ՀԱՎԵՐԺ ԶԻՆՎՈՐԸ
2022 թվականի ապրիլն էր. զորամասում հանդիպեցինք շարքային Արման Ծատուրյանին:
-Այս պահին D30 հրանոթը, որը մոտ 3 տոննա է կշռում, 1.5-2 րոպեում բերում ենք մարտական վիճակի։ Այնքան ենք դա արել, որ արդեն հմտացել ենք,- ասում է Արմանը:
Նա 4 ամիս էր, ինչ ծառայում էր զինված ուժերում ու հենց սկզբից աչքի էր ընկել կարգապահությամբ, բացառիկ մտավոր ներուժով ու անսահման հայրենասիրությամբ, ինչն էլ առիթ դարձավ նրա հետ զրույցի բռնվելու։
-Հիմա դիրքերում կանգնած տղաների համար ավելի դժվար է, պետք է ավելի շատ սովորեմ, որ կարողանամ նրանց փոխարինել ու ինձ վստահված սահմանը պաշտպանել։
Եվ ինչպես երդվել էր հայկական բանակի զինվոր Արման Ծատուրյանը, այդպես էլ արեց՝ իրեն վստահված առաջնագիծը պաշտպանեց կյանքի գնով:
-Ծնված օրվանից նրա մեջ կար էդ հայրենասիրությունը, նա հայրենիքը վեր էր դասում ամեն ինչից… Միշտ ասում էր՝ եթե ինչ-որ նպատակ ես դրել, անպայման պետք է հասնես, ու ինչքան էլ դժվար լինի, պետք է հաղթահարես, թեկուզ ընկնում ես, պետք է ուժ գտնես քո մեջ ու վեր կենաս,- պատմում է մայրը:
Արմանի համար ոչ միայն սկզբունք, այլև նպատակ էր հայրենիքին օգտակար լինելը։ Ռուսաստանում բնակվելով՝ տեղի քաղաքացի դառնալու հնարավորություն ուներ, սակայն դեմ գնալով բոլոր հորդորներին՝ վերադարձավ Հայաստան ու հայրենիքում սպասեց զինվորագրվելու իր հերթին:
-Մա՛մ ջան, կներես, ես չեմ կարող, պետք է իմ հողը պաշտպանեմ,- պատմում է մայրը:
Հայրենիքը պաշտպանելու մղումն Արմանին գեներով էր փոխանցվել։ Պապիկը՝ Հայրենական պատերազմի, հորեղբայրը արցախյան ազատագրական պայքարի մասնակից էր, որոնց օրինակով էլ կրթվել ու դաստիարակվել էր: Դեռ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ չափահաս էլ չէր, Արմանն արդեն երազում էր առաջնագիծ հասնել, կռվել ու հայրենիքը պաշտպանել:
Բանակ զորակոչվելու Արմանի հերթը հասավ, երբ լրացավ 18 տարին: Գնաց վստահ ու համարձակ, խիզախ ու անվարան, ճիշտ այնպես, ինչպես վայել է իսկական մարտիկին:
-Ստացել էր էդ թուղթը, որ պետք է գնա բանակ ու ոնց էր ուրախացել: Քույրերին ասել էր՝ տեսեք-տեսեք, գնում եմ բանակ: Դա մի հպարտություն էր իր համար,- հիշում է մայրը:
-Ուսումնական զորամասում վեց ամսվա ընթացքում Արմանն արդեն ամբողջովին մարզված էր ու կոփված, զինվորական մասնագիտության մեջ վարպետացած, իր գործի իսկական գիտակ հրետանավոր էր:
Նրա հաշվարկը լավագույնն էր բոլոր առումներով, և դա Արմանն ապացուցեց 2022 թվականի սեպտեմբերին մարտի դաշտում, երբ հակառակորդը հերթական լայնածավալ ռազմական սադրանքն իրականացրեց Հայաստանի դեմ:
-Առաջին անգամ մարտի ժամանակ տեսա Արմանին ու հասկացա, թե ինչ վստահելի ու ուժեղ մարդու հետ եմ կռիվը տանում։ Նա շատ հստակ էր հրամանները տալիս եւ միանգամից վստահություն էր ներշնչում անձնակազմին: Շատ պահեր են եղել, երբ թույլ չի տվել անձնակազմը գործողությունը կատարի, այլ ինքն է արել՝ ելնելով նրանց անվտանգությունից,- պատմում է զինակից ընկերը՝ Մհեր Մկրտչյանը:
Արմանը բացառիկ հրետանավոր էր՝ իր ճարպկությամբ, հաշվարկելու ու նախանշված թիրախները խոցելու արագությամբ: Կռվի ընթացքում ուղիղ մեկ ժամ ողջ մարտի ծանրության զգալի մասն ընկած էր նրա հաշվարկի վրա. կրտսեր սերժանտ Ծատուրյանը մարտական խնդիրը կատարեց գերազանց ու մեկ րոպեում արձակեց արկերի այնպիսի քանակ, որ երբևէ հնարավոր չէր պատկերացնել ո՛չ գործնականում, ո՛չ նույնիսկ տեսականորեն:
-Արմանը հրետանու ռեկորդ սահմանեց՝ րոպեում 8 արկ կրակելով, անգամ հավատներս չէր գալիս, որ այդ նույն հրանոթը նման արագությամբ կարողանում է կրակել։ Անձնակազմին չէր թողնում, որ մոտենան հրանոթին, ինքը ինքնուրույն նշանառումը կատարում եւ ինքն էլ կրակում էր,- պատմում է փոխգնդապետ Արտուշ Հովհաննիսյանը:
-Էդ էն պահն էր, երբ ես իրեն արկեր էի տանում։ Ինձ թվում է՝ մեկ րոպեում նա 8 արկից ավելի է կրակել, մինչև 10 արկ։ Դա գրեթե անհնար էր: Հարցրել եմ, թե ինչպես է իրեն զգում, պատասխանել է՝ սրանից լավ չի եղել երբևէ,- հավելում է Մհեր Մկրտչյանը:
Իր կռվով ու կյանքի գնով Արմանն ու զինակիցները կասեցրին հակառակորդի հարձակումն ու առաջխաղացումը, որի շնորհիվ հնարավոր եղավ պահել բնագիծը, հետ բերել կորսված դիրքերը։ Իր անձնուրաց պայքարում Արման Ծատուրյանը սեպտեմբերի 14-ին հերթական համազարկն արձակելիս հայրենիքի պաշտպանության զոհասեղանին դրեց սեփական կյանքը:
Արմանը զոհվեց՝ չընկրկելով հակառակորդի դեմ։ Զոհվեց՝ հաղթանակի հույսը սրտում, զոհվեց հաղթանակած, քանի որ մարտնչեց աննահանջ ու իր կռվով ապացուցեց, որ հայրենիքն անգին է։
Կրտսեր սերժանտ Արման Ծատուրյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի։ Հուլիսի 4-ին նա կդառնար 20 տարեկան:
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Խորագիր՝ #30 (1495) 02.08.2023 - 08.08.2023, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում