Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆՇԱՁՈՂ



ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆՇԱՁՈՂԶինծառայողների ատեստավորման քննությունները ակտիվ փուլում են: Զինված ուժերում  բարեփոխումների և բանակի մարտունակությունն ամրապնդելու համատեքստում մեկնարկած գործընթացը զինվորականները մեծ ոգևորությամբ են ընդունել: Օրերս քննություն հանձնեց ատեստացիային մասնակցելու ցանկություն հայտնած հերթական խումբը: Մասնակիցների գործողությունները գնահատում էր մասնագիտական քննիչ հանձնաժողովը: Գործընթացի անաչառությանը հետևում էին նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի և ԱԱԾ ներկայացուցիչներ:

Զինծառայողներից շատերը ամիսներ առաջ են սկսել մարզվել՝ պատրաստվելով առաջիկա ատեստավորմանը։ Հրամանատարական կազմը գոհունակությամբ նշում է՝ անձնակազմը շահագրգռված է բարձր արդյունքներ ցուցադրել: Առօրյա պարապմունքների ընթացքում յուրաքանչյուրը ձգտում է ամեն ինչ անել պատրաստվածության մակարդակը բարձրացնելու, իր հաստիքային պարտականություններին առավել լավ տիրապետելու համար։

Մասնակիցները կարևորում են ատեստացիայի սոցիալական բաղադրիչը, ինչն անմիջական ազդեցություն ունի թե՛ զինծառայության արդյունավետ իրականացման, թե՛ քաղաքացիներին զինծառայությանը ներգրավելու հարցում: Սահմանված հավելավճարի չափը էական է, անհրաժեշտ միավորներ հավաքած զինծառայողը կրկնակի, նույնիսկ ավելի շատ աշխատավարձ կստանա:

Շատերը գոհունակությամբ փաստում են, որ պաշտպանության նախարարն անձամբ հետևում է գործընթացին, ուսումնական տեղամասերում հետաքրքրվում է քննությունների ընթացքով և անհրաժեշտ հանձնարարականներ տալիս՝ ատեստավորման գործընթացը պատշաճ և անաչառ անցկացնելու համար:

Քննությունների առաջին օրը զինծառայողները հանձնեցին շարային պատրաստության ստուգարքը: Շարային քայլք, անցումներ, զենքով վարժություններ՝ շարահրապարակում տրվում են հստակ հրամաններ, սակայն կատարումը հանձնաժողովի անդամներին ամբողջությամբ չի գոհացնում: Տվյալ խմբում շարային պատրաստությունից գերազանց գնահատական չի նշանակվում, մասնակիցներն առավելապես գնահատվում են լավ:

Հաջորդ օրը ֆիզիկական պատրաստության քննությունն էր: Սկզբում զինծառայողները կատարեցին ձգումներ պտտաձողի վրա, նաև գերազանց ցուցանիշներով: Այնուհետև անցան 100 մ վազքուղին իրապես բարձր մրցակցային պայմաններում. գրանցվեց 100 մետրը 12 վայրկյանում արդյունք: Վերջում մասնակիցները հաղթահարեցին 3 կիլոմետրանոց վազքուղին: Ֆիզիկական պատրաստության գնահատականը որոշվեց երեք վարժաձևերի հանրագումարով: Այսինքն՝ մասնակիցը կարող է մեկ վարժաձևից ցածր արդյունք ունենալ, սակայն միավորների ընդհանուր քանակը լրացնել մյուսների բարձր արդյունքներով:

Հրաձգարաններից մեկում հետևեցինք նաև կրակային պատրաստության քննությանը: Անվտանգության կանոնների վերաբերյալ հրահանգավորումից հետո սկսվեց մարտական հրաձգությունը: Գերազանց գնահատականի համար զինծառայողները բոլոր վարժաձևերում մենահատ, ապա ավտոմատ կրակով պետք է խոցեին թիրախներ՝ անշարժ և վազող, իսկ վերջում նռնակի ճիշտ նետում կատարեին: Յուրաքանչյուր դիպուկ խոցում ավելացնում էր հաջորդ կրակող զույգի ոգևորությունը: Այդպիսի դիպուկ խոցումներ բավական շատ էին:

