Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՄԵՐ ՀԵՐԹՆ Է



ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՄԵՐ ՀԵՐԹՆ ԷԱմառային զորակոչը շարունակվում է…

Զորամասերը համալրած  նորաթուխ զինվորները   սերտում են զինվորական կյանքի «այբուբենը», հարմարվում բանակային օրենքներին. այստեղ ամեն ինչ ըստ ժամանակացույցի է՝ քնել, արթնանալ, սնվել, հանգստանալ, պարապել… Սովորում են անկողինը ճիշտ հարդարել՝  միլիմետրերի ճշգրտությամբ, զինվորական համազգեստը ճիշտ կրել՝ իր բոլոր նրբություններով, շարային կեցվածք, շարային քայլք… Շուտով  վառոդի բույրն էլ կառնեն, կկրակեն, մարտավարամասնագիտական գիտելիքները կյուրացնեն, կկատարելագործեն, այնուհետ տեսական պարապմունքներին կհաջորդեն գործնական պարապմունքները…., ու  այսպես օրերը կգումարվեն օրերին,  ու նորաթուխ զինվորներից տղերքը կվերածվեն հայրենիքի ամուր ու հուսալի վահանի:

♦♦♦

Զորամասում տարբեր պարապմունքներ են ընթանում՝ շարային քայլքի ուսուցում,  ֆիզիկական պատրաստություն… Փորձառու  սպաներն ու ավագ ծառայակից ընկերները օգնում են նորակոչիկներին, հանգամանալից ու հնարավորինս մատչելի  բացատրում ամեն մանրուք:

-Բացի նախատեսված տարաբնույթ պարապմունքներից, ուշադրության կենտրոնում է նորակոչիկների  բարոյահոգեբանական վիճակը, նրանց պահվածքը, վարքը:  Տարբեր դաստիարակության, կրթության,  տարբեր ընտանիքներից,  տարբեր արժեհամակարգերով, տարբեր խառնվածքի ու մտածելակերպի զինվորներով է համալրվում բանակը: Բազմաբնույթ զրույցների, առանձնազրույցների միջոցով փորձում ենք  ճանաչել  զինվորին, ճշտում նրա նախասիրություններն ու հակումները, իրենց հուզող  խնդիրները: Ամբողջ այս գործընթացը լիարժեք հսկողության տակ է, ամեն ինչ արվում է, որ նորաթուխ զինվորները հեշտ ու սահուն ինտեգրվեն նոր միջավայրին, – նշում է զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Արմեն Սարգսյանը:

Փոխգնդապետը 44-օրյա  պատերազմի,  հուլիսյան մարտական գործողությունների մասնակից  է, ինքն էլ  զինվորի հայր է ու ծնողի եւ խստությամբ եւ սրտացավությամբ է մոտենում յուրաքանչյուրին՝ ամենքն էլ մի օջախի սյուն են:

– Զինվորի առօրյան պետք  է հագեցած անցնի, ժամանցն էլ՝ բովանդակալից ու հետաքրքիր, հարկ է ճիշտ ուղղորդել նրա մտածելակերպն ու վարքը՝ շեշտն առաջին հերթին դնելով  դրական հատկանիշների, վարքագծի օրինակելի կողմերի վրա:   Փոխվում են ժամանակները,  սպառազինությունը,  մարտավարությունը, մարտահրավերները, համապատասխանաբար էլ  մշակում ենք նոր մեթոդներ,  նոր մոտեցումներ  ժամանակին համաքայլ…

Զրուցում ենք նորաթուխ զինվորների հետ:

Արմավիրի մարզի Ծիածան գյուղից  է շարքային Ռուստամ Կիրակոսյանը՝ թիկնեղ, ձիգ երիտասարդ է, հարցերիս պատասխանում է զինվորականի հանգով՝ կարճ ու կտրուկ:  Զինվորականի որդի է, հայրը ՝ Նվեր Կիրակոսյանը, 44-օրյա պատերազմի մասնակից  է:

-Բանակը կարգուկանոն է սովորեցնում,- ասում է Ռուստամը,- տասն օրից քիչ ավելի է, որ ծառայում եմ,  բայց  արդեն  ակնհայտ  զգում եմ նկատելի փոփոխություններ իմ մեջ:  Մինչ ծառայությունս  էլ տեղեկացել եմ  «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասին, մտմտում եմ, հնարավոր է՝ այդ ծրագրով շարունակեմ ծառայությունս՝ հինգ տարի հայրենիքիս պաշտպանը լինեմ:

Շարքային Էրիկ Ղավալյանը նույնպես զինվորականի ընտանիքում է մեծացել, ապագա ծրագրավորող է, մինչ զորակոչվելը Աբովյանի պետական քոլեջում է ուսանել:

-Բանակային ծառայությունը, ռեժիմն ինձ համար առանձնապես դժվարություն չի ներկայացնում, աչք եմ բացել՝ զինվորական համազգեստ եմ տեսել, կարգուկանոն:  Բանակը ավելի է կոփում, տարբեր մարդկանց ես ճանաչում,  ինքդ նաեւ քեզ ես ճանաչում, տարբեր իրավիճակներում ինքդ քեզ նորովի բացահայտում:

Հայրս պահեստազորի փոխգնդապետ է, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, արդեն թոշակի էր անցել, բայց մի րոպե չհապաղեց, կամավոր մեկնեց, կռվել  է Մեխակավանում: Մենք արմատներով Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղից ենք, հորեղբայրներս էլ այդ ժամանակ   մեր մոտի պոստերում էին կանգնած… Հիմա էլ մեր  հերթն է հայրենի եզերքը պաշտպանելու:

-Ես էլ եմ եկել բանակ՝  պաշտպանելու իմ ընտանիքն ու հայրենիքը,- զրույցին միանում է  դեբեդավանցի Սեմյոն Օհանյանը:

Մարզված և կոփված երիտասարդ  է  Սեմյոնը, կարատեով,  ֆուտբոլով է զբաղվել: Ծառայությունից հետո որոշել է բարձրագույն կրթություն ստանալ:

-Իսկ մինչ այդ հայրենիքիս զինվորն եմ, ապագա հրետանավոր եմ: Մարտավարամասնագիտական գիտելիքներ ստանալիս  չպիտի թերանանք և ամեն րոպեն արդյունավետ եւ նպատակային օգտագործենք։

♦♦♦

Շարահրապարակում մարզումները շարունակվում են:

Աջ դարձ, ձախ դարձ, ու այսպես քայլ առ քայլ ավելի հղկված, ավելի հստակ ու հատու են դառնում շարժումները, զինվորանում են տղերքը…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #27 (1492) 12.07.2023 - 18.07.2023, Ազգային բանակ


17/07/2023