20-ԱՄՅԱ ՀԱՎԵՐԺ ԶԻՆՎՈՐԸ
Արման Աղվանյանը 44-օրյա պատերազմի քաջարի մարտիկներից էր: Շատ երազանքներ ուներ, սակայն հայրենիքը նրա համար ամեն ինչ էր, և իր աննահանջ կռվով ու պայքարով Արմանն ընդմիշտ զինվոր մնաց։ Ծնունդով Վանաձորից էր։ Ինչպես հարազատներն են պատմում, մանկուց անհագուրդ սեր ուներ ուսման հանդեպ, նաև անսպառ եռանդով միաժամանակ հաճախում էր 6 տարբեր մարզաձևերի, ձգտում կատարելագործել իր ֆիզիկական ու մտավոր ունակությունները:
Մայրը՝ Գայանե Դավթյանը, հիշում է, որ Արմանը դեռևս փոքր տարիքից կազմավորված բնավորություն ուներ, նպատակասլաց էր, կամային: Կարողանում էր լսել մարդկանց ու գնահատել: Բոլոր մարզաձևերից առավել շատ ժամանակ էր հատկացնում հունահռոմեական ըմբշամարտին, մինչեւ ծառայության մեկնելը մի շարք հաջողությունների էր հասել։ Ընտրել էր նաև իր կյանքի ուղին, երազում էր իրավաբան դառնալ եւ արդեն արել էր առաջին քայլն այդ ճանապարհին՝ գերազանց գնահատականներով բուհ էր ընդունվել։
Տատը՝ Մանուշակ Գրիգորյանը, կարծում է, որ Արմանը կարող էր լավ վիրաբույժ դառնալ, սրտաբան, բայց նա իրավաբանությունն ընտրեց: Գուցե պատճառն այն էր, որ, ինչպես մայրն է նշում, Արմանը չէր սիրում անարդարություն և իր մասնագիտությամբ ցանկանում էր պայքարել դրա դեմ:
Հայրենիքը նրա համար ամեն ինչ էր: Երբ 16 տարեկանը լրացավ, ծնողները նրան տարան Մոսկվա, բայց մեկ ամիս մնալուց հետո ասաց՝ տնից լավ տեղ չկա, ու վերադարձավ Հայաստան:
-Արմանը Հայրենիքը անսահման էր սիրում,- հիշում է տատը,- ասում էր՝ անպայման հայոց բանակում եմ ծառայելու։
Արմանը ծառայության անցավ 2019 թվականին։ Սկզբում ուսումնական զորամասում կրթվեց ու կոփվեց որպես տանկիստ, ջոկի հրամանատար, այնուհետև տեղափոխվեց պաշտպանական շրջաններից մեկը։
Հրամանատարի բնութագրմամբ՝ Արման Գրիգորյանը շատ լավ էր ծառայում, բոլոր հրամանները սիրով կատարում էր, ընկերասեր էր, բոլորին օգնում էր:
Կրտսեր սերժանտ Արման Աղվանյանը ծառայության մեկուկես տարվա ընթացքում հասցրել էր լիարժեք տիրապետել ռազմական տեխնիկային, հմտանալ զինվորական գործում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նրանց տանկային ստորաբաժանումը մարտական խնդիր է ստանում՝ տեղակայվել ռազմաճակատի գծում։
Ընտանիքի անդամներին համոզել էր, որ իրենք կռվին չեն մասնակցում, մինչդեռ հենց այդ նույն ժամանակ արդեն առաջադրանք էր ստացել՝ իր անձնակազմով տեղափոխվել Ջրական ու մարտ վարել։ Այստեղ էլ հոկտեմբերի 9-ին իր մարտական միավորով մխրճվեց հակառակորդի զորաշարքերը՝ մղելով իր վերջին կռիվը։
Զինակից ընկերը՝ Մհեր Բոթոյանը, հպարտությամբ է խոսում Արմանի մասին:
-Իմ տանկի հրամանատարն էր։ Մեզ դուխ էր տալիս պատերազմի ժամանակ, ասում էր՝ չվախենաք թշնամուց:
Արման Գրիգորյանն էլ վստահ է, որ Արմանը իր մարտական առաջադրանքը շատ լավ է կատարել, կարողացել է զգալի կորուստներ պատճառել թշնամուն: Ոչ մի պահ չի երկնչել, հայրենիքին պարտքը հատուցել է անմնացորդ, իր կռիվը մինչև վերջ մղել։
Զոհվելուց մեկ օր առաջ էլ իր վերջին զանգի ընթացքում մի վերջին խնդրանքով էր դիմել տատիկին։
-Զանգեց, ասաց՝ տա՛տ, երգի՛, ասացի՝ տղե՛ս, սիրտ չկա: Պնդեց: Ու երգեցինք երկուսով:
Արմանն իր նպատակներից մեկին հասավ՝ անձնվիրաբար պայքարեց հանուն հայրենիքի պաշտպանության։ Արման Աղվանյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի։ Օգոստոսի 10-ին նա կդառնար 23 տարեկան, բայց բոլորի հուշերում մնաց 20-ամյա հավերժ զինվոր։
ԼԱՈՒՐԱ ՄԱՄՅԱՆ
Խորագիր՝ #32 (1497) 16.08.2023 - 22.08.2023, Ճակատագրեր