Ատեստավորում անցնող հայրենիքի պաշտպանները ֆիզիկական, կրակային պատրաստությունից բացի քննություններ հանձնեցին նաև մասնագիտական առարկաներից և ծառայողական պարտականությունների իմացությունից՝ թեստավորման ձևաչափով: Բոլոր քննությունների արդյունքների հանրագումարով ստուգող հանձնաժողովը գնահատեց զինծառայողների ընդհանուր պատրաստվածության մակարդակը։

Ատեստավորված և հավելավճարի իրավունք ստացած պայմանագրային զինծառայողները ենթակա կլինեն ատեստավորման 3 տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Իսկ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերած զինծառայողներին հնարավորություն կտրվի վերաատեստավորվելու մի քանի ամիս անց:

Քննական հանձնաժողովի անդամները բոլոր մասնակիցներին հորդորեցին չբավարարվել ունեցած արդյունքներով և առաջիկա ամիսներին նորից դիմել ու ձգտել գերազանց գնահատականի:

 

Կապիտան Այվազյանը և ավագ սերժանտ Խաչատրյանը ստացել են ընդհանուր «լավ» գնահատական՝ կրակային և ֆիզիկական պատրաստությունից գրանցելով գերազանց արդյունք:

Կապիտան Խաչիկ Այվազյանը 2011 թվականից զինված ուժերում է: Մինչև 2018 թվականը պայմանագրային է եղել: Դասակի հրամանատարների հնգամսյա դասընթացներն ավարտելուց հետո սպայական կոչում է ստացել: Այժմ ուսումնական ստորաբաժանման հրամանատար է: Զինծառայողների ատեստացիոն համակարգը չափազանց կարևոր և հաջողված է համարում:

-Թե ֆինանսական, թե պատրաստության առումով դրական գործընթաց է, մեծապես նպաստում է մասնագիտական կատարելագործմանը: Իհարկե, պարապել ենք այս քննությունների համար, առանց լրացուցիչ մարզումների շատ դժվար կլիներ: Որոշ նրբություններ, որոնց  ամենօրյա ծառայության ընթացքում չես առնչվում, մոռանում ես, ֆիզիկապես թուլանում ես: Ինքդ քեզ վրա պիտի անընդհատ աշխատես գերազանց արդյունքի հասնելու, ենթակաների համար օրինակ ծառայելու նպատակով:

Կապիտան Այվազյանի ենթակայությամբ են պարապել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայության անցած մարտիկները: Ուսումնական վաշտի մոտ 70 տոկոսն ատեստավորվել է, որոնցից մեկը՝ գերազանց:

Ավագ սերժանտ Սիմոն Խաչատրյանը խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոնի հրահանգիչ է: 13 տարի է՝ ծառայում է զինված ուժերում:

-Ծրագիրը սեփական կարողությունների վրա աշխատելու, ուժերը փորձելու լավ հնարավորություն է: Առանց երկմտելու դիմել եմ քննություններին մասնակցելու: Ատեստացիոն համակարգի ընդհանուր մտահղացումն այնպիսին է, որ նպատակին հասնելու համար պիտի շատ աշխատես, պարապես: Ինքդ քեզ համար գերազանց ծառայության նոր նշաձող ես սահմանում, ինչը հաստատ հետագայում իր դրական ազդեցությունն է ունենալու:  Ընդ որում, քննությունների հաղթահարումը ծառայության նոր մեկնարկ է՝ ավելի վստահ, ավելի պարտավորեցնող:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ

Խորագիր՝ #28 (1493) 19.07.2023 - 25.07.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


24/07/2023