Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԴՈՒՄ «ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ



ԵՐԴՈՒՄ «ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄՓոքր-ինչ հուզված, սակայն խրոխտ քայլերով նորակոչիկները հերթով մոտենում են հրամանատարներին և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում երդվում անձնվիրաբար ծառայել Հայրենիքին:

Շաբաթներ առաջ զինված ուժերի շարքերը համալրած տղաներն այսօր արդեն իրենց  հարազատներին են ներկայանում՝ որպես ազգային բանակի զինվորներ:

Մինչ զինվորները մեկը մյուսի հետևից երդվում են, հարազատները փորձում են գտնել զավակներին ու տեսախցիկներով արձանագրել հիշարժան օրվա ակնթարթները:

Զավակի  զինվորական երդման արարողությանը ուշիուշով հետևող Արմեն Խալաթյանը  նկատում է՝  բախտ է վիճակվել կրկին ապրելու հպարտության անբացատրելի զգացումը. երկրորդ որդին է համալրում բանակի շարքերը։

-Թող բոլոր տղաները բանակ գնան, զգան Հայրենիքին ծառայելու  քաղցրությունը, իրենց երկիրը զգան։ Հայրենիքի պաշտպանությունն այսօր շատ կարևոր է։ Եթե մեր երկիրը, մեր բանակը հզոր լինի, երկինքն էլ մեր գլխավերևում խաղաղ կլինի։

Ամուսնու հետ համամիտ է և նույն վստահությունն է հայտնում տիկին Արմինեն։

-Բանակն է, որ պետք է խաղաղ պահի մեր Հայաստան աշխարհի սահմանները։ Իհարկե, հուզվում ենք, արդեն սկսում ենք կարոտել մեր տղաներին, բայց, միևնույն ժամանակ, վստահ ենք, որ միմիայն ամուր բանակը կարող է ելք ապահովել մեր այսօրվա բարդ իրավիճակից։

Տիկին Մարինեն աչքը չի կտրում շարքում զգաստ կանգնած  որդուց:  Ասում է՝ խոսքեր չի գտնում նկարագրելու այն, ինչ է զգում զինվոր զավակին  նայելիս.

-Այս պահին հուզմունք, միաժամանակ հպարտություն եմ ապրում. Հայաստանի Հանրապետությանը ծառայել պատրաստվող զավակ ունեմ։

Նույն՝ անսահման հպարտության զգացմունքն է ապրում նաև Սահակը:

-Ցանկացած ծնող էլ հպարտ է, որ իր տղան գնում է, ծառայում, պաշտպանում իր Հայրենիքը։ Սա մեր բոլոր որդիների պարտքն է; Առանց բանակի, առանց սահման պահելու Հայրենիքը գոյություն չի կարող ունենալ։

44-օրյա պատերազմի ընթացքում անմահացած մարտական ընկերոջ շիրմին է մոտենում և նրա հիշատակին ծաղիկներ է խոնարհում Վանո Խալաթյանը:

-Պատրաստակամ, հարահաս էր ընկերս։ Եթե մեկն իր օգնության կարիքն ունենար՝ պատրաստ կանգնած էր:- Հետո, ի մի բերելով մտորումներն ու անդրադառնալով «Եռաբլուրում» վերջին հանգրվանը գտած տղաների ոգեղեն ներկայությամբ իր կրտսեր եղբոր այսօր տված երդմանը, հավելում է,- եղբայրս այսօր այստեղ է՝ երդում տալու՝ շարունակելու իր մեծ եղբայրների, մեր ընկերների սրբազան գործը, ցույց տալու, որ մենք անպարտ ենք, ուժեղ, երբեք չենք հանձնվում։

Րոպեներ անց հայրենիքի անմահացած պաշտպանների շիրմաքարերին են մոտենում և իրենց հարգանքի տուրքն են մատուցում նաև զինվորական երդում տված տղաները։

Եվս մի ակնթարթ, և զենքերը հանձնած, արձակուրդայինները ստացած զինվորները միանում են հարազատներին։ Բոլորը շտապում են զավակներին փոխանցել  իրենց ուրախությունն ու բարեմաղթանքները։

-Տղա՛ս, ցանկանում եմ, որ միտքդ բազկիդ պես ամուր ու ճկուն լինի,- ձեռքը դնելով որդու ուսին՝ ասում է Համլետ Մուրադյանը:- Դուք մեր պաշտպաններն եք, տղա՛ս։ Ամո՛ւր եղեք, պատվով ծառայեք ու անվնաս վերադարձեք ձեր օջախները։

ՆԵՐՍԵՍ  ԻՎԱՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՎՈԼՈԴՅԱ ՏԵՐ-ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԻ

Խորագիր՝ #31 (1496) 09.08.2023 - 15.08.2023, Ազգային բանակ


14/08/2023