Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊՐԵԼՈՒ ՆՈՐ ՈՒԺ



ԱՊՐԵԼՈՒ ՆՈՐ ՈՒԺԱվագյանների ընտանիքում շուրջ երեք տարի կանգ առած կյանքը շարունակվեց… Լույս աշխարհ եկավ 44-օրյա պատերազմի հերոս Կարեն Ավագյանի եղբայրը՝ կրտսեր Կարենը։

-Կարենս մեր տան մինուճարն էր։ Նրանից հետո, կարելի է ասել, մենք չէինք ապրում, մեր տան լույսն ամբողջովին մարել էր, տան պատերը սառել էին…  Որոշեցինք, որ ապրելու ուժ, հույս ու լույս ունենալու համար մեզ երեխա է պետք,- ասում է Կարենի մայրը՝ Նելլի Ավագյանը։

Պատերազմը Ավագյանների ընտանիքից խլեց միակ զավակին։ Ծանր ու երկարատև հոգեբանական ապրումները, բազում առողջական խնդիրները  դժվարությամբ հաղթահարելուց հետո Ավագյանները որոշեցին, որ եթե կյանքը շարունակվում է, ուրեմն պետք է ամեն ինչ սկսել նորից։

-Գիտեք՝ տանը պիտի մամա, պապա ասող լինի, իսկ մենք չունեինք՝ Կարենս միակն էր, մեր մինուճարը… Որոշեցինք, որ պիտի պայքարենք, ու Կարեն ունենանք, պիտի վերածնվի Կարենս… Մեր լավ բժիշկների օգնությամբ ոտքի կանգնեցի, առողջությունս որոշ չափով վերականգնեցի… Ու, փառք Տիրոջը, Կարենս եկավ,- պատմում է մայրը։

Հղիության 9-ամսյա ճանապարհը նույնպես առանց բարդությունների չի ընթացել, անկեղծանում է տիկին Նելլին։ Իր հուզական վիճակը, ապրումները անընդհատ նոր խնդիրներ էին առաջ բերում, բայց նորից մայրանալու աննկարագրելի մեծ ցանկությունն ու պայքարը ի վերջո հասցրին երազանք դարձած նպատակակետին։ Ծնվեց Կարեն Ավագյանը։

-Դուք չեք պատկերացնի՝ ինչքան է փոխվել մեր կյանքը… Փոքր Կարենը մեզ լրիվ փոխեց, մեր դեմքին նորից ժպիտ եկավ, մեզ ապրելու իմաստ տվեց,- արդեն ժպիտով ասում է տիկին Նելլին։

Կյանքը հանուն հայրենիքի չխնայած Կարեն Ավագյանի բազմաթիվ երազանքներ անկատար մնացին, որոնց կրողն ու ի կատար ածողը նորածին Կարենն է լինելու։ Կյանքի շարունակության ու վերածննդի գաղափարը հենց նա է մարմնավորում Ավագյանների ընտանիքում։

ԱՊՐԵԼՈՒ ՆՈՐ ՈՒԺ-Ամեն բացվող օր փոքր Կարենիս պարտադիր բերում ենք եղբոր սենյակ, նկարների հետ խոսում ենք, բարի լույս ասում… Երեկոյան էլ ամենահանգիստը հենց եղբոր սենյակում է քնում,- պատմում է մայրը։

Ընդգծելով այն դաժան ու ծանր ճանապարհը, որի միջով իրենք են անցել ու կրկին ոտքի կանգնել, տիկին Նելլին նաև մյուս որդեկորույս ծնողներին է հորդորում՝ հետևել իրենց օրինակին ու ոչ մի պարագայում չհանձնվել։

-Մեզ նման ծնողներին խորհուրդ կտամ միայն պայքարել… Պայքարեն, որ զգան այս քաղցրությունը,- արցունքների միջից հորդորում է տիկին Նելլին։ -Մենք չենք մոռանա մեր հերոս որդիներին, դա անհնար է, բայց մենք պիտի այս փոքրիկներով ապրենք… Փոքր Կարենս իր եղբոր նման թող լինի՝ քաջ ու բարի,- շարունակում է տիկին Նելլին՝ շեշտելով՝ Կարենը խիզախ էր և հայրենասեր ու բանակ էր  զորակոչվել մեծ ոգևորությամբ։ Ծառայում էր Ջրականում։ Մի քանի ամսվա զինվոր էր, երբ սկսվեց պատերազմը։ Ծնողներին հավատացրել էր, թե, իբր, հեռու է առաջնագծից, մինչդեռ ամենաթեժ ուղղություններում մարտական խնդիրներ էր կատարում։ Պարբերաբար զանգում էր ծնողներին ու հանգստացնում՝ ամեն ինչ լավ է։

-Վերջին անգամ տղաս զանգեց հոկտեմբերի 16-ին։ Ասաց՝ մա՛մ, ի՞նչ ես անում։ Ասացի՝ աղոթում եմ։ Ասաց՝ մեր բոլոր զինվորների համար աղոթիր։ Ասացի՝ հենց էդպես էլ անում եմ, միայն դուք եկեք, հասեք մեզ… Այդ գիշեր հրադադար եղավ… Հոկտեմբերի 17-ին՝ հոր ծննդյան օրը, զոհվեց… Կարենիս վերջին խոսքերն էին՝ «Աղոթիր մեր բոլոր զինվորների համար… Պաչում եմ քեզ, մա՛մ»:

Ռազմաճակատում ցուցաբերած արիության և խիզախության համար Կարեն Ավագյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #31 (1496) 09.08.2023 - 15.08.2023, Ճակատագրեր


14/08/2023