դրա լոկ չնչին մի մասով, լայն հասարակությանը հայտնի է դառնում հետմահու միայն, քանի որ նրանք երդվել են ծառայել «Վասն Հայրենյաց, առանց փառքի իրավունքի»:

 

Մկրտիչ Հարությունյանը 2016 թ.-ին ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ակտիվ մասնակից է եղել: 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին թշնամու սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից մեկնել է Արցախ՝ մարտնչելով ամենաթեժ կետերում (Քարվաճառ, Ջրական, Հադրութ, Կուբաթլու, Սղնախ, Շուշի, Քարինտակ, Լիսագոր)։ 2022 թ.-ին իր գումարտակով մասնակցել է սեպտեմբերյան մարտերին կարևորագույն նշանակություն ունեցող բարձունքում՝ Իշխանասարում։ 2023 թ.-ի ապրիլի 11-ին մայոր Հարությունյանը քաջի մահով զոհվեց Տեղ գյուղի սահմանագծում՝ հատուկ առաջադրանք կատարելիս։

Մկրտիչ Հարությունյանը, կամ, ինչպես իր հայրենի Սասունի բարբառով նրան կնքել էին մարտական ընկերները՝ Մգրոն, ծնունդով Թալինից էր, արմատներով՝ Սասունից: Նրա հայրը զինվորական է եղել. զինկոմիսարիատում ծառայել է որպես զորակոչային բաժնի պետ: Տանը տիրող զինվորական կարգուկանոնը, հոր զինվորական համազգեստը, որով նա ամեն առավոտ գնում էր ծառայավայր, ձգում էին Մկրտչին: Պապը դպրոցի տնօրեն էր՝ 40 տարվա վաստակավոր ուսուցիչ, տատը՝ վաստակավոր ուսուցչուհի, հորեղբայրը՝ դասախոս: Պատահական չէր, որ գիտելիքի և զինվորական գործի հանդեպ սերն ու ձգտումը միավորվել ու փոխանցվել էին նրան: 2013 թ. հորից թաքուն նամակ է ուղարկել պաշտպանության նախարարին՝ խնդրելով, որ իրեն ծառայության վերցնեն նույն այն զորամասում, որտեղ ժամկետային զինծառայություն էր անցել: Նշել էր ոչ թե իր հասցեն, որ հայրը չիմանա, այլ մանկության ընկերոջ: 2013 թ.-ից Մկրտիչը ծառայության անցավ: Սովորում էր Եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Բակալավրիատն ավարտելուց հետո էլ, հենց ծառայության ընթացքում՝ 2018 թվականին ստացավ նաև իրավագետի մագիստրոսի կոչում ՀՀ ԳԱԱ-ում:

Կնոջ՝ Անիի հետ հանդիպումը ասես նախախնամության ձեռքի գործը լիներ:

-Թալինից Երևան տանող ուսանողական ավտոբուսում յուրաքանչյուրն իր տեղն ուներ,- պատմում է Անին:- Երբ առաջին անգամ բարձրացա ավտոբուս, բոլոր տեղերը զբաղված էին, վարորդի կողքի նստարանին դրված տետրը վերցրի, նստեցի: Դրսում կանգնած Մկոյին հաղորդել էին, որ իր տեղը ինչ-որ մեկը զբաղեցրել է։ Նա բարկացած բարձրացել էր ավտոբուս ու լուռ իջել: Հետո իմացա, որ ընկերներին ասել է. «Այդ աղջիկն իմ կինն է լինելու»։ Երկու ամիս պարզապես հեռվից նայում էր ինձ։ Երբ վերջապես մոտեցավ ու առաջարկեց ընկերություն անել, …համաձայնեցի։ Հետաքրքիր կերպար էր՝ լուրջ, միշտ չափված-ձևված: Ակնածանք ներշնչող հզոր մի բան կար նրա ամբողջ կերպարի մեջ:

Ստեղծվեց ամուր ու գեղեցիկ մի ընտանիք. երկու չքնաղ աղջիկներ ծնվեցին:

-Երբ ապրիլյան քառօրյային Մկոն Թալիշում էր, ես հղիության ութերորդ ամսին էի. փոքր աղջիկս էր ծնվելու: Հինգ օր չէր զանգել. ոչ մի լուր չունեի։ Մտածում էի՝ եթե Մկոն ողջ-առողջ հասնի տուն, մեր աղջկա անունը Լյուսի եմ դնելու՝ որպես լույսի, հույսի խորհրդանիշ։ Մայիսի 9-ին եկավ դիրքերից, 11-ին ծնվեց մեր Լյուսին։ Շատ էր ուզում երկու աղջկանից հետո երկու տղա էլ ունենալ։ Եթե տուն էր գալիս, ու երեխաները դեռ արթուն էին լինում, խաղում էր հետները։ Պահմտոցի խաղալիս էլ իր հետախուզական հնարքներն էր կիրառում. մի կոշիկը մի տեղ էր թողնում, մյուսը՝ ուրիշ, իսկ ինքը բոլորովին այլ տեղ էր թաքնվում։ Սովորություն էր դարձել՝ երբ Մկոն տանն էր լինում, քնելուց առաջ ինքն էր երեխաների համար հեքիաթ կարդում։ Այնպես արտիստիկ էր, հմայիչ, որ ես էլ, գործերս մոռացած, նստում ու լսում էի։

Կիրակի օրերին ինքն էր պատրաստում նախաճաշը: «Յութուբից» մի բան էր գտնում ու սկսում էր մանրամասն, ըստ բոլոր հրահանգների, պատրաստել: Հետն էլ հումոր էր անում. «Կիրակի օրով, հազիվ տանն եմ մնում, պիտի շուտ վեր կենամ, գնամ խանութ, առևտուր անեմ, ճաշ պատրաստեմ, որ ընտանիքիս կերակրեմ»: Տուն գալիս զանգում, ասում էր՝ «Մեծից փոքր շարվե՛ք, հիմա կհասնեմ»։ Վազում էինք դռան մոտ, շարվում: Գալիս գրկախառնվում էր բոլորիս հետ, համբուրում։

Երբ ճանապարհելիս ասում էի՝ «Գործից ե՞րբ կգաս», լրջորեն ուղղում էր ինձ. «Իմը գործ չի, Անի՛ ջան, ծառայություն է»: Երբ ինձ ասում էր. «Երեք օրով գնում եմ, Ա՛ն, չանհանգստանա՛ս», արդեն գիտեի, որ ավելորդ հարցեր չպետք է տամ։

Մեր համատեղ կյանքում չի եղել մի դեպք, որ ինձ նեղսրտելու առիթ տար։ Երբեք որևէ մեկին չէր նեղացնի: Զգուշացումներն էլ անում էր հումորով: Ոչինչ չէր անում, որ մարդիկ իրենից քաշվեն, բայց իր ներկայությունն իսկ բոլորին զգաստացնում էր: Չգիտեմ՝ զորամասում, ենթակաների հետ ինչպես, բայց տանը երբեք չի լսվել նրա բարձր ձայնը: Այնքան բուռն էր ապրում իր զինվորական կյանքով, որ ես էլ էի ոգևորվում: Նրա համար փոքր հարց չկար. ամեն ինչ կարևոր էր։ Ու բոլորը նրան գիտեին որպես անսահման պարզ ու համեստ մարդ։ Շատ էր լինում, երբ նրա կողքին պատերազմից էին խոսում, իսկ նա միայն լուռ լսում էր։

Բանակը և Հայրենիքը նրա սրբություններն էին: Դրանց վերաբերյալ ցանկացած անզգույշ խոսք խորապես վիրավորում էր նրան. միակ բանն էր, որ նրան կարող էր հունից հանել. «Դու բանակի համար ինչ-որ բան արե՞լ ես, իրավունք ունե՞ս դրա մասին դատողություններ անելու»: Կամ երբ իր ներկայությամբ գովում էին այս կամ այն երկիրը, ասում էր. «Տասը երկրում եմ եղել. ոչ մի տեղ քեզ էնպես ամուր չես զգում, ինչպես քո հողի վրա, քո տանը։ Մեր երկրից լավ տեղ չկա»։

