ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՋՈՐԴ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ՉԵՄ ԹՈՂՆԵԼՈՒ
Նշանն ու Նարեկը եղբայրներ են: Ծնվել, հասակ են առել սահմանամերձ բնակավայրում, բազմանդամ ընտանիքում։ Մինչև պարտադիր ժամկետային ծառայության անցնելը երկուսն էլ սովորել են միջին մասնագիտական պատրաստության ուսումնարաններից մեկում, ստացել խոհարարի որակավորում:
Տղաների մայրը՝ տիկին Նելլին իրենց բակից ադրբեջանական հենակետերն է ցույց տալիս: Տունը հակառակորդի ուղիղ նշանառության տակ է: Երբ առաջնագծում իրավիճակը փոքր-ինչ սրվում է, շատ են անհանգստանում։ Եվ երբ որդիների ծառայության տարիքն հասավ, լավագույն որոշումը, որ կարող էին Նշանն ու Նարեկը կայացնել, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայությունը շարունակելն էր։ Գոնե որդիներն իրենց մոտ կլինեն, իսկ տագնապի ու կարոտի ապրումները՝ մի քիչ տանելի: Մեր զրույցի ժամանակ Նշանը վստահեցրեց, որ գյուղի տեղանքն ու առանձնահատկություններն իրենցից լավ ոչ ոք չգիտի, բնականաբար ցանկացած մարտական խնդրից իրենք շատ ավելի լավ գլուխ կհանեն։
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով տղաները նաև զինված ուժերում ընթացող ատեստավորման քննություններին են մասնակցել։ Եղբայրներից Նշանին հաջողվել է հաղթահարել ատեստավորումը, Նարեկին ոչ։ Նա առայժմ պետք է հարստացնի գիտելիքներն ու կատարելագործի մասնագիտական հմտությունները, որպեսզի երեք ամիս անց կարողանա մասնակցել ատեստավորման հաջորդ փուլին։
– Բնավ չեմ նեղվում, որ եղբորիցս քիչ եմ վաստակելու: Ավելի շատ նեղվում եմ, որ գիտելիքների հարցում թերացել եմ։ Ատեստավորումը հնարավորություն է, որ ինքդ քեզ հետ էլ ավելի անկեղծ լինես, ճիշտ գնահատես պատրաստվածությանդ մակարդակը, չէ որ այս դեպքում անգամ չնչին թերացումները ճակատագրական կարող են լինել, հատկապես, երբ քեզ է վստահվում երկրիդ պետական սահմանի պահպանությունը,- անկեղծացավ Նարեկը:
Այս առումով ավագ սերնդի զինծառայողները ևս համակարծիք են Նարեկի հետ:
-Իհարկե, մշտապես զորավարժությունների, ուսումնական պարապմունքների, ամփոփիչ ստուգումների միջոցով կարողացել են գնահատել իրենց պատրաստվածությունը, մշտապես արվել է առավելագույնը անձնակազմի գիտելիքների և պատրաստվածության մակարդակը բարձր պահելու համար, սակայն ատեստավորման առավելություններից մեկն էլ այն է, որ մարդն այս դեպքում նաև անձնական շարժառիթ ունի՝ իր ընտանիքի համար ավելի բարեկեցիկ կենցաղ ապահովել,- ասաց պայմանագրային զինծառայող Արթուր Զաքինյանը:
Հրաժեշտի պահին Նարեկը վստահեցրեց, որ ատեստավորման մյուս հնարավորությունը բաց չի թողնելու: Առայժմ կարևոր է ընթացիկ հերթափոխը պատվով հաղթահարելը, իսկ ազատ օրերին էլ ողջ ժամանակը կհատկացնի առաջիկա ստուգատեսներին պատրաստվելուն։
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Խորագիր՝ #28 (1493) 19.07.2023 - 25.07.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում