ԶՈՐԱՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ԴԱՍԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐՆ ԵՆ
ՀՀ զինված ուժերում մի քանի տարի է՝ գործում է «Պատիվ ունեմ» ծրագիրը, որի նպատակը բուհական տարկետումը ապագա սպայական ծառայության հետ կապելն է։ Ծրագրի մասնակիցներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք, ուսումնառությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ: Բուհը և զինվորական պատրաստությունը սահմանված կարգով ավարտելուց հետո զորակոչված քաղաքացուն շնորհվում է լեյտենանտի զինվորական կոչում, նրա հետ կնքվում է կրտսեր սպայական կազմի պայմանագրային ծառայության անցնելու մասին պայմանագիր, և վիճակահանությամբ նա նշանակվում է ծառայության։
Հարկ է նշել, որ քաղաքացիական բուհերից զինծառայողների ներգրավումը ընդունված գործընթաց է աշխարհում: Բազմակողմանի զարգացած, կարեւոր մասնագիտություն ունեցող տղաներն իրենց գիտելիքներով նպաստում են բանակի զարգացմանն ու բնականոն կենսագործունեությանը:
Քաղաքացիական բուհերում բարձրագույն կրթություն ստանալուն զուգահեռ երկուսուկես տարի ռազմական գործը յուրացրած կուրսանտներն այսօր արդեն սպայական հաստիքների նշանակվելու համար անհրաժեշտ գործնական փորձառություն են ստանում։ Նրանց հետ անցկացվում են եռամսյա հավաքներ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և «Բաղրամյան» զորավարժարանում։ Պատասխանատու սպաները վստահեցնում են՝ բուհերում ճշգրիտ գիտություններն ու հումանիտար առարկաները, տեսական պարապմունքների և ուսումնավարժական հավաքի ընթացքում ռազմական գործը սերտած ապագա դասակի հրամանատարները նոր շունչ և որակ կհաղորդեն զինված ուժերին, կնպաստեն իրենց ստորաբաժանումների մարտունակության բարձրացմանը։
Զորավարժարանում հրաձգային դասակի և հրետանային մարտկոցի հրամանատարներն են։ Գործնական պարապմունքների առաջին փուլում կրակային պատրաստությունն է։ Անձնակազմի գործողություններին հետևում և հընթացս անհրաժեշտ ցուցումներ է տալիս համազորային ֆակուլտետի սպայակազմը։ Հրաձգության ավագ ղեկավարն է փոխգնդապետ Ա. Ավետիսյանը։ Ամեն ինչ կանոնակարգված է։ Ապագա սպաները ոչ միայն սովորում են հրամանները կատարել արագ և ճիշտ, այլ նաև իրենք են վարժվում հրամաններ տալ, անձնակազմ ղեկավարել։ Բացազատվել են տասը ուսումնական կետեր՝ 2 գործնական հրաձգության և 8 ուսումնական մարզումների համար։
Պատասխանատու սպաների ուղեկցությամբ անցնում ենք ուսումնական կետերով։ Հավաքի մասնակիցները 3 ամիս իրենց գործնական կարողություններն ու հմտություններն են ամրապնդելու։ Ծրագիրը հագեցած է, ամեն ինչ արվում է լիարժեք սպա ու մասնագետ պատրաստելու համար։ Ինչպես սպաներն են ասում՝ այժմ միայն սովորելու ցանկություն է պետք, և գերազանց արդյունքն ապահովված է։
Նշանառման ուսուցում, նշանազարկի բերման կարգը առանց մարտական հրաձգության, նռնակի նետում, դանակի նետում 3 և 6 մետր հեռավորությունից, ձգանի սահուն սեղմելն ու կայունություն ապահովելը, մի քանի ուղղություններից հակառակորդի ներխուժման դեպքում ճիշտ կրակային դիրք ընտրելը, կրակային դիրքի զբաղեցումն ու դուրս գալը, հատուկ պայմաններում մարտ վարելը և այլն՝ բոլոր թեմաներով անցկացվում են ինտենսիվ պարապմունքներ անձնակազմի հերթափոխով։
Մեկ այլ տեղամասում անձնակազմը սովորում է ականներ տեղադրել, պայթեցնել պայմանական ռազմական նշանակության տարբեր օբյեկտներ, ինժեներական տարաբնույթ աշխատանքներ կատարել։
Անհրաժեշտ հրահանգավորումից հետո տղաները մարտական հրաձգության ուսումնական վարժություն են կատարում՝ պառկած, ծնկած և կանգնած դիրքերից խոցելով անշարժ թիրախները։ Ուսումնական կետերում պարապմունքների ընդհանուր արդյունավետությունը հենց այստեղ է երևում։ Բնականաբար, առաջին անգամ արդյունքները գերազանց չեն, բայց գոհացուցիչ են։
Երեք ամիսների ընթացքում հավաքի մասնակիցները տարբեր ռազմական առարկաներ կսովորեն՝ մարտավարություն, ինժեներական ապահովում, ռազմատեղագրական, նաև տեխնիկական պատրաստություն և այլն։ Կհաղթահարեն հոգեբանական արգելագոտի, որից հետո հրաձգություն կվարեն։ Վերջնարդյունքում մենք կունենանք պատրաստված և գրագետ, անձնակազմ ղեկավարելու ունակ դասակի հրամանատարներ։
Վալերի Առաքելյանը Երևանից է, ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։
-«Պատիվ ունեմ» ծրագրին դիմել եմ իմ ժամկետային ծառայությունն առավել լավ մատուցելու համար. զինվորներ շատ կան, դասակի հրամանատարներ այժմ հայոց բանակին ավելի են անհրաժեշտ։ Վստահ եմ՝ ունեմ դասակ ղեկավարելու անհրաժեշտ ներուժը։ Դեռ շատ բան չգիտեմ, բայց սովորում եմ։ Բոլոր առարկաներն էլ իրենց առանձնահատուկ դժվարություններն ունեն, մենք անտեսում ենք դրանք։ Չէ՞ որ գիտելիք ենք ուզում ստանալ։ Մեկ անգամ կրակել եմ, եթե գնահատվելու լինեի՝ «լավ» գնահատականս ապահովված կլիներ։ Մինչև ամփոփիչ քննությունները լավ կմարզվեմ ու հաստատ գերազանց կստանամ։
Դասընթացներն ինձ համար շատ կարևոր են եղել։ Հատկապես հիշվող են սպաների հետ զրույցները տղամարդկային պահվածքի, հոգեբանության, հայ տղամարդուն հարիր հայրենասիրության մասին։ Ամենակարևորը՝ պարապմունքների ընթացքում աստիճանաբար խորացնում ես այն գիտակցումը, որ սա ազգանվեր գործ է, և հայրենիքի պաշտպանությանը պետք է շատ լուրջ վերաբերվել։ Հասկանում ես, որ մեր հողի համար պայքարող, կյանք տվող մարդկանցից մեկն ես։
Էդմոնդ Գասպարյան.
-Ավարտել եմ Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը։ Շատ հանգիստ կարող էի ծառայել երկու տարի՝ որպես շարքային զինվոր, սակայն հասկացա՝ որպես սպա շատ ավելին կարող եմ անել հայրենիքիս համար։ Հայրս զինթոշակառու է, նաև ինքն է ոգեշնչել, ուղղորդել այս ծրագրին դիմելու։ Իրականում, մինչ այս բանակից հեռու եմ եղել, անընդհատ սովորել եմ, տարբեր մարզաձևերով եմ զբաղվել, չեմ էլ կենտրոնացել զինվորական կյանքի վրա։ 2,5 տարվա ընթացքում եմ սովորել այն ամենը, ինչ գիտեմ բանակի մասին։ Թվում է, թե ժամանակը կարճ է, բայց մեզնից է կախված, թե ինչ որակի սպա կդառնանք։ Ես աշխատում եմ լավ սպա դառնալ ու պարզ ճակատով կանգնել հորս առաջ։
Աշոտ Վանոյանը ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ է։
-Ծրագիրը լավ հնարավորություններ է ընձեռում, բազմիցս մտածել եմ և համոզվել, որ ճիշտ որոշում եմ կայացրել տարիներ առաջ։ Մեր վարժարանի թիմը մասնակցում էր «Հայ ասպետ» մրցախաղին։ Առաջին փուլում հաղթելուց հետո որպես մրցանակ ճամբարի ուղեգիր ստացանք։ Արդեն ճամբարում տարբեր հավաքների, երեկոյան խարույկի շուրջ խոսակցությունների ընթացքում ծանոթացա և ընտրեցի այս ծրագիրը։ Պարապմունքները հետաքրքիր են, պայմանները՝ էքստրեմալ, բայց, կարծում եմ, սա անձնական մարտահրավեր է յուրաքանչյուրի համար, և այն պատվով հաղթահարելը հետագա դիմադրողականության, դիմացկունության հիմքն է։ Ակնկալիքներն ու իրականությունը մի քիչ տարբերվում են, ինչպես ցանկացած հարցում, բայց ես զինված ուժերում եմ, ուժերիս առավելագույն լարումով ձգտելու եմ հասնել նպատակներիս իրագործմանը։ Ուժեղ մարդն է ունակ փոխելու իր կյանքը։ Ես ինձ ուժեղ մարդ եմ համարում։ Վստահ եմ իմ ուժերին, հաղթահարելու եմ բոլոր դժվարությունները՝ դուրս գալով քաղաքային հարմարավետ պայմաններից։
Ամիսներ անց՝ որպես ավելի պատրաստված, կայացած մարդ, կուղևորվեմ զորամաս։
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #30 (1495) 02.08.2023 - 08.08.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում