ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒ ԿՐԱԿԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հատուկ նշանակության ընտրանին դուրս է եկել քառօրյա արշավի։ Երթուղին սովորական չէ. պետք է անցնեն լեռներով, գիշերեն անտառներում, գոյատևեն ինչպես կարող են։ Սա հետախույզների կենսակերպն է։ Արշավի չորրորդ օրը վերադառնում են առանց դժվարությունների, առանց հոգնածության: Խումբը կատարել է այն, ինչ պահանջվում էր՝ կողմնորոշում տեղանքում և գոյատևում։ Հաջորդիվ կրակային վարժությունն է։
Հատուկ նշանակության մարտիկների ֆիզիկական ու կրակային պատրաստությունն առանձնահատուկ է՝ զենքին տիրապետելուց մինչև օբյեկտին աննկատ մոտենալու և հեռանալու հմտությունները։
Վաղ առավոտից մինչև ուշ գիշեր հավաքի մասնակիցները նման մարզումներ են անցնում, նորեկներին սովորեցնում նորագույն տեխնիկական միջոցներով գործելու հմտություններն ու մարտական առաջադրանքներում դրանք կիրառելու ձևերը։
Հատուկ նշանակության խմբերն ուսումնասիրում են նաև պայմանական թիրախների, շենք-շինությունների, կուտակումների պայթեցման սցենարներ, որտեղ կարևորն ու առաջնայինը նշանակետին գաղտնի հասնելն է, պայթուցիկի տեղադրումն ու ոչնչացումը։
Իրականում հետախույզներն իրենց գործողություններն ամբողջովին չեն ներկայացնում, ընդամենը այն, ինչը թույլատրելի է հրապարակման:
Մարզումները շարունակվում են: Առաջիկա օրերին այս խումբը կվերադառնա մշտական տեղակայման վայր, ու նրանց կփոխարինեն մյուսները…
ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ
Խորագիր՝ #24 (1489) 21.06.2023 - 27.06.2023, Ազգային բանակ