Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ Է



ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ Է-Հայաստանը մեր Հայրենիքն է, մեր ծնողը, որին կյանքով ենք պարտական։ Մենք այստեղ ենք նորից ճանաչել ինքներս մեզ, վերագտել մեր ինքնությունը,- ասում է Ռզգո Սարհանգյանը, որ Երկրապահ կամավորականների շարքերն անցնելով, մասնակցել էր Արցախյան առաջին պատերազմին։ 2020 թ. 44-օրյա պատերազմում կրկին կամավոր ճակատ էր մեկնել՝ ստանձնելով հայ-եզդիական վաշտի հրամանատարի պաշտոնը։ Հիմա էլ պատերազմներով անցած ռազմիկը իր ընկերների հետ պարբերաբար դիրքերում է լինում, մարտական հերթապահություն է իրականացնում զինվորների կողքին։

 

-Մեր զինվորները շատ հզոր են,- ասում է Ռզգոն,- տղաների աչքերում այսօր էլ եմ տեսնում Հայրենիքը պաշտպանելու ուժը, կամքն ու պատրաստակամությունը։ Շատ են ոգևորվում, երբ պատերազմով անցած մարդիկ իրենց կողքին են կանգնում։

…Բախտակից ժողովուրդներ լինելն է նաև հայերին և եզդիներին իրար կապող, ամրապնդող բարեկամության հիմքը։ Եզդի ազգը իր պատմության ընթացքում բազմիցս ցեղասպանությունների է ենթարկվել։ Վերջինն ինը տարի առաջ էր՝ օգոստոսի 3-ը Իրաքի Շինգալի ավելի քան 10000 սպանված եզդիների հիշատակի օրն է։

-Մենք՝ եզդիներս, մեսրոպյան գրի միջոցով ենք տառաճանաչ դարձել ու ծանոթացել մեր պատմությանը։ Սիրիայում և Իրաքում ապրող մեր հայրենակիցներն այսօր զրկված են անգամ սեփական լեզվով խոսելու և գրելու հնարավորությունից։ Հայաստանում մենք ամուր համայնք ունենք։ Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում գտնվող եզդիական «Տաուսե Մալաք և յոթ հրեշտակներ» տաճարն իր վեհությամբ ու մեծությամբ աշխարհում ամենամեծն է։

Վերջերս ադրբեջանական քարոզչամեքենան մի տեսանյութ էր շրջանառում, որում ներկայացնում էին, իբր, եզդիներին այստեղ ճնշում են։ Ադրբեջանցիները միշտ էլ իմացել են մեր մարտական եղբայրության զորությունը և փորձել են մեր ազգերի միջև սեպ խրել։ Բայց եզդիի ու հայի եղբայրությունը արյամբ է կնքված, ու ոչ ոք չի կարող այն խաթարել։ Մեր հաղթանակի ամենակարևոր գրավականը միասնականությունն է։

Հայերի համար ճակատագրական ժամանակաշրջաններում եղբայրական եզդի ժողովուրդը միշտ թև ու թիկունք է եղել։ Այսպես էր, օրինակ, 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, երբ Շեյխ Միրզայի և քահանա Պողոսի զորաբանակները քաջագործության հրաշքներ են ցույց տվել։

Այսպես էր նաև 1918 թվականի Սարդարապատի և Բաշ Ապարանի հերոսամարտերի ժամանակ, երբ Ջհանգիր աղայի և Ուսուբ Բեկի գլխավորությամբ եզդիական զորաջոկատները մասնակցեցին և հայկական զորախմբերի հետ կերտեցին մայիսյան հաղթանակները։

Նույնն էր նաև Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, 2016 թ. քառօրյա մարտական գործողությունների օրերին և 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ եզդի զինվորները կռվեցին՝ հայերի հետ ուս ուսի:

Ռզգո Սարհանգյանը մեծացել է բազմազավակ ընտանիքում՝ վեց եղբայր, երեք քույր, իրենց քրտինքով օրվա խնդիրները լուծող ծնողներ։ Արցախյան շարժման սկզբում Ռզգոյի ավագ եղբայրը՝ Ուսուբ Սարհանգյանը, որ առավել հայտնի է եզդի Լիլո մականունով, շինջոկատի կազմում մեկնել է Արցախ։ Լսել էր Բաքվում, Սումգայիթում հայերի ջարդերի մասին ու որոշել՝ պետք է կանգնել արցախահայության կողքին՝ պաշտպանելու իրենց հողում անվտանգ ապրելու նրանց իրավունքը։ Եզդի Լիլոն լեգենդար կերպար է եղել։ Մարտավարական անսովոր խորամանկությունների է դիմել, որոնց մասին հիմա ժպիտով են հիշում:

-Գիշերով միայնակ մտել էր ադրբեջանական գյուղ, էշի քուռակին թողել, իսկ մայր էշին սկզբում դուրս էր բերել գյուղից, ապա վրան կախել էր լապտերներ, լուսարձակող սարքեր ու գյուղ բաց թողել։ Էշը զռռալով գյուղամիջով վազել էր դեպի քուռակը։ Բնակիչները հանկարծակիի գալով, չհասկանալով՝ ինչ է կատարվում, խուճապի էին մատնվել։

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ ԷՄի օր էլ սարից դեպի ադրբեջանական գյուղ ձգվող առվակի մեջ բենզին էր լցրել ու կրակ տվել։ Գյուղի բնակիչները ահաբեկված սկսել էին հեռանալ գյուղից, թե՝ «Հայերը լազեր են օգտագործում, փախե՛ք»։

-1990 թվականից էլ ես հետևեցի եղբորս օրինակին։ Մասնակցել եմ Հադրութի գյուղերի պաշտպանական մարտերին, այնուհետև՝ Քարվաճառի, Օմարի համար մղվող մարտերին։ Պատիվ եմ ունեցել ռազմի դաշտում այնպիսի ընկերներ ունենալու, որ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը», «Խոդեդան» գրքերի հերոսներին էին ինձ հիշեցնում։ Մերոնք միաժամանակ և՛ զենքով էին կռվում, և՛ հող էին մշակում, և՛ պատերազմի արդյունքում քանդված տներն էին վերանորոգում։

2020 թ. պատերազմի ժամանակ կազմավորվեց հայ-եզդիական վաշտը, որի հրամանատար նշանակվեց Ռզգո Սարհանգյանը։ Տարբեր տեղամասերում շատ հաջողություններ են ունեցել ու նաև՝ ցավալի կորուստներ… Հիշում է բոլորին, դժվարությամբ խոսում նրանց մասին:

-Քաջարանցի մի տղա ունեինք՝ Արմեն Առաքելյանը: 2016 թ. Մատաղիսի, Թալիշի հատվածում էր կռվել, «Արիության» մեդալի արժանացել: Ընկերների հետ որոշել էր կամավորագրվել,- վերհիշում է Ռզգոն: -Արմենը եկել էր իր մեքենայով, որը մեզ լավ ծառայեց։ Ցանկացած բարդության խնդիր կատարում էր առանց մի ավելորդ բառ ասելու: Մի օր հակառակորդի ականանետի կրակի տակ ընկանք: Զոհեր ունեինք, վիրավոր, որին պետք էր շտապ բուժկետ հասցնել։ Արմենին վստահեցի այդ գործը։ Նրա առաջնորդությամբ տղաներն անմիջապես բարձրացան դիրքը, զոհվածներին, նաև վիրավոր զինվորին բերեցին, փրկեցին տղայի կյանքը։ Ու այդպիսի դրվագները բազմաթիվ են: Արմենը շատ քաջ տղա էր… Ռզգոն հուզմունքը դժվարությամբ է զսպում. Արմենը պատերազմի ամենացավալի կորուստներից էր: Հերթական հրետակոծության ժամանակ մահացու բեկորային վիրավորում էր ստացել։

Առանձնահատուկ ջերմությամբ է հիշում գնդապետ Գեղամ Գաբրիելյանին: Իր գնահատմամբ՝ բացառիկ զինվորական էր։ Անընդհատ շարժման մեջ էր. մի դիրքից մյուսն էր գնում, վերահսկում իրավիճակը:

-Հոկտեմբերի 6-14-ն ընկած ժամանակահատվածում մարտերը մեզ համար շատ հաջող էին ընթանում։ Գերազանց էր աշխատում մեր հրետանին, տեսնում էինք, թե ինչպես էր փախչում թշնամին։

Հոկտեմբերի 14-ի հերթափոխին Ռզգոն պետք է դիրքերից իջներ: Գեղամ Գաբրիելյանը խոսել էր նրա հետ, ասես ինչ-որ վատ բան էր կանխազգում. «Ռզգո՛ ջան, լավ կլինի՝ մնաս»։ «Պիտի գնամ, բայց անպայման հետ կգամ»։ «Երբ գաս, ես արդեն չեմ լինի…»։ Զայրացել էր Ռզգոն. «Չհամարձակվե՛ս մտքովդ անգամ նման բան անցկացնել»։ Օրեր անց Հավսլու-Իշխանաձորի ճանապարհին ադրբեջանցիների տանկային հարձակումը կասեցնելիս Գեղամ Գաբրիելյանը զոհվեց…

Իսկ իրենք մարտադաշտ վերադառնալուց հետո արդեն այլ բնագիծ էին պահում…

Պատերազմը հիշելիս Ռզգոյի աչքերում խորը թախիծ կա. իր ուզած հունով չընթացավ, Հայրենիքի խաղաղությունն էլ դեռ հաստատուն չէ։ Սակայն վստահ ասում է՝ ամեն անգամ, երբ Հայաստան աշխարհի անդորրը վտանգվի, մեր եզդի եղբայրները հային հավասար կկռվեն Հայրենիքի համար։

 

***

 

Ազատամարտիկ Սոս Դավթյան.

-Ռզգոյին ծանոթ եմ 2020 թվականից։ Հարգված ու սիրված, յուրահատուկ անձնավորություն է։ Խոսք կա, չէ՞. «Մեծերին մեծարելը մեծություն է»։ Մեծ սիրով ու հարգանքով եմ խոսում Ռզգոյի մասին, քանի որ ինձ համար նա իսկապես բացառիկ կերպար է։ Ռզգոն հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության լավագույն մարմնավորումն է։ Մարդուն լսելու, գնահատելու, ճանաչելու յուրահատուկ ունակություն ունի, որ նրան օգնում է ենթակաների հետ ճիշտ հարաբերություններ հաստատել: Լրջախոհ, պատասխանատու, ընկերության համար ոչինչ չխնայող մարդ է։ Հպարտ եմ, որ նման ընկեր ունեմ՝ մարտական ընկեր։

 

Փոխգնդապետ Աբաջյան.

-Մեծատառով մարդ է Ռզգոն, մեծ հայրենասեր։ Նրա ստորաբաժանումը շատ կարևոր հատված էր պահում Որոտանից Խնձորեսկ տանող ճանապարհին։ Իր գիտելիքներով, ոգու ամրությամբ չի զիջում հմուտ ու արհեստավարժ շատ զինվորականների։ Ուրախ եմ, որ մեր սերունդներն իմանալու են նման մարդու մասին, փորձելու են նմանվել նրան։

Ժամը մեկ կապի ստուգում էինք անում։ Եթե մի րոպե ուշանայի, անմիջապես անհանգստացած կապի էր դուրս գալիս, մարտական ծածկանունս էր տալիս. «Ռզգոն է. ո՞նց ես ընդունում»։ «Ընդունում եմ գերազանց»,- պատասխանում էի ջերմորեն։

Մարտադաշտում առաջին հանդիպման ժամանակ գործս ավարտեցի, զրուցում էինք: Մի երիտասարդ մոտեցավ, եզդիերեն ինչ-որ բան ասաց։ Ռզգոն հայերենով զայրացած խոսեց. «Գարիկը մեր ախպերը, ընկերն է։ Ինչո՞ւ ես եզդիերեն խոսում, գաղտնի՞ք ես ասում»։ Տղան, որ Ռզգոյի եղբորորդին էր, մեղավոր տոնով դարձավ ինձ. «Հոպա՛ր ջան, հարցնում էի՝ սուրճ դնե՞մ ձեզ համար»։

 

Գնդապետ Պողոսյան.

-Ռզգոյին հանդիպել եմ 2020 թ. հոկտեմբերի 6-ին Ջրականի մատույցներում։ Առաջին իսկ հայացքից Ռզգոն շատ դրական տպավորություն թողեց։ Հիանալի գիտեր հայոց պատմությունը, առանձնանում էր իր կազմակերպվածությամբ: Նրա ստորաբաժանման կազմում հայեր ու եզդիներ կային։ Հաճախ էր ասում. «Մեր Հայրենիքն է, ոչ մի տարբերություն, միասին պետք է պաշտպանենք»։ Հրամանատարը պետք է հռետորական արվեստի տիրապետի. կարողանա ոգևորել, համախմբել, իր ետևից տանել անձնակազմը։ Ռզգոն այդպիսին է։ Հիշում եմ՝ ինչպես էր զորքին տրամադրում. «Հայրենիքը մեծագույն արժեք է, դրանից թանկ բան չկա։ Ամեն հետքայլ ավելի ու ավելի է բարդացնելու մեր խնդիրը, թշնամուն ավելի է մոտեցնելու մեր տան շեմին…»։

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ՍՈՍ ԴԱՎԹՅԱՆԻ

Խորագիր՝ #32 (1497) 16.08.2023 - 22.08.2023, Բանակ և հասարակություն


21/08/2023