Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ ՀՄՏԱՆՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ



ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ ՀՄՏԱՆՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄՀՀ զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկում ենք, հետևում ենք նորակոչիկների պարապմունքներին։ Ամառային զորակոչի ընթացքում զինված ուժերը համալրած երիտասարդները աստիճանաբար յուրացնում են զինվորական այբուբենը, հետագա ծառայության համար անհրաժեշտ նախնական գիտելիքներ ստանում։ Զորամասում անցկացրած ամեն օրն ավելացնում է նրանց փորձառությունն ու ինքնավստահությունը։ Խոստովանում են՝ դժվար է։ Անծանոթ միջավայր, վերկաց վաղ առավոտյան, ծանրաբեռնված պարապմունքներ՝ այս ամենին պետք է հարմարվել։ Սակայն, եթե ունես ձգտում լավ ծառայելու, բանիմաց ու մարտունակ զինվոր ու մասնագետ դառնալու, բոլոր դժվարություններն էլ հաղթահարելի են։ Նոր միջավայրին հարմարվելու գործընթացը հեշտանում է նրանով, որ ուսումնական գումարտակի սպաները մշտապես զինվորի կողքին են՝ իրենց խորհուրդներով ու փորձով։ Նորակոչիկների հետ անցկացվում են անհատական զրույցներ, ստուգողական պարապմունքներ, որոնց ընթացքում առավել հստակ ուրվագծվում է յուրաքանչյուրի հետ լրացուցիչ աշխատելու անհրաժեշտությունը։ Հարկ է նշել, որ զորամասում գործում է հոգեբանական աջակցության կաբինետ, որտեղ մասնագետներն առանձնազրույցների միջոցով պարզում են տղաների տրամադրվածությունը ծառայության հանդեպ, ճշտում նրանց բնավորության առանձնահատկությունները, խոսում հուզող խնդիրների մասին։

Առավոտյան տողանից հետո անձնակազմը մնում է շարահրապարակում. շարային պատրաստության պարապմունք է։ «Երիտասարդ մարտիկի» ծրագիրը յուրացնող տղաները նաև պատրաստվում են երդման հանդիսավոր արարողությանը։ Անցում ստորաբաժանման կազմով, զեկույց հրամանատարին և այլն՝ բոլոր գործողությունները սովորում, ապա կրկնում են հարազատների առաջ լավագույնս ներկայանալու նպատակով։ Հրամանները հստակ են, հնարավորինս հստակ է նաև կատարումը։ Ուսումնառության շրջանն է, դեռ թերանում են, բայց վստահեցնում են՝ առաջիկա օրերին բոլոր թերությունները կվերացվեն։ Այժմ արդեն շատերի շարային քայլքը հղկված է, չի տարբերվում փորձառու զինվորի քայլքից։ Սպաների և սերժանտների հրամանները կատարվում են արագ և ճշգրիտ։ Վերջին շտկումներն են կատարվում ստորաբաժանման կազմով ամբողջական ներդաշնակման նպատակով։

Սահմանված ընդմիջումից հետո դասակներից մեկը ֆիզպատրաստության ավանում է։ Ձգումներ պտտաձողի վրա, վազք, ուժային վարժություններ՝ տարբեր վարժաձևերից պարապմունքներ են ընթանում։ Բոլորն էլ գիտակցում են, որ զինվորը մասնագիտական գիտելիքների տիրապետելուց բացի, պետք է ֆիզիկապես կոփված լինի։ Տղաները մեկը մյուսին պատմում են նախորդ զորակոչերին ծառայածների մասին, ոգևորվում այնպիսի դեպքերով, երբ նույնիսկ մեկ ձգում չկատարող զինվորը ամիսների ֆիզիկական պատրաստության ընթացքում պնդացել, առնվազն 10-15 ձգում է կատարել։

Քիչ անց արդեն անձնակազմը լսարանում է։ Նրանց հետ զրուցում են զինվորական առօրյային, կարգապահությանը, զինված ուժերի կենսագործունեությանը վերաբերող տարբեր թեմաների շուրջ։ Լսարանը կրում է Հայաստանի Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի անունը, ինչն ավելի է պարտավորեցնում լավ սովորել, յուրացնել տեսական դասընթացն ու արդեն գործնական վարժանքների ժամանակ գնդապետի անվանը հարիր մասնագիտական վարպետություն ցուցադրել։

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ ՀՄՏԱՆՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄԱպագա մասնագետների ուսումնառությունը գերազանց կազմակերպելու համար ընտրվել են լավագույն սպաներն ու սերժանտները, գործընթացը նրանց ամբողջական վերահսկողության ներքո է։ Փորձառու սպաներից է ավագ լեյտենանտ Ռազմիկ Ալեքսանյանը։ Ամիսներ առաջ է տեղափոխվել մարտական հերթապահություն իրականացնող զորամասից։ Մարտական գործողություների մասնակից է, զինվորի մարտունակության, բարոյահոգեբանական վիճակի համապատասխան աստիճանի հասնելու կարևորությունը ամեն րոպե բացատրում է կուրսանտներին և անհրաժեշտ գիտելիքներ փոխանցում։

-Մեզ համար առաջնային խնդիր է հայրենիքի իսկական պաշտպան պատրաստելը, որ կարողանա իր մարտական ու մասնագիտական պատրաստվածության շնորհիվ կատարել ցանկացած բարդության առաջադրանք, անընդհատ կատարելագործվել ու ծառայության հիմնական վայրում գերազանց դրսևորել իրեն,- ասում է ավագ լեյտենանտը։

Հետևեցինք զրահատանկային գումարտակի՝ իրար հաջորդող պարապմունքներին։ Որոշ ժամանակ անց անձնակազմը՝ ըստ կարողությունների, կառանձնացվի երեք խմբի՝ տանկի կամ ՀՄՄ-ի հրամանատար, նշանառու-օպերատոր և մեխանիկ-վարորդ։ Երդման արարողությունից հետո ուսումնական գործընթացը կկազմակերպվի այդ սկզբունքով։ Իսկ մինչ այդ կուրսանտները խորացնում են ծառայության վերաբերյալ իրենց ընդհանուր գիտելիքները։

Զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ։ Տղաներն արդեն ծանոթ են բանակային կարգուկանոնին, հստակ հետևում են օրվա կարգացուցակին։ Հրամանները կատարելիս նույնիսկ պահանջվածից մի փոքր ավելի փութաջանություն են դրսևորում. ցանկանում են օր առաջ հմտանալ զինվորական գործի մեջ։

Արթուր Մարությանը Էջմիածնի Հայթաղ գյուղից է։ Ուսանել է Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցում, ապա երգի պետական թատրոնում, խաղացել ներկայացումներում։

-Մուտքը զորամաս տպավորիչ էր, միանգամից զգացվեց խստությունն ու կարգապահությունը: Մեզ շատ լավ դիմավորեցին, այնպես արագ հարմարվեցինք, կարծես մի քանի ամսվա ծառայող լինեինք։ Դեռ ծառայության այբուբենն ենք սովորում՝ շարային քայլք, զինվորի, օրապահի պարտականություններ, նոր դասերից մեկն էլ ինքնաձիգի կառուցվածքի մասին էր։ Վստահ եմ՝ ամփոփիչ քննությունների ժամանակ բարձր արդյունքներ ենք ունենալու։ Ուզում եմ մի հետաքրքիր փաստ նշել՝ զորամասի մի կողմից Արագած լեռն է երևում, մյուս կողմից՝ Արարատը, հատկապես մայրամուտից առաջ տպավորիչ տեսարան է։ Նայում ես, ոգեշնչվում, կարծես նոր ուժ ստանում ու մոռանում օրվա հոգնածության մասին, առավել լավ ես հասկանում հայրենիքի խորությունն ու հանուն նրա ծառայելու արժեքը։

Հայկ Բեջանյանն էլ Նոյեմբերյան քաղաքից է։ Որպես սահմանամերձ համայնքի բնակիչ առավել քան լավ է պատկերացնում զինվորական ծառայության անհրաժեշտությունը։ Հաճախել է Դիլիջանի արվեստի պետական քոլեջի երգեցողության բաժին։ Սիրում է երգել։ Շարային քայլելիս վաշտի երգերի կատարողը հենց ինքն է։

ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ ՀՄՏԱՆՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ-Զինվորական ծառայության ընթացքը մինչև զորակոչվելը շատ է հետաքրքրել ինձ։ Արդեն զորամասում ամեն ինչ ուզում էի միանգամից իմանալ՝ ճաշարան գնալը, մարզվելը, մյուս միջոցառումներն ինչպես են կազմակերպվում։ Իմ կարծիքով՝ չափահաս ցանկացած տղա պետք է ծառայի, որ մեր ընտանիքը, ժողովուրդը կարողանա հանգիստ ապրել, զգալ մեր պաշտպանության ուժը։ Ձգտում եմ կարգապահ լինել, լավ սովորել պարտականություններս և անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանները։ Այժմ պտտաձողի վրա 17 ձգում եմ կատարում, բայց լավ մարզվելուց հետո ավելի շատ եմ ձգվելու, ֆիզիկապես կոփվելու։

Արսեն Սահակյանը Նոր Խարբերդ գյուղից է։ Ջիվանու անվան աշուղական դպրոցում է սովորել։

-Գաղտնիք չէ, որ բանակում կոփվում, ավելի գիտակից ես դառնում, կյանքին արդեն հասուն աչքերով ես նայում։ Զորամասում անցկացրած այս մի քանի օրերի ընթացքում արդեն ես փոփոխություն զգացել եմ իմ մտածողության մեջ։

Մեծ եղբայրս ծառայել է Մարտակերտում, պատերազմի մասնակից է։ Մյուս եղբայրս էլ մոտ օրերս կզորացրվի, նա էլ մարտական գործողությունների ժամանակ վիրավորում է ստացել, ապաքինվելուց հետո շարունակել ծառայությունը։ Բոլորս էլ գիտակցում ենք՝ մեր ծնողների, հարազատների, հայրենակիցների համար ենք այստեղ։ Ուրեմն՝ պիտի գերազանց ծառայենք։

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #29 (1494) 26.07.2023 - 01.08.2023, Ազգային բանակ


31/07/2023