Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐԱԳՏԱԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ



ՎԵՐԱԳՏԱԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՊետրոսյանների ընտանիքում վերածնունդ է, կյանքի նոր էջ, որն իմաստավորվել է մանկան ճիչով, ապրելու նոր հույսով ու նպատակներով:

Օրեր առաջ լույս աշխարհ եկած փոքրիկը Սամվել Պետրոսյանն է՝ 44-օրյա պատերազմում զոհված եղբոր անվանակիցը, շարունակությունն ու Պետրոսյանների վերագտած երջանկությունը:

Որդու զոհվելուց հետո ամուսինները երեխա ունենալու մասին չեն մտածել։ Ավելին՝ մեծ ցանկության դեպքում նույնիսկ հնարավոր չէր, քանի որ տիկին Թամարան առողջական խնդիրներ ուներ։ Սակայն, երկուսուկես տարի անց՝ հերթական վիրահատության նպատակով բուժհետազոտություն անցնելիս, պարզվել է, որ երեխայի է սպասում:

…Բժիշկների հորդորով երկար խորհելուց հետո ամուսինները որոշում են, որ փոքրիկը պետք է լույս աշխարհ գա։ Բուժանձնակազմի հսկողության տակ տիկին Թամարան հաղթահարել է բոլոր դժվարությունները, ամեն կերպ պայքարել իր և փոքրիկի կյանքի համար: Եվ ահա լիովին առողջ ծնված Սամվելն է՝ 3կգ քաշով, 50սմ հասակով:

-Տունս դատարկվել էր: Բայց երեխան երբ որ ծնվեց, ամեն ինչ գլխիվայր փոխվեց, արդեն մեր ապրելն էլ իմաստ ունեցավ,- անկեղծանում է հերոսի հայրը:

-Սամվելս էլի իր տեղում է: Բայց որ փոքրիկը մեր տանը նոր շունչ, ուրախություն բերեց, էդ հաստատ է: Մեր կյանքում մեծ շրջադարձ եղավ,- ասում է տիկին Թամարան:

Վերքը դեռ թարմ է, բայց ծնողները շեշտում են՝ իրենց ավագ Սամվելի երազանքները կրտսեր Սամվելը պետք է ի կատար ածի:

ՎԵՐԱԳՏԱԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՍամվել Պետրոսյանը պատերազմի օրերին իր ստորաբաժանման տղաների հետ տեղափոխվել էր Իշխանաձոր։ Ընտանիքի անդամներին տեղյակ չէր պահել, որպեսզի չանհանգստանան։ Ընդ որում, այդ նույն ժամանակ Սամվելի մայրը հիվանդանոցում էր և պետք է վիրահատվեր։

-Վիրահատության ժամանակ բժիշկը հարցրեց, թե ինչու եմ այդքան լարված:

Ես էլ պատասխանեցի, որ տղաս ծառայում է: Դու մի ասա, տղաս արդեն Իշխանաձորում է, և իմ վիրահատության օրն ու ժամը համընկել են որդուս զոհվելու օրվա ու ժամվա հետ,- հուզված ձայնով այս դիպվածն է վերհիշում հերոսի մայրը:

-Մենք հպարտ ենք, որ ուժեղ, հայրենասեր տղա ենք դաստիարակել: Այդպես եմ բնութագրում որդուս, որովհետև նա մեր հայրենիքի համար է զոհվել և իր ընկերների, որոնք նույնպես հերոսներ են, նրանց կողքին է եղել: Հավատացնում եմ՝ Սամվելս այն տեսակն էր, որ եթե նույնիսկ պարտադիր զինվորական ծառայության մեջ էլ չլիներ, ինքը էլի կգնար՝ նույնիսկ առանց մեզ տեղյակ պահելու:

Սամվելն աննահանջ կռվել է և զոհվել հոկտեմբերի 19-ին՝ մարտական առաջադրանքը կատարելիս:

Կանցնեն տարիներ, փոքրիկ Սամվելը հասակ կառնի և ծնողների պես ինքն էլ կհպարտանա հերոս եղբորով ու նրա մասին կպատմի բոլորին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #26 (1491) 05.07.2023 - 11.07.2023, Ճակատագրեր


10/07/2023