Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՆՈՐԻՑ ԼՈՒՅՍ Է ԲԱՑՎԵԼ



ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՆՈՐԻՑ ԼՈՒՅՍ Է ԲԱՑՎԵԼ44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Հարություն Հովհաննիսյանի՝ իր կյանքի Նարեին գտնելու երազանքը անավարտ մնաց: Ինչ-որ չափով որդու երազանքը երեք տարի անց կյանքի կոչեցին ծնողները:

Փոքրիկի ծնունդով Հովհաննիսյանների ընտանիքում նորից լույս է բացվել, ապրելու նոր հույս արթնացրել։

-Կուրսեցիներից Լուսինեն պատմում էր, որ Հարությունը միշտ «Նարե» երգն է լսել, իսկ բանակ գնալուց առաջ խնդրել է. «Ինձ համար Նարե կգտնեք, մինչև վերադառնամ»,- պատմում է մերօրյա հերոսի մայրը՝ Նատալյա Դավթյանը։

Հղիության ինն ամիսները սպասումով ու անբացատրելի զգացողություններով են անցել: Ինն ամիս հաղթահարել է բոլոր դժվարությունները, սրտի թրթիռով օրերն է հաշվել, ամեն օր աղոթք հղել առ Աստված, որ առողջ փոքրիկ լույս աշխարհ գա:

-Առաջին հետազոտությունից հետո, երբ իմացանք՝ աղջիկ է, որոշեցինք անվանակոչել Հարությունիս սիրած անունով՝ Նարե: Որդիս իր համար կյանքի Նարե էր փնտրում, բայց ծնվեց քույր Նարեն: Մենք երկու տարի չենք երազել. մեր երազանքի թևերը կոտրված էին: Նարեիս ծնունդով սկսել ենք ապրել: Նարեիս ծնունդը մեզ նոր կյանքի կոչեց, տան լռությունը խաթարեց իր լացով, իր ժպիտով: Եվ նաև այս մեծ աշխարհում Սուրենս մենակ չի լինի, քույրը կողքին կլինի: Իհարկե, հիմա է տարբերությունը շատ երևում՝ Նարեն կրտսեր եղբորից փոքր է 20 տարով, բայց տարիներ հետո այդ տարբերությունը չի զգացվի,- ասում է տիկին Նատալյան:

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՆՈՐԻՑ ԼՈՒՅՍ Է ԲԱՑՎԵԼԵրկար ու դժվարին ճանապարհ անցնելուց հետո ամուսինները ռազմաճակատում որդի կորցրած մյուս ծնողներին էլ  հորդորում են հետևել իրենց օրինակին ու մանկան նոր ճիչով կյանքի՝ նոր փուլ սկսել։

-Աստված տա՝ որդեկորույս բոլոր ընտանիքներում երեխաներ ծնվեն: Մեր դստեր ծնունդը մեզ ապրելու հույս տվեց, կյանքը նոր իմաստ ստացավ,- ասում է  հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանները հուզմունքով ու հպարտությամբ են պատմում որդու՝ առ հայրենիքն ունեցած նվիրումի ու սիրո մասին:

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՆՈՐԻՑ ԼՈՒՅՍ Է ԲԱՑՎԵԼ-Հարությունս դպրոցում շարադրություն էր գրել հայրենիքի մասին, որտեղ հետևյալ միտքը կար. «Հայրենիքը մի փազլ է, եթե բոլորս հեռանանք մեր հայրենիքից, փազլը կմասնատվի»: Սիրում էր ծառայությունը, չեմ ստի, ոչ մի բանից չէր դժգոհում, ոչ մի բանից… 24 օր կռվեց, բայց ոչ մի օր չտրտնջաց, ոչ մի  բան չասաց, չպատմեց, չդժգոհեց: «Մեր հայրենիքն է, մեր երկիրն է, մեր հողն է»: Հարությունիս բառերն են,- հիշում է մայրը:

Հովհաննիսյանների ավագ որդու անունն էլ նորօրյա պատմության էջերում կմնա ու կհիշվի որպես հավերժ զինվոր Հարություն Հովհաննիսյան։ Քաջարի մարտիկ, որ մասնակցեց Հադրութի ուղղությամբ ընթացող թեժ մարտերին, երդմանը հավատարիմ աննահանջ կռվեց՝ չխնայելով կյանքը։

Հարություն Հովհաննիսյանը հերոսաբար զոհվել է հոկտեմբերի 21-ին: Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #29 (1494) 26.07.2023 - 01.08.2023, Ճակատագրեր


31/07/2023