ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆ
Անդատապարտ շառաւիղ.
Վերաբուսեալ յարմատոյն յեսեայ.
զքեզ եսայիաս կանխաւ վերագոչեաց
եօթնարփեան շնորհաց հոգւոյն ընդունարան գոլ`
Աստուածածին եւ կոյս. զքեզ մեծացուցանեմք»:
Մովսես Խորենացի
Սուրբ Աստվածածնի շարական
Ամեն տարի օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Աստվածածնի Ննջման և Վերափոխման տոնը: Այն տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։
Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո։ Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով այցելել է իր Որդու գերեզմանին ու անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր՝ երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը։ Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Կույսին տվեց բրաբիոնի մի պսակ, որը հյուսել ու բերել էր դրախտից և այն դրեց սուրբ Աստվածածնի գլխին։ Վերջինս իր երկրային աշխարհից հեռանալու լուրը հայտնում է ազգականներին ու առաքյալներին` պատվիրելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Ս. Կույսը նաև պատվիրում է Հովհաննես Առաքյալին, որ վերջինս Ս. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Ս. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Աստվածամայրը գնում է Վերնատուն: Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննեսը վերցնում է մի տախտակ ու տալիս Աստվածածնին և խնդրում, որպեսզի նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցնում է տախտակը, խաչակնքում և դնում երեսին, այնուհետև թրջում այն իր արցունքներով և խնդրում Աստծուց, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն իրենց ախտերից և զանազան հիվանդություններից: Հետագայում այն հայտնի դարձավ որպես Տիրամոր անձեռակերտ պատկեր: Երբ առաքյալները շրջապատում են Տիրամոր մահիճը, աննկարագրելի մի լույս է երևում: Սենյակի վերևում երևում է Քրիստոս` հրեշտակների զորքերով: Տեսնելով իր Որդուն` Աստվածամայրն ավանդում է հոգին: Ս. Կույսի երկրային կյանքի վախճանը Եկեղեցին «ննջում» և ոչ թե «մահ» բառով է որակում` հասկանալի դարձնելու համար նրա երկինք փոխադրված լինելը:
Հուղարկավորությանը բացակա Ս. Բարդուղիմեոս Առաքյալը վերադառնալով Երուսաղեմ՝ ցանկանում է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Սակայն երբ առաքյալները նրա խնդրանքով բացում են գերեզմանը, այլևս չեն գտնում Ս. Կույսի մարմինն այնտեղ: Այդ նշանակում էր, որ Հիսուս իր խոստման համաձայն երկինք էր փոխադրել իր Մորը: Առաքյալներն էլ փայտի վրա դրոշմված պատկերը տալիս են Բարդուղիմեոսին՝ որպես մխիթարություն:
Համաձայն Մովսես Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատության՝ Բարդուղիմեոս առաքյալը Տիրամոր անձեռակերտ պատկերը իր հետ բերում է Հայաստան և զետեղում Վասպուրական նահանգի Անձևացյաց գավառի Դարբնոց կոչված վայրում, ուր հետագայում ի պատիվ Աստվածամոր կառուցվում է եկեղեցի և կոչվում Հոգեաց վանք (Հոգվոց վանք, Հոգոց վանք): Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո Գրիգոր Լուսավորիչը Հոգեաց վանքում կառուցում է Սուրբ Սիոն եկեղեցին, ուր, ըստ ավանդության, ամփոփվում են Տրդատ Մեծի, Աշխեն թագուհու, Խոսրովիդուխտ արքայադստեր աճյունները։ Վանքը խոնարհվել է 1915-ին, իսկ Տիրամոր անձեռակերտ պատկերը համարվում է կորսված:
Վերափոխման տոնի օրը՝ Ս. Պատարագից հետո, կատարվում է խաղողի օրհնության կարգ, և ապա օրհնված ողկույզները բաժանվում են ժողովրդին:
Խաղողօրհնեքի խորհուրդը
Համաձայն Աստվածաշնչի՝ երկրային դրախտից արտաքսվելուց հետո մարդը իշխան էր կարգված ամբողջ երկրի վրա, ուստի նրա անիծվելով՝ անիծվում է նաև նրա ամբողջ իշխանությունը, այսինքն՝ ամբողջ երկիրը իր կենդանիներով ու բույսերով հանդերձ: Իսկ երբ, Քրիստոսի գալստյամբ, կրկին օրհնվում է մարդկային բնությունը, ապա վերստին օրհնվում են նաև բոլոր արարածները և արարչությունը: Սակայն բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այս խոսքի. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1): Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը էտելով որթատունկը՝ այն պտղաբեր անի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի: Այնուհետև գինին՝ խաղողի արյունը, Միածին Որդին Իր փրկական Արյան նյութն արեց և Վերնատանը Իր ձեռքերի մեջ վերցնելով՝ օրհնեց՝ ասելով. «Սա է Նոր ուխտի Իմ Արյունը» (Մատթ. ԻԶ 28), որով մենք գնվեցինք ու ազատվեցինք մեղքերի ծառայությունից ու մահից:
Այդպիսով՝ խաղողը կրկնակի օրհնության արժանացավ՝ օրհնվելով և՛ առաջին արարչության ժամանակ, և՛ երկրորդ, որը և ամեն տարի որպես մեր հանդերի ու այգիների երախայրիք նվիրում ենք Աստծուն, ինչպես հնում էր ընդունված, որպեսզի այդ մասնավոր ընծայով բոլոր պտուղները օրհնություն ընդունեն:
Այդ պատճառով էլ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, պատարագից հետո, կատարվում է Խաղողօրհնեքի արարողությունը, որի ժամանակ սարկավագի քարոզով գոհանում ենք բարերար Աստծուց, մեզ առատապես պարգևած՝ հանդերի ու այգիների բերքի համար և խնդրում, որպեսզի Նա օրհնի տաճարին ընծայված խաղողի այս պտուղներն Իր սկզբնական օրհնությամբ և շնորհի մեզ որպես գինի ուրախության և կերակուր առողջության՝ հոգու և մարմնի: Միաժամանակ դիմում ենք Սուրբ Աստվածածնի բարեխոսությանը, որի միջոցով մեզ տրվեց կյանքի և անմահության Պտուղը՝ Հիսուս Քրիստոս:
ԱՐԹՈՒՐ սարկավագ ԱՐԱՄՅԱՆ
Խորագիր՝ #31 (1496) 09.08.2023 - 15.08.2023, Հոգևոր-մշակութային