Արմատներով Սասունից էր՝ թե՛ հայրական, թե՛ մայրական կողմից: Սասունի Շենիկ և Գրմավ գյուղերից են գաղթել ծնողների նախնիները: Միշտ ինձ հումորով «կշտամբում» էր. «Սասունցիք կռվող են, բա չէ՝ մշեցիքիդ պես»: Ասում էր. «Ես առաջին սասունցի գեներալն եմ լինելու»: Երբ բացիկով ինչ-որ առիթով շնորհավորում էինք մեկին, տակը գրում էր. «Սրտանց մաղթանքներ գեներալից»:

Մկրտիչը ոչ միայն բացառիկ զինվորական էր, այլև՝ բացառիկ մարդ։

– Շատ հոգատար էր բոլորի հանդեպ,- ասում է Անին,- թե՛ հայրիկի, թե՛ հարազատների, ընկերների, ընտանիքի հանդեպ։ Մորը շատ վաղ են կորցրել. Մկրտիչը բանակում էր ծառայում՝ 19 տարեկան էր, իսկ կրտսեր եղբայրը՝ Կորյունն այդ ժամանակ 9 տարեկան էր: Երբ Կորյունն արդեն մեծ էր, աշխատանքի ընդունվեց ու եկավ Երևան, մեր տանն էր մնում: Երբ գործի մեջ մի հաջողություն էր ունենում, երջանիկ էր, որ ուրախացնելու է Մկոյին:

Բոլորս հիմա էլ Մկոյով ենք չափում մեր գործողությունները. «Սա որ անեմ, նրան հաճելի չէր լինի»: «Սրան այսպես կնայեր»: Նա միշտ մարդու մեջ առաջին հերթին դրականն էր տեսնում։ Երազանքներ չուներ, ուներ նպատակներ։ Միակ երազանքը ագարակ ու ձիեր ունենալն էր։

Մեր տարեդարձներին երբեք տանը չէր լինում: Երեսնամյակը Օմարի բարձունքում էր նշել. տորթի վրա տղաները մուրաբայով 30 էին գրել:

-Չի եղել մի օր,- շարունակում է Անին,- որ նա հիվանդության պատճառով ծառայության չգնար: Ասում էի. «Եթե հիմա հանկարծ վատ զգամ, ինձ կթողնես, կգնաս ծառայության, չէ՞»: Ասում էր. «Չէ՛, չեմ թողնի. «Շտապ օգնություն» կկանչեմ, քեզ իրենց կհանձնեմ ու նոր կգնամ»:

Զորակոչիկներին ընտրելիս նայում էր երիտասարդին, մի հայացքից զգում էր՝ կարո՞ղ է լավ մարտիկ դառնալ, թե՞ ոչ: Մի անգամ հավանել էր մի տղայի, որ, ինչպես պիտի պարզվեր, շատ նկատողություններ ուներ: Շատ խնդիրներ հաղթահարեց հանուն այդ տղայի: Աշոտ Աշոտյան էր այդ զինվորի անունը: Հետագայում ասում էր՝ «Ա՛ն, չես պատկերացնի՝ ի՜նչ համարձակ տղա է, ինչքան հզոր է»: Ցավոք, Աշոտը զոհվեց 44-օրյա պատերազմում:

Մկոն վայելում էր հրամանատարի իր կարգավիճակը ու պատասխանատվությունը, որ դրված էր ուսերին: Անձնակազմի բոլոր խնդիրներից տեղյակ էր, մեկի մատը փուշ մտներ, օգնության էր հասնում:

ՀԱՏՈՒԿՋՈԿԱՏԱՅԻՆԸ. ՄԿՐՏԻՉ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ՄԳՐՈ)-Տանը մի նոթատետր ունի,- պատմում է Անին,- որի մեջ գրի է առել իր կյանքի երկու-երեք տարվա նպատակները՝ 2020 թ. օգոստոսից մինչև 2022 թ.: Կետերով նշել է անելիքները, դրանք հերթով իրականացնելով՝ պլյուսներ է դրել: Վերջին գրառումը, որ արել է այս նոթատետրում, 2023 թ. մարտի հինգին է. «Պատերազմը փոխեց ժամանակացույցը, բայց ոչ առաջադրված խնդիրները»:

Ասում էր՝ զենքը պետք է զինվորականի ձեռքին լինի մինչև մահ. այլ տարբերակ անընդունելի է: Ասում էր՝ զինվորականը պետք է պատվով ապրի ու մեռնի պատվով՝ զենքը ձեռքին և պատվական մահվան համար պահված մի փամփուշտ, մի նռնակ միշտ պետք է պահի իր մոտ:

Երբ իմանում էր, որ ինչ-որ մեկը պատերազմի դաշտից զանգել է տուն, թե՝ սոված մնացինք, զայրանում էր. «Ո՞նց կարող է մարդու մտքով քաղցը անցնել, երբ պատերազմ է, երբ մարտերի մեջ է»: Զայրանում էր, երբ նկարներում զենքը դրված էր լինում զինվորականի կողքին: «Եթե զենքը զինվորականի ձեռքին չէ, ուրեմն նա կռվող չէ»:

Վահագն Ասատրյանի զոհվելու պահին նրա կողքին էր: Ասատրյանի հանդեպ միշտ էլ խորը հարգանք է ունեցել, բայց այս պատերազմում վերջինիս առաջնորդի ձիրքը ավելի քան վառ դրսևորվեց: Ասում էր. «Երբ հրամանատարդ քեզ հետ, քո կողքին է, դա քեզ ավելի է պարտավորեցնում»: Ասում էր՝ ամենաանհավանական ծրագիրը կասեր, որ գրեթե անհնար էր թվում, բայց փորձում էինք, ու ստացվում էր:

Մտերիմ ընկերներից Հովիկի զոհվելու փաստը շատ ծանր էր տանում. էլի մի բացառիկ մարտիկ, հայի տեսակ, փայլուն հետախույզ: Մի անգամ խոսում էինք Հովիկի և իր քեռորդու զոհվելուց հետո, և ասաց. «Ինձ թվում է՝ մարդուն կյանքը տրված է ինչ-որ չափով։ Եվ մարդն ինքն է սպառում իր կյանքը։ Կա մարդ՝ հանգիստ սպառում է մինչև ութսուն տարեկանը, մարդ էլ կա՝ այնքան բուռն է ապրում իր կյանքը, որ շուտ է հեռանում՝ մինչև երեսուն, երեսունմեկ տարեկանը…»: Ասում էր՝ «Ես երբեք չեմ հավատացել երկնային կյանքին, բայց հիմա, տղաների զոհվելուց հետո, շատ եմ ուզում հավատալ»: Հովիկն իր զոհվելու օրը անընդհատ ասել էր. «Ուզում եմ Ռազիս հետ խոսել, շատ եմ ուզում…»: Ռազմիկը որդին է:

Այդ օրը արկի պայթյունից Հովիկը տեղում զոհվեց՝ ստանալով բեկորային ծանր վնասվածք: Արկը Մկոյից յոթ մետր հեռավորության վրա էր ընկել՝ խլելով մտերիմ ընկերոջ, հրաշալի զինվորականի կյանքը: Գրկել ու մոտ ութ հարյուր մետր բերել էր ընկերոջ մարմինը: Հետո պատմում էր, որ առաջ շարժվելիս տեսնում էր, թե ինչպես են ծառի ճյուղերը իր կողքը, գլխավերևում ջարդվում, ընկնում թշնամու կրակոցներից, իսկ մտքում մի բան էր. «Ես կմեռնեմ, բայց Հովոյին չե՛մ թողնի»: Կապվել էր ռադիոկապով, որ դիմավորեն, հանձնել էր ընկերոջ մարմինը և անմիջապես էլ նոր հանձնարարություն ստանալով, աչքերը դեռ խոնավ, կրկին շտապել գործողության:

Սեպտեմբերին, երբ Սյունիքում մարտական գործողություններ սկսվեցին, լուսաբացին չդիմացա, զանգեցի, զգում էի, որ արտառոց մի բան է կատարվում: Պատասխանեց, զգաց, որ ինձ պետք է հանգստացնել. «Նորմալ է, հանգի՛ստ եղիր»: Իսկ ապրիլյան այդ օրը, երբ կարդացի 4 զոհ, 4 վիրավոր, անպատմելի մի տագնապ ապրեցի: Ես ո՛չ 2016 թ. քառօրյա, ո՛չ 44-օրյա պատերազմի, ո՛չ էլ սեպտեմբերյան մարտական գործողությունների ժամանակ նման զգացողություն չէի ունեցել: Վերցրի ընկերների համարներով իր գրքույկն ու սկսեցի հերթով զանգել: Գիտեի, որ չի կարելի, բայց այդ պահին ինձ այլևս ոչինչ չէր հետաքրքրում: Առաջինն իրեն զանգեցի, չպատասխանեց… հերթով սկսեցի զանգել, ու ընկերներից ոչ մեկը չէր պատասխանում: Գրում էին՝ «հարմար չի»: Տղաներից մեկը որոշ ժամանակ անց զանգեց, թե՝ «Վիրավոր է… գնում ենք բերելու»: Ես անջատեցի հեռախոսը և մոտեցա մեր տան պատուհանին, տեսա, թե ինչքան շատ մարդ է հավաքվել դրսում… չզգացի, թե ինչպես վազելով հասա բակ…

Ես ինքս ինձ ու Մկոյին խոստացել եմ՝ ապրելու եմ այնպես, ինչպես ինքը կուզեր. երբեք չեմ ընկճվելու, մեջքս ուղիղ եմ պահելու, պետք է ուժեղ լինեմ, կամային ու նրա ոգով շարունակեմ դաստիարակել մեր երեխաներին: Շատ կուզենամ, որ ոչ միայն մեր սերունդը, այլև հաջորդող սերունդներն էլ իմանան, որ հայի իսկական տիպարն այսպիսի՛ն է լինում:

***

Մարտական ընկերներն են պատմում

Հետախույզ Ա

-Նրա բոլոր լավ հատկանիշներն ընդգծված էին՝ չափազանց պատասխանատու, չափազանց նպատակասլաց: Չափազանց ընկերասեր, չափազանց հոգատար:

Մարտական իրավիճակներում շատ արագ էր կողմնորոշվում, երբեք չէր շփոթվում. գործում էր հստակ ու արագ, և սա գալիս էր նրա բազմակողմանի ու լավ պատրաստվածությունից, փորձառությունից: Պատերազմի ժամանակ Մկոյենց խմբին կապ են տվել և ասել, որ տեղեկություն կա, որ իրենց խմբի դիմաց պետք է որ մեր մոբ-ը լինի՝ բաց գույնի կասկաներով և այլն: Մկոն մի քանի հոգով գնում է հետախուզելու: Հայերենով ասում են. «Եկե՛ք, եկե՛ք», բայց Մկոն մի քանի հարց է տվել ու հասկացել, որ հայեր չեն, և սրանք մինչև կհասցնեին զենքերն ուղղել, մերոնք սկսել են խփել ու լուրջ վնաս են հասցրել ադրբեջանցիներին: Շատ վստահ ու խելամիտ բանակցող էր: Կարողանում էր մեր ճիշտը պաշտպանել:

Շատ հումորով էր: Ջրականում էինք: Արկեր էին թափվում մեր ուղղությամբ: Նստել ու կատակով գուշակում էինք՝ հաջորդ արկը կկպնի՞ մեզ, թե՞ չէ: Մինչև կեսկատակ-կեսլուրջ «կկպնի, չի կպնի» էինք անում, Մկոն ասաց. «Տղե՛րք, ասում են՝ Աստված լավերին է տանում. ուրեմն՝ մեզ չի կպնի…»:

Մգրոն յուրահատուկ կերպար էր իր էությամբ: Այդպիսի զինվորականներ, այդպիսի ընկերներ շատ չեն լինում: Մեզ հիմա մնում է, որ փորձենք արժանի լինել նրանց հիշատակին:

Հետախույզ Դ

-Մկոն բառի բուն իմաստով հայրենասեր էր: Նրա մասին կարելի է անվերջ խոսել ու ամեն ասված բառ զուտ բառ չի լինի, այլ բովանդակություն: Ասում էր. «Մենք պետք է արժանի լինենք մեր զոհված ընկերների հիշատակին»:

Մինչև 2020 թվի պատերազմը միշտ էլ շատ բարդ իրավիճակներում է հայտնվել ու միշտ պատվով է դուրս եկել: Բազմաթիվ պատժիչ գործողությունների մասնակից է եղել: Շատ բաներ կան, որ պարզապես պատմել չենք կարող: Միշտ ամենավտանգավոր, ամենապատասխանատու տեղերում առաջիններից էր: Ամենաբարդ խնդիրը կատարելիս նրա հետ բոլորն իրենց ավելի ապահով էին զգում: Նա իր հետևից տանող առաջնորդ էր, պատասխանատվություն վերցնող և դժվարին իրավիճակում զորքի համար հոգի տվող հրամանատար:

Բարձր ինտելեկտի տեր էր. գիտակցում էր, որ հայրենիքին պետք է տալ ամեն ինչ՝ քո բարօրությունը, ժամանակը, ի վերջո՝  կյանքդ:

Նրա հետ մեր կյանքի լավագույն օրերն ենք անցկացրել. և՛ ուրախություն, և՛ ամենաբարդ իրավիճակներ: Նա օրինակ էր շատերի համար: Կարևոր գծերից մեկն էլ այն էր, որ անդադար ինքնակրթությամբ էր զբաղվում: Ասեմ, որ այն մարդիկ, որ իրոք նվիրված են իրենց գործին, ինչ-որ բան անելիս չեն մտածում, որ դրա մասին կխոսվի, կիմանան և այլն: Մկոն այդպիսին էր:

Շատ մեծ ծրագրեր ուներ: Հենց այդ դեպքի գիշերն եմ խոսել հետը: Անընդհատ ասում էի. «Զգույշ կլինես: Միայն թե՝ զգույշ կլինես»: Այդ օրն էլ խոսեցինք. ասաց, որ մի տարուց ակադեմիա է գնալու: Եվ նա կարող էր մեր ապագա բարձրաստիճան հրամկազմում իր արժանի տեղը զբաղեցնել: Մենք ոչ միայն լավ ընկեր կորցրինք, այլ նաև մի շատ կարևոր ապագա ռազմական գործիչ:

Հիմա էլ, որ խոսում ենք նրա մասին, մեզ թվում է՝ ինքը կա, պարզապես ինչ-որ տեղ է գնացել: Չի էլ ստացվում հավատալ, որ նա մեզ հետ չի: Հենց այդ հավատն է, որ մեզ հույս է տալիս: Ցավալի է, որ Մկոն մեզ հետ չի, որ այսքան կարճ կյանք ապրեց, բայց մեզ մխիթարում է այն փաստը, որ նա զոհվեց իսկական զինվորականի պես՝ զենքը ձեռքին, ինչպես ինքը կնախընտրեր:

***

Թշնամին գիտեր Մկոյին, անգամ անունը գիտեր. կոտրած լեզվով Մեկո էր ասում: Թերևս վաղուց էր երազում նրան շարքից դուրս բերել, քանի որ նրա մեջ իսկական զորավարի հատկանիշներ ունեցող մեկին էր տեսնում՝ ոգով ուժեղ, համառ, աննկուն, արհեստավարժ:

Զուգադիպություն էր, թե ոչ, ո՞վ իմանա, բայց Մկոն զոհվեց 33 տարեկանում… Նա յուրահատուկ էր իր բոլոր դրսևորումներում և իր մեջ կրում էր ազնվազարմ հայի լավագույն հատկանիշները: Նա գնաց՝ թողնելով լուսավոր մի հետք և պատգամ՝ ա՛յ, այսպես պետք է սիրես քո Հայրենիքը, մտերիմներիդ, առհասարակ մարդկանց, այսպե՛ս է պետք ապրել կյանքը՝ մաքուր խղճով, ազատ կամքով ու երբևէ վտանգին թիկունք չդարձնելով:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ՄԿՐՏԻՉ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ընտանեկան ալբոմից

Խորագիր՝ #23 (1488) 14.06.2023 - 20.06.2023, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


19/06/2023