Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՌԻՉՔԱԴԱՇՏՈՒՄ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐՆ ԵՆ



ԹՌԻՉՔԱԴԱՇՏՈՒՄ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐՆ ԵՆՊարաշյուտային հերթական թռիչքին են պատրաստվում ռազմական համալսարանի կուրսանտները, ապագա հետախույզները:

Փորձառու հրահանգիչները ևս մեկ անգամ նրանց հիշեցնում են անվտանգության կանոնները, ազատ անկման ընթացքում գործողությունների ճիշտ հաջորդականությունը, վերստուգում ամրակցումները և անձնակազմին ուղեկցում դեպի ուղղաթիռը։

-Ուղղաթիռը բարձրանալու է մինչև 800 մ, և այդ բարձրությունից թռչելու ենք՝ կատարելով իններորդ վարժությունը՝ հատուկ հանդերձանքով ու զենքով,- ասում է կուրսանտներից մեկը:

-Նախաթռիչքային պարապմունքների ժամանակ սովորում ենք վերգետնյա պատրաստություն, օրինակ՝ ինչը պետք է անկարգելով արվի օդում, այդ ամենը սովորում ենք անել գետնի վրա: Այսինքն՝ գետնի վրա ենք ձեռք բերում հատուկ պայմաններում վայրէջք կատարելու, անկարգելը կառավարելու, ինչպես նաև վայրէջքի պահին ճիշտ դիրք ընդունելու, թե ոտքերն ինչպես գետնին կպցնել, որ մկանային ցավեր չունենաս, հմտությունները,- ասում է մյուս կուրսանտը:

-Նախաթռիչքային պատրաստությունն անցել է ամբողջ փուլով՝ որոնողափրկարարական և պարաշյուտադեսանտային պատրաստության ծառայության սպայական և հրահանգչական կազմի խիստ հսկողության ներքո: Կատարելու են թռիչքներ զենքով և առանց զենքի: Այս պարապմունքների ընթացքում բարձրանում է կուրսանտների հոգեբանական պատրաստվածությունը,- ասում է մարտավարության ամբիոնի ավագ դասախոս, փոխգնդապետ Վահե Վազյանը:

Մի քանի րոպեից ուղղաթիռը օդ է բարձրանում, առաջին պտույտը կատարում թռիչքադաշտի շուրջ։ Որոշ ժամանակ անց երկնքում, սկզբում փոքր, հետո ավելի մեծ «կետեր» են հայտնվում, որոնք աստիճանաբար վերափոխվում են տեսանելի պատկերի՝ սպիտակ անկարգելների։

Թռիչքային վարժանքից հետո կուրսանտները հետթռիչքային տպավորություններով կիսվեցին մեզ հետ:

ԹՌԻՉՔԱԴԱՇՏՈՒՄ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐՆ ԵՆ-Պարաշյուտը բացվում է թռիչքից երեք վայրկյան անց։ Թռիչքի պահին մի քիչ լարված ես լինում: Յուրաքանչյուրի մոտ էլ թռիչքի պահին լարվածություն նկատվում է, բայց հետո, երբ հասկանում ես, որ դու արդեն օդում ես, և քո անկարգելը բացված է, այդ լարվածությունն ու վախն անմիջապես անցնում են: Այդ երեք վայրկյանում էլ ադրենալինը հասնում է առավելագույնի,- ասում է առաջինը վայրէջք կատարած կուրսանտը:

-Օդում վայելում ես ազատ անկման բերկրանքը և բարեհաջող վայրէջք կատարում նախանշված վայրում: Այս վարժանքները մեզ տալիս են վստահություն մեր ուժերի հանդեպ,- ուրախ տրամադրությամբ նրան է միանում ընկերը:

-Նախաթռիչքային պատրաստությունն էլ լավ անցավ,  թռիչքն ու վայրէջքն  էլ անցան բարեհաջող: Անձնակազմը պատրաստվում է ուսումնական հաջորդ վարժանքին. դեսանտավորում ուղղաթիռից առանց պարաշյուտի, պարանի միջոցով,- ներկայացնում է փոխգնդապետ Վազյանը:

-Տրամադրությունս հերթական վարժանքից առաջ շատ բարձր է, մարտական: Պատրաստվում ենք կատարել դեսանտավորում առանց անկարգելի, պարանի միջոցով: Այս վարժությունը կատարելն ինձ համար դժվար չէ,- վստահեցրեց թռիչքի պատրաստվող ապագա հետախույզներից մեկը:

Թռիչքի վերաբերյալ անհրաժեշտ ցուցումներ ստանալուց հետո կուրսանտները հերթով բարձրանում են ուղղաթիռ և սպասում դեսանտավորման իրենց հերթին։ Այս վարժանքի նպատակն էլ անձնակազմի դեսանտավորման գործողությունները տարբեր ռելիեֆային պայմաններում հղկելն է։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #29 (1494) 26.07.2023 - 01.08.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


31/07/2023