ԽԱՆՁԱՁՈՐ
Խանձաձորը Հադրութի շրջանի գեղեցկաշուք գյուղերից մեկն է՝ շրջկենտրոնից 52 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից 124 կմ հեռավորության վրա։ Խանձաձոր համայնքի մեջ էր ընդգրկված նաև Հայկավան գյուղը։
Խանձաձորի տարածքում և շրջակայքում հայտնաբերվել են տասնյակ հուշարձաններ, որոնք փաստում են, որ հայն այս հողում ապրել է հեթանոսական, վաղ քրիստոնեական, միջնադարյան ժամանակներից: Բնակավայրը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների սելջուկ թուրքերի, մոնղոլ թաթարների, օսմանյան թուրքերի կողմից:
Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը իր «Արցախ» աշխատության մեջ՝ տպագրված 1895 թ., անդրադառնում է նաև Խանձաձոր գյուղին. «Հիմնուած է Ծամձոր գիւղին արեւմտեան կողմում, հողն բեկական, տեղական բարքերն միեւնոյն, գերազանց օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք՝ 100 տարի, եկեղեցին Սուրբ Հովհաննէս. ծուխ 57, ար. 287, իգ. 222»։
Խանձաձոր գյուղի մյուս անունը Ծառիշեն է, որ կապվում է գյուղի կենտրոնում վեր խոյացող բարձրահասակ թեղու ծառի հետ։ Խանձաձոր անվանումը մի քանի ստուգաբանություն ունի: Հաշվի առնելով գյուղի աշխարհագրական դիրքը և պատմական անցյալը՝ Խանձաձոր անվանումը լիովին բնորոշում է գյուղի դիրքն ու դաժան ճակատագիրը՝ կրակի ճարակ դարձած խանձված ձոր: Սակայն կա նաև մեկ այլ բացատրություն, ըստ որի՝ խազնի ձոր, որ նշանակում է գանձերի ձոր: Արաբերեն խազն՝ գանձ:
Խանձաձորը չորս կողմից շրջապատված է անտառապատ լեռներով: Հյուսիսային կողմում Դիզափայտ լեռն է, իսկ հյուսիսից հարավ ձգվում են Հարսնաքար, Թոխ քար, Մեժլումեն խութ, Հաչա քար, Խաչ քար, Ծավ քար լեռները:
Գյուղը գրավոր աղբյուրներում հիշատակվում է վաղ միջնադարից: Մինչև 2020 թ. պատերազմը գյուղում և շրջակայքում պահպանվել էին հին բնակավայրերի, ամայացած հնավայրերի մնացորդներ, մասնավորապես՝ Թուփ ծառ, Շենատեղ, Եղցուն ձոր, Խաչեր, Լոլու արտ, Արաբաց քար, Ջնալի գյուղատեղիները:
Խանձաձորը և հարևան գյուղերը քոչվոր ցեղերի ասպատակություններից պաշտպանելու նպատակով գյուղից 4 կմ հարավ-արևելք կառուցել են Կարմիր քար ամրոցը, որի դեմ դիմաց գտնվում են երկու այլ անանուն ամրոցներ։ Գյուղից հյուսիս նշանավոր Դիզափայտ լեռն է՝ կատարին Կատարո վանքը: Դիզափայտ լեռ կարելի է բարձրանալ բոլոր կողմերից, բայց առավել հարմարը Խանձաձորի ուղղությունն է։
Գյուղի ամենանշանավոր պատմական հուշարձանը 1698 թ. կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որ գտնվում է գյուղի հարավարևմտյան բարձրադիր լանջին: Եկեղեցին միանավ թաղածածկ սրահ է՝ կիսաշրջան խորանով և կից ավանդատներով: Մուտքի աջ ու ձախ կողմերում պատի մեջ ագուցված են 17-րդ դարի խաչքարեր, որոնցից մեկը արձանագիր է: Հայկական եկեղեցիների պատերի մեջ ամրացված խաչքարերը փաստում են, որ տվյալ եկեղեցին կառուցվել է նախկին ավերված եկեղեցու տեղում, որից որպես հուշ մնացել են հիշյալ խաչքարերը:
Խանձաձորը հարուստ է բազմաթիվ աղբյուրներով, որոնցից են՝ Շենին, Քար, Ակնեն, Համբարձումեն, Տանձուտեն, Թթոտեն, Արզումանի և այլն:
Աղբյուրներից նշանավորը, թերևս, Շենինն է՝ կառուցված 1849 թ. Մեծ Թաղեր գյուղի բնակիչ Գրիգոր Նազարյանցի ձեռքով: Պահպանվել է նաև աղբյուրի կառուցման արձանագրությունը. «Յիշատակ է աղբիւրս այս Մեծ Թաղլարեցի Գրիգոր Նազարյանցին և իւր ծնողաց 1849 ամի»:
1991 թ. ադրբեջանական օմօնը խորհրդային զորքերի անմիջական օգնությամբ հրի ու սրի է մատնում Խանձաձորը: Բնակիչները տեղահանվում են՝ կրկին վերադառնալու ակնկալիքով:
1994 թ. հայկական կամավորական ջոկատները ազատագրում են հինավուրց գյուղը, և բնակիչները գալիս ծաղկեցնում ու շենացնում են իրենց պապերի բնօրրանը: Նախկին ավերված ու ամայացած բնակավայրից մի փոքր արևելք, Լոլու արտ հանդամասում վերաշինվում և վերընձյուղվում է նոր Խանձաձորը:
Մշտապես կրկնվող պատերազմների, համաճարակների, տեղահանության պատճառով դարերի ընթացքում Խանձաձորի բնակչությունը սակավաթիվ է եղել:
1921 թ. Արցախի Խանձաձոր գյուղից տեղահանված 50 ընտանիքներ Հյուսիսային Կովկասից Արցախ ներխուժած թաթարների սպանդից փախչելով՝ Ստավրոպոլի երկրամասում հիմնում են «Совхоз Дружба» անունով մի չքնաղ գյուղ:
Խանձաձոր գյուղը անմասն չմնաց նաև Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Ռազմաճակատ մեկնած 91 քաջերից 49-ը անմահացան:
Եկեղեցու հարևանությամբ 1977 թվականին կառուցվել էր Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը:
Արցախյան ազատագրական պատերազմի տարիներին գյուղի սակավաթիվ բնակչությունից հայրենի բնաշխարհի պաշտպանությանը զինվորագրվում են 30 երիտասարդներ, որոնցից 5-ը նահատակվում են:
Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղը, որ դարեր շարունակ կարևոր դերակատարում է ունեցել Արցախի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում, 2020 թ. վերջերին լրացնում է հայկական գերյալ բնակավայրերի ցանկը։ Գյուղի ներկայիս վիճակի մասին որևէ տեղեկություն չկա:
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #29 (1494) 26.07.2023 - 01.08.2023, Հոգևոր-մշակութային