Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐ. ՀԻՇԵԼ, ՀԻՇԱՏԱԿԵԼ, ՀԱՆՐԱՀՌՉԱԿԵԼ



ՄՈՌԱՑՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐ. ՀԻՇԵԼ, ՀԻՇԱՏԱԿԵԼ, ՀԱՆՐԱՀՌՉԱԿԵԼՀունիսի 29-ին ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում անցկացվեց համաժողով՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի մոռացված հերոսները» թեմայով։

Համաժողովին ներկա էին զինվորականներ, գիտաշխատողներ, Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ, որոնք նաև շրջայց կատարեցին թանգարանում, ծանոթացան նոր ցուցանմուշներին։

Համաժողովի ընթացքում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ԵՊՀ-ի, Հայաստանի ազգային արխիվի և ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի ներկայացուցիչներն իրենց զեկույցներում անդրադարձան  Երկրորդ աշխարհամարտին հայերի ծանրակշիռ  մասնակցությանն ու ավանդին թե՛ ռազմի դաշտում, թե՛ թիկունքում, հանգամանալից ներկայացրին պատերազմի` մինչեւ օրս անհայտ էջեր։

-Շատ կարեւոր է ուսումնասիրել և վերլուծել  ութ տասնամյակ առաջ տեղի ունեցած իրադարձությունները, օրինակ վերցնել հերոսներից եւ ամենակարեւորը՝ հիշել բոլորին: Ժամանակը մեզ հնարավորություն է տալիս առավել օբյեկտիվ վերլուծելու նրանց գործունեությունը՝ այն դարձնելով հուսալի կողմնացույց ներկա եւ ապագա սերունդների դաստիարակման գործում: Ժողովրդի պատմական հիշողությունը զենքից առավել է: Այս աննախադեպ պատերազմում Հայաստանը բարեբախտաբար չդարձավ ռազմական գործողությունների թատերաբեմ: Այդուհանդերձ, դա նաեւ մեր պատերազմն էր, պատերազմը ֆաշիզմի դեմ նախ եւ առաջ նշանակում էր պայքար հանուն հայ ժողովրդի փրկության,- իր խոսքում  նշեց ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տնօրեն Վալերի Հակոբյանը:

Հայ ռազմիկները կռվել են պատերազմի բոլոր ուղղություններում՝ Կովկասի լեռներում, ի պաշտպանություն Մոսկվայի, Ստալինգրադի ճակատամարտում, ազատագրել են Ուկրաինան, Մերձբալթյան հանրապետությունները, Արեւելյան Եվրոպան: Ներգրավված են եղել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Հունաստանի, Իտալիայի եւ այլ երկրների զինված ուժերի եւ պարտիզանական ջոկատների կազմում: Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին հայ ժողովուրդը հասավ անհավանական տառապանքների եւ կորուստների գնով. ընդհանուր 600.000 մասնակիցներից 300.000-ը զոհվեցին մարտադաշտում։

«Պատերազմին հայ ժողովրդի մասնակցության այդ բարձր ակտիվությունը դրսեւորվեց նաև բոլոր նշանավոր ճակատամարտերում հայ ռազմիկների ցուցաբերած հերոսությամբ ու հրամանատարական կազմում ունեցած իրենց տեսակարար մեծ կշռով. հայերից 4-ին շնորհվել է մարշալի, 10-ին՝ ծովակալի, 161-ին՝ գեներալի կոչում,- իր զեկույցում ընդգծեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի  գլխավոր գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Կ. Հարությունյանը:- Հայերը մարտնչել են բոլոր զորատեսակներում (հետեւակ, հեծելազոր, հրետանավոր, տանկիստ, օդաչու, կապավոր, սակրավոր եւ այլն), այդ թվում՝ ռազմածովային նավատորմում: Վերջին զորատեսակին մինչեւ օրս հայ պատմագրությունն առանձին չի անդրադարձել,- նշեց բանախոսն ու հավելեց.- ավելի  քան տասնյակ տարիներ ԽՍՀՄ, ապա Ռուսաստանի Դաշնության ռազմածովային արխիվներում մեր կատարած աշխատանքի արդյունքում հայտնաբերած հարուստ փաստական նյութը մեզ հնարավորություն է տվել առանձին աշխատություն գրել Բալթյան, Սեւծովյան, Հյուսիսային ծովի եւ Խաղաղօվկիանոսյան նավատորմերի շարքերում մարտնչած հայ ծովայինների եւ ծովային օդաչուների կատարած սխրանքների վերաբերյալ»:

♦♦♦

Ամեն զեկույցի առանցքում  քիչ հայտնի  եւ նորահայտ փաստեր էին, ակնառու էր  զեկույցների  հեղինակների պրպտուն աշխատանքը. նրանք մանրակրկիտ ուսումնասիրել էին  թե՛ թանգարանում, թե՛ տարբեր արխիվներում պահպանված առնչակից նյութերը,  այցելել էին նաեւ  իրենց զեկույցների հերոսների տներ, զրուցել ժառանգների հետ, ծանոթացել  նրանց օջախներում սրբազան մասունքի պես պահվող  փաստաթղթերին, լուսանկարներին:

Խորհրդային բանակի  գեներալ-մայոր Աշոտ Ամատունի,  ազատագրված Կիեւ հերոս քաղաքի կայազորի առաջին պետ, գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյան,  Մելիտոպոլյան  դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Ասքանազ Կարապետյան, զորահրամանատար, ռազմական ու պետական գործիչ, Ռժեւից մինչեւ Քյոնիգսբերգն ազատագրած գեներալ-մայոր Հայկ Մարտիրոսյան, փոխգնդապետ Ղուկաս Մադոյան, ռազմական ճանապարհաշինության գործում  իր մեծ ավանդն ունեցած գնդապետ Ամիրջան Դանիելյան…

Ուսումնասիրություններից մեկում էլ  ներկայացված էր Մեծ հայրենականի հերոս Ավետիք Բուռնազյանի կյանքն ու գործունեությունը, ով թեեւ շատ հայտնի գործիչ է եղել խորհրդային երկրում, սակայն բուն հայրենիքում քչերն են ճանաչում, եւ քչերը գիտեն նրա մեծ վաստակի մասին: Նա ղեկավարել է Հարավային, Առաջին մերձբալթյան, իսկ Ճապոնիայի հետ պատերազմում՝ Հեռավորարեւելյան ռազմաճակատների բժշկական ծառայությունները: Ավետիք Բուռնազյանը ԽՍՀՄ ազգային առողջապահական համակարգի նշանավոր դեմքերից է, միջուկային արդյունաբերության անձնակազմի բժշկասանիտարական աջակցության միասնական համակարգի ստեղծողը: Բուռնազյանն իր ներդրումն ունի ԽՍՀՄ-ում առաջին խորհրդային ատոմային ռումբի եւ «միջուկային վահանի» տարրերի ստեղծման գործում…

♦♦♦

Զեկույցներում ներկայացված էին նյութի հերոսների ոչ միայն մարտական, թիկունքային ծառայության մեջ ունեցած զգալի ներդրումները,  այլև տարբեր դեպքերի, դրվագների, հուշերի  ու նամակների միջոցով բացահայտվում էր  նաեւ նրանց  մարդկային առինքնող, զգայուն, ըմբոստ եւ ընդվզող տեսակը: Հիշատակեմ ուշագրավներից մեկը.

«Ստալինյան ժամանակներն էին… Հովհաննես Բաղրամյանին ձերբակալել էին, եւ  քչերն էին համարձակվում իրենց բողոքը բարձրաձայնել անարդար որոշման դեմ. բոլորը հստակ գիտեին, պարզորոշ պատկերացնում էին, թե ինչ է սպառնում նման դեպքերում։ Գնդապետ Ամիրջան Դանիելյանն էլ գիտեր, սակայն, անտեսելով ամեն ինչ, գրիչ է վերցրել ու նամակ գրել, նամակ, որի ամեն բառն այն ժամանակների համար հավասարազոր էր կյանքին հրաժեշտ տալուն. «Եթե Բաղրամյանը ժողովրդի թշնամին է, ուրեմն մենք եւս ժողովրդի թշնամիներ ենք, եւ Ստալինը նույնպես ժողովրդի թշնամին է…»:  Նամակը հասնում է Ստալինին: «Ժողովուրդների հայրը» նամակը կարդալուց հետո քմծիծաղել է, հրամայել շտապ իր մոտ բերել Բաղրամյանին։ Երբ Բաղրամյանն արդեն «ժողովուրդների առաջնորդի» սենյակում էր,   վերջինս հարցնում է Բաղրամյանին. «Ո՞վ է քո ամենամոտ ընկերը»։ Բաղրամյանը  լռում է, որպեսզի   իր ընկերներից որեւէ մեկին չվտանգի: Ստալինը  նրան է պարզում նամակն ու ասում՝ կարդա, իմացիր՝ ով է քո իսկական ընկերը…

♦♦♦

Համաժողովի շրջանակներում անդրադարձ կատարվեց  նաեւ 261-րդ հրաձգային դիվիզիայի կազմավորմանը, հայ պատմագրության մեջ Ստալինգրադի ճակատամարտին  հայ ժողովրդի մասնակցության հիմնահարցի լուսաբանմանը եւ  այլն։

Ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: Շեշտադրելով հայ ժողովրդի անուրանալի վաստակը Երկրորդ աշխարհամարտի հաղթանակի գործում՝  կարեւորեց նմանատիպ համաժողովների նշանակությունը՝ պատմությունը վերաիմաստավորելու, վերարժեւորելու, նորովի, նոր, չբացահայտված էջեր հանրությանը ներկայացնելու, հանրահռչակելու նկատառումով։

Նմանատիպ համաժողովները   կլինեն շարունակական։ Առաջիկայում կհրատարակվի համաժողովի ընթացքում հնչած զեկույցների ժողովածուն։

Հիշել, հիշատակել, հանրահռչակել  հայրենիքի  բոլոր նվիրյալներին, գնահատել նրանց վաստակը՝ ժամանակի հոլովույթում չմոռանալով  եւ ոչ մեկին։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #26 (1491) 05.07.2023 - 11.07.2023, Պատմության էջերից


10/07/2023